11:56  ,  18 մայիսի, 2013

Միշել Տեր-Զաքարյան. Շնորհակալություն ֆուտբոլիստներին, ակումբի ղեկավարությանը եւ կնոջս

Ես անչափ ուրախ եմ, որ իմ «Նանտը» դուրս եկավ բարձրագույն լիգա, հայտարարել է ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը: Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի թիմը Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 37-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Սեդանին» եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովեց երկրորդ տեղն ու բարձրագույն լիգայի ուղեգիրը, հաղորդում է France Football-ը:

«Ես ուրախ եմ եւ երջանիկ: Երբ տեսնում ես խաղադաշտ դուրս եկած երկրպագուներին, որոնք գրկախառնվում են քեզ հետ, հասկանում ես, որ զուր չես աշխատել ամբողջ տարին: Ես ուրախ եմ ամբողջ ակումբի համար, ֆուտբոլիստները կատարեցին իմ հրահանգները, իսկ ակումբի ղեկավարությունը չխանգարեց աշխատանքիս՝ լիովին վստահելով ինձ: Ես շնորհակալ եմ նաեւ կնոջս, որը դիմացել է ինձ եւ իմ նյարդերին»,- ասել է Միշել Տեր-Զաքարյանը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում