15:22  ,  5 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից

Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն դա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրության ոլորտում գտնվող 24-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է  մարտի 26-ին կայացած Հայաստան – Չեխիա (0:3) խաղից հետո տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը քննադատել էր թիմակիցներին:

Հարցին, թե լարվածություն կա՞ ազգային թիմում, Հենրիխը պատասխանել է.

«Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն դա: Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ ներողություն խնդրել թե՛ իմ բոլոր խաղընկերներից, թե՛ մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված:

Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ ու ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս միշտ հավաքվում ենք մեկ նպատակի՝ հաղթելու համար եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով