10:55  ,  8 փետրվարի, 2013

Արթուր Աբրահամի երջանկության բանաձեւը

NEWS.am Sport-ը սկսում է հարցազրույցների նոր շարք՝ նպատակ ունենալով ներկայացնել հայ մարզիկների կյանքը մարզադահլիճներից դուրս։ Անձնական կյանք, պատկերացումներ ամուսնական կյանքի մասին, ինչպես կառուցել երջանիկ ընտանիք` դրան զուգահեռ շարունակելով մնալ մեծ սպորտում։

Անձնական կյանքի մասին պատկերացումներով եւ բացահայտումներով առաջինը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով  աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

Արթուր Աբրահամի անձնական կյանքի շուրջ ամեն օր հյուսվում են նոր լեգենդներ, նախ` նա հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ապագա ամուսինն էր, ապա` երգչուհի Իվետա Մուկուչյանի ընկերը, հետո էլ` սկսվեցին շրջանառվել լուրեր, թե Արթուր Աբրահամի ընտրյալը  արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դուստր՝ Լուսինե Հովհաննիսյանն է, ով նախկինում եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։

Ոչ առաջինի, ոչ մյուսի, եւ ոչ էլ երրորդի մասին անվանի բռնցքամարտիկը որեւէ մեկնաբանություն չի տալիս, միայն շարունակ պնդում է, որ այս տարի որոշել է ամուսնանալ:

Արթուր, դու Հայաստանում եւ աշխարհում սիրված բռնցքամարտիկ ես, ճանաչված մարդ , քո կյանքը՝ ռինգից դուրս, բոլորին հետաքրքրում է: Անձնական կյանքիդ հանդեպ մարդկանց այսքան մեծ հետաքրքրությունը քեզ չի՞ անհանգստացնում

Ոչ: Եթե մարդիկ հետաքրքրվում են, նշանակում է` դու մարդկանց համար հետաքրքրություն ես ներկայացնում: Իսկ դա արդեն հաճելի երեւույթ է:  Ճիշտ է, հայտնի մարդկանց ազատությունը երբեմն  սահմանափակված է, բայց այն մեծ սերը, որ վայելում ես քեզ ճանաչողների կողմից, արդարացնում է այդ ազատության սահմանափակումը:  

Արթուր, դու հայտարարել ես, որ այս տարի անպայման ամուսնանալու ես։ Ինչպե՞ս ես պատկերացնում քո ամուսնական կյանքը։

Պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին տեսել եմ մեր ընտանիքում` իմ ծնողների կողմից` միմյանց հանդեպ հարգանք, սեր, նվիրվածություն, ուշադրություն, հոգատարություն, փոխըմբռնում, իրար հասկանալու, օգնելու պատրաստակամություն:

Կնոջ մեջ ի՞նչն ես գնահատում եւ ի՞նչը կարող է Արթուր Աբրահամի ուշադրությունը գրավել:

Գնահատում եմ համեստությունը, պարկեշտությունը, խելացիությունը, գեղեցիկ խոսքը, պահվածքը, մի խոսքով` այն ամեն դրականը, ինչը կարելի է կարճ ասել` հայեցի դաստիարակություն: Բնականաբար, արտաքին գեղեցկությունը և հմայիչ լինելը նույնպես կարեւորում եմ:

Մի քանի խոսքով բնութագրիր քո ընտրյալին

 Համեստ, խելացի, գեղեցիկ, կիրթ...

Փաստորեն արդեն սիրտդ զբաղված է:  Ի՞նչից ես հասկացել, որ քո ընտրյալը հենց նա է:  

Նրա մեջ տեսել եմ վերոնշյալ հատկանիշները, գումարած սերը:

Ինչիպիսի՞ ամուսին կլինես դու

Հիմա եթե թվարկեմ հատկանիշներ, կստացվի, որ ինքս ինձ գովում եմ: Ամեն դեպքում, կանեմ հնարավորը`  լավ ամուսին և լավ հայր լինելու համար:

Առավոտյան շուտ սուրճ կհյուրասիրե՞ս կնոջդ` քո ձեռքով պատրաստած

Կլինեմ ուշադիր, հոգատար, նվիրված... Ես սուրճ ընդհանրապես չեմ խմում եւ նրան էլ խորհուրդ կտամ չխմել: 

Իսկ խոհանոցում կօգնե՞ս կնոջդ:

Ոչ, ես խոհանոցային գործերից հեռու եմ:

Խի՞ստ ամուսին կլինես, արգելող: Օրինակ` կարճ մի հագիր, շատ մի խոսիր, մի ծիծաղիր, տանից դուրս չգաս, չաշխատես եւ այլն….

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կարծում եմ, որ նա ինքն իր կամքով ոչ մի հարցում չափը չի անցնի եւ ես ստիպված չեմ լինի ավելորդ խստություն ցուցաբերել:

Եթե մի օր սպորտը խանգարի քո երջանիկ ներդաշնակ ընտանեկան կյանքին, ո՞րը կընտրես:

Սպորտը չի խանգարում երջանիկ, ներդաշնակ ընտանեկան կյանքին, այն ավելի է երջանկացնում: Կարծում եմ, որ նման ընտրության առաջ չեմ կանգնի: Սպորտն իմ կյանքի անբաժան մասն է. դա կգիտակցվի ու կընդունվի նաև իմ ապագա ընտանիքում:

Ի՞նչ կփոխվի քո կյանքում ամուսնությունից հետո:

 Կարծում եմ` ամուսնությունից հետո իմ կյանքում ուրախությունն ու երջանկությունը կավելանա:

Կնշե՞ս հայ տղամարդուն բնորոշ երեք բնավորության գիծ, որ պետք է ունենա յուրաքանչյուր ամուսին

Զավակների համար լինի օրինակելի հայր, ընտանիքի եւ ծնողների առաջ լինի պատասխանատու, կնոջը` նվիրված:

Արթուր, ո՞րն է ըստ քեզ` երջանկութայն բանաձեւը

Իմ պատկերացրած երջանկության  բանաձևը սա է. եթե ունես լավ ընտանիք, ընկերներ, սիրած աշխատանք, երբ հարազատներդ առողջ են, երջանիկ են, երբ սիրված ես, սիրում ես, հարգանք եւ պատիվ ես վայելում, երբ կարողանում ես օգտակար լինել ուրիշներին, երբ բարի գործեր ես անում եւ դրանց մասին կարողանում ես լռել, ուրեմն երջանիկ ես:  

Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում ամուսնալուծություններին;

Վատ է, երբ ընտանիքում միմյանց չեն հասկանում, չեն սիրում, չեն կարողանում հանդուրժել իրար, անհաշտ են, վիճում են եւ ի վերջո ամուսնալուծվում են: Բայց դա ամուսնալուծվողների խնդիրն է, ուրիշ ոչ ոքի, այդ թվում` իմ քննարկման թեման չէ: Ես ամուսնալուծության մասին  մասին չեմ մտածում, որովհետեւ կարծում եմ, որ ընտանիքը սրբություն է եւ այն պետք է աչքի լույսի պես պահպանել: Ես երբեք պատահական ոչինչ չեմ ընտրում, իմ բոլոր որոշումները մտածված են, երկար ծանրութեթև եմ անում, գցում-բռնում, որ հնարավորինս խուսափեմ սխալվելուց:   

Ըստ քեզ ` տղամարդու, այսինքն ամուսնու երեք կարեւոր առաքելությունները  որո՞նք են կյանքում

Հայկական խոսք կա, որի հետ համաձայն եմ. «Տղամարդը պետք է ծառ տնկի, որդի ունենա, տուն կառուցի»: Այս ասույթի մեջ խոր իմաստ կա եւ մեծ խորհուրդ: Ամեն հայ տղամարդ պետք է ձգտի գոնե այս երեքին հասնել:

Երեւանում տեղի ունեցած քո վերջին ասուլիսի ընթացքում մեծ սիրով խոսում էիր քո եղբոր երեխայի մասին: Իսկ ինքդ քանի՞ երեխա ես ցանկանում ունենալ

Երեք որդի: 

Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար: NEWS.am Sport-ը մաղթում է քեզ երջանկություն ապագա ամուսնական կյանքում

Շնորհակալություն:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս