17:18  ,  22 հունիսի, 2013

Կարեն Աղամալյան. Ունիվերսիադայում մեդալի ակնկալիք միանշանակ կա

«Համաշխարհային ուսանողական խաղերը չեն զիջում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Այս խաղերին եւս պետք է ամենայն լրջությամբ նախապատրաստվել»: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։ 

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ին կանցկացվի 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որին Հայաստանը կներկայանա շախմատ, լող, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա եւ ծանրամարտ մարզաձեւերում:

Ըստ Կարեն Աղամալյանի, Ունիվերսիադայում Հայաստանը կներկայացնեն երկու բռնցքամարտիկ։ 

«27-րդ ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա երկու բռնցքամարտիկով՝ Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը։ Այսօր նրանք են պատրաստ Ունիվերսիադայում հաջող հանդես գալու համար։ Կցանկանայի, որ Արամ Ավագյանն էլ մասնակցեր, բայց Եվրոպայի առաջնությունից հետո այս կարճ ժամանակահատվածում Արամ Ավագյանը չի վերականգնվի։ Նա պետք է հանգստանա, քանի որ Եվրոպայի առաջնությունում երեք բարդ գոտեմարտ տարավ։ 

Համաշխարհային ուսանողական խաղերը շատ ուժեղ մրցումներ են, անցկացվում են բարձր մակարդակով։ Այն գրեթե հավասարազոր է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։ Այստեղ մասնակցում են ուժեղագույն երկրներ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Կուբան։ 27-րդ ուսանողական խաղերին մասնակցելը մեզ համար եւս շատ կարեւոր է, քանի որ փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է, մարզվելու հրաշալի միջոց աշխարհի առաջնությունից առաջ։

Ունիվերսիադայում մեդալի ակնկալիք միանշանակ կա։ Մենք առանց մեդալի հույսի, սպասելիքի որեւէ մրցման,առաջնության կամ խաղերի չենք գնում։ Միանշանակ այս խաղերում էլ կփորձենք մեր ուժերի չափով մեդալով վերադառնալ»,- ասաց Կարեն Աղամալյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով