19:31  ,  1 մարտի, 2013

Արման Երեմյան. Եզրափակիչում մրցավարներն օգնեցին ադրբեջանցի մրցակցիս

Մրցավարներն իրենց որոշումներով օգնում էին ադրբեջանցի մրցակցիս, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական թաեքվոնդոյի առաջատար Արման Երեմյանը՝ մեկնաբանելով իր մասնակցությունը Եգիպտոսում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում։

Հիշեցնեք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարի 5-րդ մրցանակակիր Արման Երեմյանը (+80 քաշային կարգ) Alexandira Open խոշոր միջազգային մրցաշարում հասել էր մինչեւ եզրափակիչ:

Վճռական գոտեմարտում Արման Երեմյանի մրցակիցը եղել է ադրբեջանցի Ռամին Ազիզովը: Մենամարտն ավարտվել է 2:2 հաշվով: Լրացուցիչ ռաունդում ոսկե միավորի համար պայքարը եւս ավարտվել է ոչ ոքի` 0:0: Մրցավարների որոշմամբ, հաղթանակը շնորհվել է ադրբեջանցի մարզիկին:

Ռամին Ազիզովը +80 կգ քաշային կարգի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին, իսկ Արման Երեմյանը՝ 11-րդ տեղը։

«Մրցաշարից առաջ ես իմ մարզիչի՝ Վարդան Վարդանյանի հետ մարզումային հավաքի մեկնեցի Վլադիկավկազ։ Փետրվարի 1-ից 11-ը այնտեղ ստուգողական մենամարտեր էի անցկացնում։ Այնուհետեւ մեկնեցի Եգիպտոսի մրցաշարին։ Նշեմ, որ այս անգամ բոլոր ծախսերը հոգացել էր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն։ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան հերթական անգամ հայտարարեց, որ գումար չունի։ Եգիպտոսի մրցաշարը շատ կարեւոր էր ինձ համար։

Թաեքվոնդոյում փոխվել է վարկանիշային մրցաշարերի համակարգը։ Մինչեւ 2015 թվականն անհրաժեշտ է մասնակցել բոլոր օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, որպեսզի հավաքել ինչքան հնարավոր է շատ միավոր։ 2015թ. հոկտեմբերին վարկանիշային աղյուսակի առաջին ութ համարները ինքնաբերաբար կստանան Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բացի այդ, 2016-ին կանցկացվի եւս մեկ օլիմպիական վարկանիշային մրցաշար, որի հաղթողը կստանա ուղեգիր։ Իմ նպատակն է լինել առաջատար ութնյակում։

Եգիպտոսի մրցաշարում հաղթեցի երեք մենամարտերում եւ դուրս եկա եզրափակիչ, որտեղ մենամարտեցի ադրբեջանցի Ռամին Ազիզովի հետ։ Նա 2011թ. աշխարհի չեմպիոնն է եւ վարկանիշային աղյուսակում ընթանում է առաջին տեղում։ Նա լավ մարտիկ է։ Եզրափակիչն ավարտվեց 2։2 հաշվով։ Նա չկարողացավ ոտքով հարվածների համար ստանալ միավոր, իսկ իմ երկու հարվածները արդյունավետ էին։ Ազիզովը մեկ միավոր վաստակեց ձեռքով հարվածի համար, մեկ միավոր էլ ստացավ ինձ տրված շատ կասկածելի երկու տուգանային միավորի համար։ Երկու տուգանային միավորը մրցակցին տալիս է մեկ միավոր։

2։2 հաշվից հետո նշանակվեց լրացուցիչ ռաունդ, որի ժամանակ հաղթում է առաջինը միավոր նվաճած մարզիկը։ Բայց այդ ռաունդն ավարտվեց 0։0։ Եգիպտացի մրցավարները համարեցին, որ իրենց կրոնակիցն արժանի է հաղթանակի։ Ես վստահ եմ, որ դրսեւորվեց կողմնակալություն։ Նրանք նվիրեցին հաղթանակն Ազիզովին»,- նշեց Արման Երեմյանը։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում