06:46  ,  2 ապրիլի, 2012

Մարդկային գործոնը Ֆորմուլա 1-ում. վերլուծություն

Ֆորմուլա 1-ի այս տարվա առաջին փուլը` Ավստրալիայի Գրան Պրին աշխարհին անծանոթ հայ մարդու համար բացեց այս մարզաձեւում մարզիկի դերը: «Ֆերրարին» որպես թիմ առաջատարների պայքարում այսօր որեւէ մասնակցություն չունի, սակայն ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն անհատական պայքարում կարողանում է եղանակ ստեղծել: Նա արդեն հաղթել է երկրորդ փուլում Մալայզիայի Գրան Պրին եւ ընդհանուր հաշվարկով առաջատարն է, թեպետ բոլիդը դեռ «կաղում» է մրցուղիներին ի տարբերություն «Մաքլարենի», «Մերսեդեսի» եւ նույնիսկ «Լոտուսի»: Ալոնսոյի թիմակից Ֆիլիպպե Մասսան ընդհանրապես խաղից դուրս է, թեպետ բոլոր առումներով՝ աէրոդինամիկա, կոնֆիգուրացիա, շասսի, վարում է նույն մեքենան: F2012-ը դժվարությամբ է «տրվում» բրազիլացի մրցարշավորդին:

Մալազիայի այս տարվա մարտի 24-ի որակավորման մրցումներում անկրկնելի էր «Լոտուսի» մրցարշավորդԿիմի Ռայկոնենը (Ֆինլանդիա): Մրցուղու վրա կրակ կտրող այս «ավտովազորդը» մարդկային շփումներում շատ սառն է, նույնիսկ լրագրողներն իրենց չեն «կոտորում» նրա հետ զրուցելու համար: Սառն է, ինչպես սառնաշաքարը Ձմեռ Պապի սառնարանում: 

Սակայն այսօր Ռայկոնենը միակ մրցարշավորդն է, որ բոլիդից կարողանում է ստանալ այն, ինչ ուզում է: Մարդկային հարաբերություններում «ավտոմատացված» Ռայկոնենը ամբողջությամբ «մարդկային գործոն» է բոլիդի հետ հարաբերություններում: 2007-ին նա «Ֆերրարիում» աշխարհի չեմպիոն դարձավ ամենեւին էլ ոչ լավագույն բոլիդով: Պարզապես անկրկնելի էր նրա բրազիլական կատարումը:

Կիմիին պետք չէ լավագույն բոլիդը աչքի ընկնելու համար: Նա Ֆորմուլա 1-ում է 2001-ից: 2003-ին եւ 2004-ին արդեն Շումախերի հետ պայքարում էր աշխարհի չեմպիոնի կոչման համար: Միայն «Մաքլարենի» անհուսալիությունը նրան զրկեց հաղթանակից: Նա չի ասում՝ տվեք ինձ ամենաարագ բոլիդը, նա ասում է՝ տվեք ամենահուսալին: Միայն ամենահուսալի բոլիդից է Կիմին քամում իր հնարավորությունները, «բացում» է այն նույնիսկ թիմի մեխանիկների եւ կոնստրուկտորների համար: 2008-ին նա 7 Գրան Պրիներում անընդմեջ ամենաարագն էր լավագույն շրջանի «կատարումներում», ընդհանուր առմամբ այդ տարի ամենաարագն էր 12 Գրան Պրիներում, սակայն աշարհի չեմպիոն չդարձավ, բավարարվեց 3-րդ տեղով:

Մարդկային գործոնը հենց այն է, ինչը բոլիդների այս պայքարը դարձնում է հուզական: Հիշենք 2008-ի վերջին՝ Բրազիլիայի Գրան Պրին, որտեղ որոշվում էր աշխարհի չեմպիոնը: Հավակնորդները «Ֆերրարիից» Ֆիլիպպե Մասսան էր ու «Մաքլարենից» Լյուիս Հեմիլթոնը: Վերջին՝ 71-րդ շրջանի վերջին շրջադարձից հետո եզրագիծը հատելով` Մասսան դարձավ աշխարհի չեմպիոն, բայց ընդամենը 38 վայրկյան: 38 վայրկայն հետո Հեմիլթոնը 5-րդ տեղի համար պայքարում հենց վերջին շրջադարձին շրջանցում է չոր եղանակին կիսաչորային (կիսաանձրեւային) անվադողերով «երթեւեկող» «Տոյոտայի» մրցարշավորդ Տիմո Գլոկին եւ ընդհանուր հաշվարկում գերազանցում է Մասսային` խլելով չեմպիոնական տիտղոսը: 

Ֆորմուլա 1-ում մարդկային գործոնը մեկ մարդու գործոնը չէ: Նախ` կա մրցարշավորդը: Նրա դեպքում մարդկային գործոնը ոչ այնքան հաղթանակների մեջ է, որքան՝ թերությունների: Որակավորման մրցումներին այդ թերություններն ավելի լավ են երեւում. մեկ ոչ իդեալական շրջան, եւ հետո մարզական բոլոր լրատվամիջոցներով ստիպված ես արդարանալ, թե ինչու ամեն ինչ հաջող չդասավորվեց: Մարդկային գործոնի «իդեալական» (բառի հակառակ իմաստով) ներկայացուցիչ է «Ռեդ Բուլլի» ավստրալացի արշավորդ Մարկ Վեբբերը: 2011-ին նա երեք անգամ հաղթեց որակավորման մրցումներում, երեք դեպքում էլ հիմնական մրցարշավին հենց մեկնարկից զիջեց դիրքերը: Վեբբերը դժվարանում է տեղից պոկվել, թեպետ Ռայկոնենից հետո երկրորդն է, որը բոլիդն զգում է ընթացքից: Մարդկային գործոնի արդյունք են համարվում Մասսայի անհաջող ելույթները «Ֆերրարի»-ում եւ նրա թիմակից Ալոնսոյին չափազանց հաջող ելույթները:

Հաջորդը Ֆորմուլա 1-ի տեխնիկական տնօրեն Չարլի Ուայթինգի գործոնն է: Երբեմն նա է «ծնում» կամ «սպանում» հաղթողին: Այդպես 2007-ին «քրքրվեց» դեբյուտանտ Լյուիս Հեմիլթոնը: Վերջինս այն մարզիկներից է, որին բացի «Ուայթինգի ավելցուկից» չի բավարարում բախտը: 2007-ի Շանհայը նրան զրկեց տիտղոսից: Կա պիտ-կանգառի անձնակազմի գործոնը: Այս տարվա Մալայզիայի Գրան Պրին Հեմիլթոնը տանուլ տվեց պիտ-կանգառում. տղաները երկար աշխատեցին, հընթացս խանգարեց պիտ-կանգառ մտնող Մասսան: 1999-ի Հոկենհայմի (Գերմանիա) մրցուղու պիտ-կանգառում 40 վայրկյան լռվելը, այնուհետեւ վթարվելը մաքլարենցի Միկա Հակինենին կարող էր արժենալ աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մարդկային գործոնի «տարր» է համարվում, դիցուք, անվադողերի հետ աշխատանքը: Ավանդաբար ամեն Գրան Պրիից առաջ որոշ մրցարշավորդներ խոստովանում են, որ շատ բան որոշելու է այն, թե մրցուղու վրա ինչքան արագ են մաշվելու անվադողերը: Օրինակ, «Մերսեդեսը» ռեակտիվ բոլիդ է ստեղծել, որը լեզու չի գտնում «Pirelli»-ի ոչ մի տեսակի՝ չոր (փափուկ կամ հարթ), կիսաչոր (կիսաանձրեւային), Hard, Medium եւ անձրեւային անվադողերի հետ: Այստեղ Միխայիլ Շումախերի հանճարն էլ չի օգնում: Երկու Գրան Պրիիից հետո փետրվարյան տեստերի արդյունքում ֆավորիտի համբավ ձեռք բերած «Մերսեդեսն» ունի ընդամենը մեկ միավոր: Նիկո Ռոսբերգը չի կարողանում անվադողերը «հաշտեցնել» բոլիդի հետ: Շումախերին դա հաջողվում է դժվարությամբ՝ արդյունքը՝  «Մերսեդեսի» միակ միավորը 50 հնարավորից: Մարդկային գործոնի դրսեւորման ասպարեզ են անձրեւային Գրան Պրիները: «Անձրեւի մարդու» համբավն ունեն աշխարհի չեմպիոններ Ֆերնանդո Ալոնսոն, Ջենսոն Բատոնը եւ Սեբաստիան Ֆետելը: Վերջին՝ Մալայզիայի Գրան Պրիում Ալոնսոն հաստատեց իր հավատարմությունն այդ համբավին: 

Հաղթանակներում մարդկային գործոնին «Վիլյամսի» ղեկավար Ֆրենկ Վիլյամսը 10-20 տոկոսից ավելի տեղ չի հատկացնում: Դա բացատրվում է նաեւ նրանով, որ բոլիդների կառավարումն ամբողջությամբ ավտոմատ է: Եվ չնայած դրան: Ասպարեզում մնում են շրջադարձերը, տակտիկան, պիտ-կանգառը, եղանակը եւ... Չարլի Ուայթինգը: Տակտիկան, ի դեպ, Ֆորմուլա 1-ում բոլոր գործոններից ամենամարդկայինն է:

Մհեր Արշակյան

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում