16:38 15 ապրիլի, 2013«Ես կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունն այն չէ Հենրիխ Մխիթարյանի համար: Նրան ավելի լավ կլիներ խաղալ Իսպանիայում կամ Գերմանիայում, որտեղ ավելի շատ են փոխանցումների վրա խաղում»:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 1994թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, Կիեւի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն:
Ուկրաինայի ընթացքիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը խփեց իր 22-րդ գոլը եւ մոտ է նոր ռեկորդ սահմանելուն: Ի՞նչ կասեք այս մրցաշրջանում նրա խաղի մասին:
Նա կրկնեց առաջնության ռեկորդը եւ շատ մոտ է նորը սահմանելուն: Բայց նա նույնիսկ հարձակվող չէ, այլ կիսապաշտպան է: Հենրիխն իրեն ամբողջությամբ է նվիրում խաղին: Միակ ֆուտբոլիստն է, ով ապրում է ակումբի մարզաբազայում: «Շախտյորը» գրեթե չեմպիոն է: Հենրիխին դժվար չի լինի եւս մի քանի գոլ խփել:
Վերջերս անընդհատ խոսվում է նրա նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Այդպիսի լուրեր կարող են լինել: Նա այժմ այնպիսի մակարդակի վրա է, որ նրանով կարող են հետաքրքրվել այդպիսի թիմեր: Նա կարող է եւս մեկ տարի խաղալ «Շախտյորում», կամ էլ որոշում կայացնի հեռանալ: Բոլորին հետաքրքիր կլինի հետեւել նրա որոշմանը: Բայց, այնուամեայնիվ, ես կարծում եմ, որ Անգլիայի առաջնությունն այն չէ: Նրան ավելի լավ կլիներ խաղալ Իսպանիայում կամ Գերմանիայում, որտեղ ավելի շատ են փոխանցումների վրա խաղում:
Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:
Նա կարող է եւս մեկ տարի մնալ, բայց երբ ֆուտբոլիստը թիմում մեծ հաջողությունների է հասնում, ցանկություն է գալիս փոխել առաջնությունը: Վերադառնալ նա միշտ էլ կհասցնի:
Երբ Մխիթարյանը նոր էր Հայաստանից տեղափոխվում Ոկրաինա, կարո՞ղ էիք կանխատեսել, որ նա կդառնա Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն:
«Շախտյորում», երբ ընտրում են ֆուտբոլիստի, նրան ուշադիր ուսումնասիրում են: Այստեղ ոչ մի արտասովոր բան չկա: Նրան հետեւում էին, պատրաստում: Ամենից դժվարը թիմին հարմարվելն է: Նրան դա հաջողվեց:
Ո՞րն է նրա հաջողության գրավականը:
Նա ե՛ւ աշխատասեր է, ե՛ւ տաղանդավոր: Ունի նաեւ արագություն: Բայց անգլիական ֆուտբոլում ավելի շատ խաղում են տեխնիկապես, մտածելով: Դրա համար, կարծում եմ՝ նրան չարժե այնտեղ գնալ:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.