15:24  ,  10 մարտի, 2013

«Սպարտակը» հաղթեց Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկի շնորհիվ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Գրոզնիի «Թերեկի» նկատմամբ:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Սպարտակի» կազմում իր նորամուտն էր նշում ռուսական Պրեմյեր լիգայում: 29-րդ րոպեին Յուրան գեղեցիկ հարվածով կրկնապատկեց մոսկովյան ակումբի առավելությունը:

76-րդ րոպեին Մովսիսյանը, շրջանցելով պաշտպանին, երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Սպարտակի» կազմում: Րոպեներ անց «Թերեկի» բրազիլացի կիսապաշտպան Մաուրիսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերին չհաջողվեց անել ավելին:

82-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը ծափահարությունների ներքո հեռացավ խաղադաշտից, իսկ «Սպարտակը» պահպանեց հաղթական հաշիվը եւ 35 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող Կրասնոդարի «Կուբանին»:

25-ամյա Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 12-ի՝ միանձնյա գլխավորելով ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Ալեքսանդր Կերժակովը խփել է 10 գնդակ:

Ռուսաստանի առաջնություն. 20-րդ տուր

«Սպարտակ» - «Թերեկ»՝ 3:1

Յուրա Մովսիսյան, 2, 29, 76 – Մաուրիսիո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով