17:47  ,  12 հունիսի, 2013

Ֆետելին անհնար է կանգնեցնել

Սեբաստիան Ֆետելը վերցրեց Մոնրեալը: Մինչ այս Red Bull-ին դա երբեք չէր հաջողվել: Կանադայի Մեծ խաղարկությունը պարտություն էր աշխարհի չեմպիոնի բոլոր հավակնորդների, բայց ոչ Ֆետելի համար: Ferrari-ին արտահայտվում է զուսպ հիասթափությամբ. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնության ավարտը հավակնենք չեմպիոնության»: Red Bull-ն այսպիսի հավակնություններ չունի: «Մենք հրաշալի ենք բոլոր մրցուղիներում»,-Մոնրեալում հաղթողի պատվո հարթակին ասաց Սեբաստիան Ֆետելը:

«Lotus-ցի» Կիմի Ռայկոնենը մի կերպ գերազանցեց Մոնակոյի նվաճումը: Երկու շաբաթ առաջ նա 10-րդն էր, Մոնրեալում՝ 9-րդը: Թիմի ղեկավար Պետ Ֆրայը հույս ունի, որ Սիլվերսթոունում կպայքարեն բարձր միավորների համար: Ռայկոնենի խոսքում ապագան լավ չի երեւում, նա լցված է ինքնացավակցություններով. «Անհաջող week end էր, բայց մի քանի միավոր պոկեցինք»: Խոսքը 2 միավորի մասին է: Հաղթահարթակին ժպտում է միայն Սեբաստիան Ֆետելը: Մյուսներն արդեն զգում են, որ Շումախերի հայրենակցին հերթական չեմպիոնությունից ետ կպահի միայն Red Bull-ի «ճարտարապետ» Էդրիան Նյուիի հետ որեւէ արտակարգ պատահարը: Ferrari-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոն 7 Գրան Պրիից հետո Ֆետելին զիջում է 36 միավոր: Ֆետելը միակն է առաջնությանը մասնակցող 22 ավտոարշավորդներից, որի բոլիդը դեռեւս «ճամփին» չի մնացել: Ստեֆանո Դոմենիկալեի համար ավելի ու ավելի դժվար է դառնում բառեր գտնելը, թե ինչու այս տարվա հրաշալի F138-ը, որն արդեն հաղթել է 7 Գրան Պրիից 2-ում, այնուամենայնիվ չի հասնում Red Bull-ի ետեւից: Նա կանխատեսել է, որ առաջնության հանգուցալուծումը եզրափակիչ փուլից  շուտ տեղի կունենա: Այս տողերում զգացվում է որոշ հուսահատություն: Ինքը դեռ չգիտի, թե որ պարամետրերով են զիջում Red Bull-ին, բայց ենթադրում է, որ չեմպիոնն, ի տարբերություն նախորդ տարվա, ավելի շուտ ի հայտ կգա:

Red Bull-ը կրկնում է 2000-2004 թվականների Ferrari-ի հեգեմոնիան: Համապատասխանաբար՝ Ֆետելը՝ Միխայիլ Շումախերի: «Կրակին» յուղ է լցնում Red Bull-ի մարզական տնօրեն Կրիստիան Հորները. «Ֆետելն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»: Նույնիսկ անգլիական մամուլն է աչքաթող արել իր իր հայրենակիցներին, բոլորը նոր Շումախերի «հոտ» են առնում: Ընդ որում, Ֆետելն արդեն թիմին է պարտադրում իր մրցարշավային քմահաճույքները, Կանադայում նրան չէր բավարարում այն, որ մրցուղու վրա թիկունքում «ոչ ոք չկար», միեւնույն է, բոլիդից քամում էր առավելագույնը եւ լավագույն արագություններ էր հավաքում ամեն շրջանին: Սա դուր չեկավ Հորներին: Նա Ֆետելի մրցարշավային ինժիներին հրահանգեց՝ վերահսկիր նրա գործողությունները: Փաստն այն է, որ ներողամիտը Հորներն է, եւ այնպես չէ, որ մեղա եկողը Ֆետելն է: Չեմպիոնական 4-րդ տիտղոսի համար նրան պետք է արագընթաց բոլիդ եւ նա այն ստացել է:Ֆետելը նյարդայնացնում է բոլորին, բայց նա գրեթե անթերի է: Ոչ ոք չգիտի, թե որտեղից կառչի նրան կասեցնելու համար: Ավելին, Red Bull-ն ինքն է անցել հակահարձակման: Կարծես թե Ֆորմուլա 1-ում հաշված են որակավորման վերջին բոլոր շաբաթների արքա Mersedes AMG-ի օրերը: Red Bull-ը FIA-ի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Մերսեդեսը տարօրինակորեն լավ է հասկանում Pirelli-ի անվադողերի առանձնահատկությունները: Հունիսի 20-ին Mersedes AMG-ն եւ Pirelli-ն հրավիրվել են մարզական տրիբունալ: Իմիջիայլով, կրիմինալ հաստատ կա եւ Red Bull-ը չի սխալվել, Մերսեդեսը միանձնյա փորձարկել է Pirelli-ի անվադողերը, որն ավտոսպորտի չափանիշներով հանցագործություն է:

Ի տարբերություն Red Bull Racing RB9 բոլիդի, որն, ըստ Հորների, միայն «վերջին շնչում» է (երբ այլեւս ժամանակ չկար) հավաքվել, Ferrari-ն, Lotus F1 Team E21-ը, Vodafone McLaren Mersedes MP4-28-ը եւ Mersedes AMG Petronas W 04-ը չեն շտապել: Եվ չնայած դրան, արդեն 4-րդ առաջնությունն անընդմեջ նրանք տանուլ են տալիս Red Bull-ին թե թիմային, թե անհատական պայքարում: Միակ խնդիրն այն է, որ Red Bull RB9-ը այնքան էլ հրաշքների հակում չունի, այն մրցուղու վրա չի «քերում» իր հաղթանակը ի տարբերություն Ferrari-ի (Ֆելիպե Մասայի հաջողությունները եւ հրաշալի վազանցները վկա) եւ Lotus F1 E21-ի, որոնք հաղթանակը ձեւավորում են այնպես, ինչպես գրվում է 19-րդ դարի դետեկտիվը՝ սկզբից ոչինչ պարզ չէ, իսկ վերջում հանգուցալուծումը նույնիսկ հեղինակին է շշմեցնում:

18 օրից Մեծ Բրիտանիայում տեղի կունենա այս տարվա 8-րդ Գրան Պրին, հռչակավոր Սիլվերսթոունում մի քանի բոլիդներ կներկայանան տեխնիկական փոքրիկ նորարարություններով: Անձրեւները, որ գրեթե անպակաս են, այն դարձնում են ամենաինտրիգային մրցարշավներից մեկը: Եզակի մրցուղի է, որտեղ արշավորդի որակները հաճախ ավելի շատ են ազդում արդյունքների վրա, քան մրցուղու «քմահաճույքները»: Ալոնսոն այստեղ հաղթել է երեք անգամ, որից մեկը՝ «Ռենո»-ի ղեկին: Բավական է նաեւ ասել, որ բրիտանական այս մրցուղում վերջին 10 տարում հաղթած միակ բրիտանացին Լյուիս Հեմիլթոնն է 2008-ին:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս