22:22 21 ապրիլի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում ուժերը չափեց «Դնեպրի» հետ: Հաղթանակի դեպքում Միրչա Լուչեսկուի թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ կապահովեր չեմպիոնի տիտղոսը, սակայն խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Դնեպրի» բրազիլացի հարձակվող Մատեուսը, ով օգտվեց «Շախտյորի» դարպասապահ Անտոն Կանիբոլոցկու սխալից եւ խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը: Ընդմիջումից հետո «Շախտյորը» հավասարեցրեց հաշիվը: 61-րդ րոպեին խորվաթ պաշտպան Դարիո Սրնան 11 մետրանոց հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդը կրկնած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 22 գոլ է խփել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու եւս մեկ անգամ աչքի ընկնելու դեպքում արդյունավետության ռեկորդ կսահմանի:
«Շախտյորն» ունի 70 միավոր եւ 15 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մետալիստին»: Դոնեցկի թիմին մեկ միավոր է բաժանում չորրորդ տարին անընդմեջ Ուկրաինայի չեմպիոն դառնալուց: «Դնեպրը» 49 միավորով չորրորդ տեղում է:
Ուկրաինայի առաջնություն. 25-րդ տուր
«Դնեպր» - «Շախտյոր»՝ 1:1
Մատեուս Լեյտե, 13 – Դարիո Սրնա, 61 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.