17:47 12 հունիսի, 2013Սեբաստիան Ֆետելը վերցրեց Մոնրեալը: Մինչ այս Red Bull-ին դա երբեք չէր հաջողվել: Կանադայի Մեծ խաղարկությունը պարտություն էր աշխարհի չեմպիոնի բոլոր հավակնորդների, բայց ոչ Ֆետելի համար: Ferrari-ին արտահայտվում է զուսպ հիասթափությամբ. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնության ավարտը հավակնենք չեմպիոնության»: Red Bull-ն այսպիսի հավակնություններ չունի: «Մենք հրաշալի ենք բոլոր մրցուղիներում»,-Մոնրեալում հաղթողի պատվո հարթակին ասաց Սեբաստիան Ֆետելը:
«Lotus-ցի» Կիմի Ռայկոնենը մի կերպ գերազանցեց Մոնակոյի նվաճումը: Երկու շաբաթ առաջ նա 10-րդն էր, Մոնրեալում՝ 9-րդը: Թիմի ղեկավար Պետ Ֆրայը հույս ունի, որ Սիլվերսթոունում կպայքարեն բարձր միավորների համար: Ռայկոնենի խոսքում ապագան լավ չի երեւում, նա լցված է ինքնացավակցություններով. «Անհաջող week end էր, բայց մի քանի միավոր պոկեցինք»: Խոսքը 2 միավորի մասին է: Հաղթահարթակին ժպտում է միայն Սեբաստիան Ֆետելը: Մյուսներն արդեն զգում են, որ Շումախերի հայրենակցին հերթական չեմպիոնությունից ետ կպահի միայն Red Bull-ի «ճարտարապետ» Էդրիան Նյուիի հետ որեւէ արտակարգ պատահարը: Ferrari-ի առաջին համար Ֆերնանդո Ալոնսոն 7 Գրան Պրիից հետո Ֆետելին զիջում է 36 միավոր: Ֆետելը միակն է առաջնությանը մասնակցող 22 ավտոարշավորդներից, որի բոլիդը դեռեւս «ճամփին» չի մնացել: Ստեֆանո Դոմենիկալեի համար ավելի ու ավելի դժվար է դառնում բառեր գտնելը, թե ինչու այս տարվա հրաշալի F138-ը, որն արդեն հաղթել է 7 Գրան Պրիից 2-ում, այնուամենայնիվ չի հասնում Red Bull-ի ետեւից: Նա կանխատեսել է, որ առաջնության հանգուցալուծումը եզրափակիչ փուլից շուտ տեղի կունենա: Այս տողերում զգացվում է որոշ հուսահատություն: Ինքը դեռ չգիտի, թե որ պարամետրերով են զիջում Red Bull-ին, բայց ենթադրում է, որ չեմպիոնն, ի տարբերություն նախորդ տարվա, ավելի շուտ ի հայտ կգա:
Red Bull-ը կրկնում է 2000-2004 թվականների Ferrari-ի հեգեմոնիան: Համապատասխանաբար՝ Ֆետելը՝ Միխայիլ Շումախերի: «Կրակին» յուղ է լցնում Red Bull-ի մարզական տնօրեն Կրիստիան Հորները. «Ֆետելն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»: Նույնիսկ անգլիական մամուլն է աչքաթող արել իր իր հայրենակիցներին, բոլորը նոր Շումախերի «հոտ» են առնում: Ընդ որում, Ֆետելն արդեն թիմին է պարտադրում իր մրցարշավային քմահաճույքները, Կանադայում նրան չէր բավարարում այն, որ մրցուղու վրա թիկունքում «ոչ ոք չկար», միեւնույն է, բոլիդից քամում էր առավելագույնը եւ լավագույն արագություններ էր հավաքում ամեն շրջանին: Սա դուր չեկավ Հորներին: Նա Ֆետելի մրցարշավային ինժիներին հրահանգեց՝ վերահսկիր նրա գործողությունները: Փաստն այն է, որ ներողամիտը Հորներն է, եւ այնպես չէ, որ մեղա եկողը Ֆետելն է: Չեմպիոնական 4-րդ տիտղոսի համար նրան պետք է արագընթաց բոլիդ եւ նա այն ստացել է:Ֆետելը նյարդայնացնում է բոլորին, բայց նա գրեթե անթերի է: Ոչ ոք չգիտի, թե որտեղից կառչի նրան կասեցնելու համար: Ավելին, Red Bull-ն ինքն է անցել հակահարձակման: Կարծես թե Ֆորմուլա 1-ում հաշված են որակավորման վերջին բոլոր շաբաթների արքա Mersedes AMG-ի օրերը: Red Bull-ը FIA-ի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ Մերսեդեսը տարօրինակորեն լավ է հասկանում Pirelli-ի անվադողերի առանձնահատկությունները: Հունիսի 20-ին Mersedes AMG-ն եւ Pirelli-ն հրավիրվել են մարզական տրիբունալ: Իմիջիայլով, կրիմինալ հաստատ կա եւ Red Bull-ը չի սխալվել, Մերսեդեսը միանձնյա փորձարկել է Pirelli-ի անվադողերը, որն ավտոսպորտի չափանիշներով հանցագործություն է:
Ի տարբերություն Red Bull Racing RB9 բոլիդի, որն, ըստ Հորների, միայն «վերջին շնչում» է (երբ այլեւս ժամանակ չկար) հավաքվել, Ferrari-ն, Lotus F1 Team E21-ը, Vodafone McLaren Mersedes MP4-28-ը եւ Mersedes AMG Petronas W 04-ը չեն շտապել: Եվ չնայած դրան, արդեն 4-րդ առաջնությունն անընդմեջ նրանք տանուլ են տալիս Red Bull-ին թե թիմային, թե անհատական պայքարում: Միակ խնդիրն այն է, որ Red Bull RB9-ը այնքան էլ հրաշքների հակում չունի, այն մրցուղու վրա չի «քերում» իր հաղթանակը ի տարբերություն Ferrari-ի (Ֆելիպե Մասայի հաջողությունները եւ հրաշալի վազանցները վկա) եւ Lotus F1 E21-ի, որոնք հաղթանակը ձեւավորում են այնպես, ինչպես գրվում է 19-րդ դարի դետեկտիվը՝ սկզբից ոչինչ պարզ չէ, իսկ վերջում հանգուցալուծումը նույնիսկ հեղինակին է շշմեցնում:
18 օրից Մեծ Բրիտանիայում տեղի կունենա այս տարվա 8-րդ Գրան Պրին, հռչակավոր Սիլվերսթոունում մի քանի բոլիդներ կներկայանան տեխնիկական փոքրիկ նորարարություններով: Անձրեւները, որ գրեթե անպակաս են, այն դարձնում են ամենաինտրիգային մրցարշավներից մեկը: Եզակի մրցուղի է, որտեղ արշավորդի որակները հաճախ ավելի շատ են ազդում արդյունքների վրա, քան մրցուղու «քմահաճույքները»: Ալոնսոն այստեղ հաղթել է երեք անգամ, որից մեկը՝ «Ռենո»-ի ղեկին: Բավական է նաեւ ասել, որ բրիտանական այս մրցուղում վերջին 10 տարում հաղթած միակ բրիտանացին Լյուիս Հեմիլթոնն է 2008-ին:
Մհեր Արշակյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.