16:38  ,  15 ապրիլի, 2013

Օլեգ Սալենկո. Հենրիխ Մխիթարյանի համար ավելի լավ կլիներ խաղալ Իսպանիայում կամ Գերմանիայում

«Ես կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունն այն չէ Հենրիխ Մխիթարյանի համար: Նրան ավելի լավ կլիներ խաղալ Իսպանիայում կամ Գերմանիայում, որտեղ ավելի շատ են փոխանցումների վրա խաղում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 1994թ. աշխարհի առաջնության լավագույն  ռմբարկու, Կիեւի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն:

Ուկրաինայի ընթացքիկ առաջնությունում  Հենրիխ Մխիթարյանը խփեց իր 22-րդ գոլը եւ մոտ է նոր ռեկորդ սահմանելուն: Ի՞նչ կասեք այս մրցաշրջանում նրա խաղի մասին:

Նա կրկնեց առաջնության ռեկորդը եւ շատ մոտ է նորը սահմանելուն: Բայց նա նույնիսկ հարձակվող չէ, այլ կիսապաշտպան է: Հենրիխն իրեն ամբողջությամբ է նվիրում խաղին: Միակ ֆուտբոլիստն է, ով ապրում է ակումբի մարզաբազայում: «Շախտյորը» գրեթե չեմպիոն է: Հենրիխին դժվար չի լինի եւս մի քանի գոլ խփել:

Վերջերս անընդհատ խոսվում է նրա նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Ի՞նչ կասեք այդ մասին:

Այդպիսի լուրեր կարող են լինել: Նա այժմ այնպիսի մակարդակի վրա է, որ նրանով կարող են հետաքրքրվել այդպիսի թիմեր: Նա կարող է եւս մեկ տարի խաղալ «Շախտյորում», կամ էլ որոշում կայացնի հեռանալ: Բոլորին հետաքրքիր կլինի հետեւել նրա որոշմանը: Բայց, այնուամեայնիվ, ես կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունն այն չէ: Նրան ավելի լավ կլիներ խաղալ Իսպանիայում կամ Գերմանիայում, որտեղ ավելի շատ են փոխանցումների վրա խաղում:

Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

Նա կարող է եւս մեկ տարի մնալ, բայց երբ ֆուտբոլիստը  թիմում մեծ հաջողությունների է հասնում, ցանկություն է գալիս փոխել առաջնությունը: Վերադառնալ նա միշտ էլ կհասցնի:

Երբ Մխիթարյանը նոր էր Հայաստանից տեղափոխվում Ոկրաինա, կարո՞ղ էիք կանխատեսել, որ նա կդառնա Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն:

«Շախտյորում», երբ ընտրում են ֆուտբոլիստի, նրան ուշադիր ուսումնասիրում են: Այստեղ ոչ մի արտասովոր բան չկա: Նրան հետեւում էին, պատրաստում: Ամենից դժվարը թիմին հարմարվելն է: Նրան դա հաջողվեց:

Ո՞րն է նրա հաջողության գրավականը:

Նա ե՛ւ աշխատասեր է, ե՛ւ տաղանդավոր: Ունի նաեւ արագություն: Բայց անգլիական ֆուտբոլում ավելի շատ խաղում են տեխնիկապես, մտածելով: Դրա համար, կարծում եմ՝ նրան չարժե այնտեղ գնալ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով