22:22  ,  21 ապրիլի, 2013

«Դնեպր» - «Շախտյոր»՝ 1:1

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում ուժերը չափեց «Դնեպրի» հետ: Հաղթանակի դեպքում Միրչա Լուչեսկուի թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ կապահովեր չեմպիոնի տիտղոսը, սակայն խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Դնեպրի» բրազիլացի հարձակվող Մատեուսը, ով օգտվեց «Շախտյորի» դարպասապահ Անտոն Կանիբոլոցկու սխալից եւ խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը: Ընդմիջումից հետո «Շախտյորը» հավասարեցրեց հաշիվը: 61-րդ րոպեին խորվաթ պաշտպան Դարիո Սրնան 11 մետրանոց հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:  

Ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում արդյունավետության ռեկորդ կսահմանի:

«Շախտյորն» ունի 70 միավոր եւ 15 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մետալիստին»: Դոնեցկի թիմին մեկ միավոր է բաժանում չորրորդ տարին անընդմեջ Ուկրաինայի չեմպիոն դառնալուց: «Դնեպրը» 49 միավորով չորրորդ տեղում է:

Ուկրաինայի առաջնություն. 25-րդ տուր 

«Դնեպր» - «Շախտյոր»՝ 1:1

Մատեուս Լեյտե, 13 – Դարիո Սրնա, 61 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում