19:37  ,  14 մարտի, 2013

Արթուր Ավետիսյան. Գարի Կասպարովը հեռացավ Մագնուս Կարլսենի պատճառով

Կասպարովը Կարլսենի պատճառով հասկացավ, որ հեռանալու ժամանակն է, ասել է ռուսական ChessPro հեղինակավոր շախմատային պորտալի հիմնադիր եւ ղեկավար Արթուր Ավետիսյանը ՌԲԿ-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Կասպարովը որոշ ժամանակ եղել է նաեւ Կարլսենի մարզիչը:

«Մարտի 15-ին մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտը նորվեգացի հանճար Մագնուս Կարլսենն է: Այսօր նա անքննարկելի ֆավորիտ է, հաղթում է բոլորին: Եթե դիտարկենք նախկին շախմատային հանճարներին` Ֆիշերին, Կարպովին, Կասպարովին, ապա նրանցից յուրաքանչյուրի համար կարող էինք ձեւակերպել նրանց հատուկ ձեռագիրը, ինչի հաշվին հաղթում էին: Կասպարովը` տոտալ գրոհ, սկզբնախաղային պատրաստություն. եթե մեկնարկում առավելություն էր ստանում, ապա վիշապօձի նման նա արդեն բաց չէր թողնում: Թե ինչի հաշվին է հաղթում Կարլսենը` ոչ ոք չի կարողանում հասկանալ: Սովորական է դարձել ասել, թե նա պահում է լարվածությունը` չանելով տեսանելի ջանքեր առավելությունը ստանալու համար: Գլխավորն այն է, որ իրադրությունը չվատանա: Այդպես անցնում են 10, 30, 40, 50 քայլեր, եւ միայն 70-րդ քայլում մրցակիցը չի դիմանում ու սխալվում է: Այդ պահին նորվեգացին նրան որսում է: Այդպես է լինում մեկը մյուսի հետեւից: Մեկնաբաններից մեկը նույնիսկ կասկած էր հայտնել, որ նրա գլխում համակարգչային չիպ կա, սովորական մարդը չի կարող երկար ժամանակ չհոգնել: Նա բացառիկ մարդ է: Նրա տաղանդի մարդկային բնությունն ակնհայտ է:

Կարծում եմ` Կասպարովը նրա պատճառով հասկացավ, որ հեռանալու ժամանակն է: Դա Ռեյկյավիկում էր: Նրա առջեւ նստեց 13 տարեկան մի տղա, եւ Կասպարովը մի կերպ փրկվեց` պարտիան ավարտելով ոչ ոքի: Նա զգաց այդ գրոհը: Կասպարովը հասկացավ, որ Կարլսենը պատկանում է մի սերունդի, որի հետ մրցկացել չարժի:

Ֆիշերից հետո Մագնուսը դարձավ առաջինը, ով Արեւումտքում մեծ հետաքրքրություն է առաջացնում շախմատի նկատմամբ: Նորվեգիայում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել սուպերմրցաշար»,- ասել է Արթուր Ավետիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում