Բարձրագույն ֆուտբոլային արդարություն կա, որ ռեկորդային գոլս «Տավրիային» էր, երեք տարի առաջ հենց «Տավրիան» խանգարեց նվաճել առաջին տիտղոսս Ուկրաինայում, ասել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում երկու գնդակ ուղարկեց «Տավրիայի» դարպասը եւ սահմանեց Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդ՝ 24 գոլ: «Շախտյորը» հաղթեց 5:0 հաշվով:
«Ես ցանկանում էի ռեկորդային ցուցանիշին հասնել խաղից խփած գոլերով եւ խուսափում էի 11 մետրանոցներից: Սակայն խաղից առաջ Միրչա Լուչեսկուն ասաց, որ 11 մետրանոցի դեպքում ինձ վստահեն: Փառք Աստծո, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց՝ եւ ինքս ինձ տված խոստումս չխախտեցի, եւ մարզիչի ասածը կատարեցի:
Երեք տարի առաջ «Մետալուրգում» հենց «Տավրիան» խանգարեց ինձ նվաճել առաջին տիտղոսս Ուկրաինայում՝ հաղթելով գավաթի խաղարկության եզրափակիչում: Այժմ ես խփում եմ ռեկորդային գոլս հենց այս թիմին: Հնարավոր է՝ այստեղ կա ինչ-որ բարձրագույն ֆուտբոլային արդարություն»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է segodnya.ua-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում