18:58  ,  5 ապրիլի, 2013

Պողոս Պողոսյան. Հայաստանի հավաքականի բոլոր ուժեղագույն ծանրորդները վնասվածքների խնդիր ունեն

«Չեմ կարող խոսք տալ, որ Եվրոպայի առաջնությունից մեդալներով կվերադառնանք։ Նախապես հայտարություններ չեմ անի։ Մենք հանդես ենք գալիս ոչ հիմնական կազմով։ Երեք նորեկներ են մեկնում Եվրոպայի առաջնության։ Ուժեղագույն ծանրորդները հանգստանում են։ Այս ծանրորդներից ես ակնկալում եմ միայն լավ մասնակցություն։ Մեդալների մասին դեռեւս կլռեմ»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը։

Ապրիլի 6-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է երեք մարզիկ։ 77 կգ քաշայինների պայքարում հանդես կգա էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը, իսկ գերծանրքաշայինների պայքարում կմրցեն  գյումրեցիներ Գոռ Մինասյանը եւ Հայկ Հակոբյանը։ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի եւ  շխարհի չեմպիոն է, գերծանր քաշային Գոռ Մինասյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, իսկ գերծանր քաշային Հայ Հակոբյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է։

Այս օրերին երեք ծանրորդները մարզվում էին Աբովյան քաղաքի մարզաբազայում, իսկ ապրիլի 6-ի առավոտյան կմեկնեն Ալբանիա։

Պարոն Պողոսյան, ինչո՞ւ եք որոշել այս Եվրոպայի առաջնությանը ոչ հիմնական կազմով մասնակցել։

Հավաքականի բոլոր ուժեղագույն ծանրորդները վնասվածքների խնդիր ունեն։ Բոլորը լուրջ բուժում են անցել եւ այժմ վերականգնողական գործընթացում են։ Նրանց մոտ այժմ բավական լավ վիճակ է, ծանրորդները վերադառնում են իրենց նորմալ մարզավիճակներին։ Ես նրանց «թողել» եմ աշխարհի առաջնության համար, որը տեղի կունենա աշնանը։ Մեր ուժեղագույն մարզիկները պետք է առայժմ խուսափեն վնասվածքներից, քանի որ աշխարհի առաջնությունը կարեւորագույն ստուգատես է մեզ համար։ Իսկ նրանց այժմ չի կարելի ուժերը կորցնել այդքան բուժումներից հետո։ Նրանք պետք է լուրջ նախապատրաստվեն աշխարհի առաջնությանը։ Այդ իսկ պատճառով թիմում սերնդափոխություն եղավ։ Ընդգրկել եմ տաղանդավոր երիտասարդների, որոնք արդեն իրենց խոսքը՝ թե պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, թե երիտասարդական առաջնություններում ասել են։ Լուրջ արդյունքներով այս երեք երիտասարդ մարզիկներին եմ վստահել այս Եվրոպայի առաջնությունը։

Երեք ծանրորդներն էլ առաջին անգամ են հանդես գալու մեծահասակաների Եվրոպայի առաջնությունում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանցից։

Երեքից էլ ակնկալիք ունեմ։ Որպես մարզիչ ես միշտ խուսափում եմ մրցումներից առաջ խոստումներ տալ։ Ինձ համար յուրաքանչյուր առաջնությունից եւ մրցաշարից առաջ ամենակարեւոր խնդիրն այն է, որ առանց վնասվածքների մարզիկները վերադառնան։ Եթե յուրաքանչյուրը վեց փորձը կատարի, ապա հուսով եմ՝ մի բան կլինի։ Ինքս բարոյական իրավունք չունեմ որպես մարզիչ մրցումից առաջ մեդալներ խոստանալ։ Բոլորս էլ ձգտում ենք դրան։

Ի՞նչ կիլոգրամներ եք սպասում նրանցից։

Հավաքների ժամանակ նրանք բավական լուրջ կիլոգրամներ են հաղթահարել։ Օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 160 կգ է բարձրացրել, հրում վարժությունում՝  180 կգ, Գոռ Մինասյանը 190 կգ պոկում վարժությունն է կատարել եւ 230 կգ՝ հրում վարժությունում, իսկ Հայ Հակոբյանը 195 կգ պոկում վարժությունում է հաղթահարել եւ 225 կգ՝ հրում վարժությունում։ Եթե նրանք կարողանան իրոք հավաքվեն, հոգեբանորեն իրենց տրամադրեն եւ նույնատիպ արդյունքներ ցույց տան արդեն մրցահարթակում, ապա վստահ համոզված եմ, որ լուրջ մրցակից կլինեն մյուս ծանրորդների համար։

Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ծանրորդների ձախողումները պատճառաբանվեցին նաեւ հոգեբանական խնդիրների առկայությամբ։ Կարեւորո՞ւմ եք ծանրորդի հոգեբանական պատրաստվածությունը։

Օլիմպիական խաղերին իրոք մասնակցում էին մեր առաջատար ծանրամարտիկները։ Օրինակ՝ Առաքել Միրզոյանը. նա իսկապես հոգեբանորեն տրամադրված չէր, քանի որ 2010 թվականին  ստացել էր շատ լուրջ վնասվածք՝ արմունկի կոտրվածք։ Նա ուղղակի երկար ժամանակ բուժումներից հետո չկարողացավ լիարժեք մարզավիճակ ձեռք բերել եւ Լոնդոնում լուրջ մրցակցություն ծավալել։ Հոգեբանական պատրաստվածությունը մեծ նշանակություն ունի։ Երբ ծանրորդը մոտենոււմ է ծանրաձողին՝ չպետք է ուշադրություն դարձնի՝ ով է իր մրցակիցը կամ մրցակիցները, չմտածի ոչնչի մասին։ Պետք է, ամենակարեւորը, նվիրումով վստահ եւ համարձակ մոտենա ծանրաձողին եւ կատարի վարժությունը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան/NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով