19:16  +04,  30 հունվարի, 2013

Գրիգոր Սեւակ Մխիթարյան. Խիզախ հայ ժողովրդի ոգին շատ կարեւոր դեր է խաղում մեր շախմատիստների հաղթանակներում

«Պայքարող, խիզախ հայ ժողովրդի ոգին շատ կարեւոր դեր է խաղում, մեր շախմատիստների հաղթանակներում, երբ նրանք գնում եւ անում են կարծես անհնարին բաներ: Դա բոլորիս համար մեծ երջանկություն է»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Բրազիլիայի հավաքականի հայ շախմատիստ Գրիգոր Սեւակ Մխիթարյանը։

Գրիգոր, կպատմե՞ս ընտանիքիդ մասին: Խոսո՞ւմ ես հայերեն: Հաճա՞խ ես լինում Հայաստանում:

Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պատմության մասին սովորել եմ դեռ փոքրուց, ծնողներս են սովորեցրել: Մայրս ծնվել է Բրազիլիայում, իսկ հայրս` Լիբանանում: Ես սովորել եմ Սան Պաուլոյի հայկական դպրոցում: Հենց այդ քաղաքում եմ ծնվել եւ մինչեւ այժմ էլ այնտեղ եմ ապրում: Փոքրուց քրոջս հետ պորտուգալերենին հավասար սովորել եմ հայերեն: Եվ շատ ուրախ եմ, որ տիրապետում եմ հայերենին: Դա ինձ օգնում է պահել մեր մշակույթը եւ նույնպես շփվել բոլոր այն հայերի հետ, որոնց ես հանդիպում եմ մրցաշարերի ժամանակ: Շատ անգամ լինում է, երբ մրցաշարերի ժամանակ տեղացի հայերը ինձ հրավիրում են իրենց տուն, միասին ճաշակում ենք հայկական ուտեստներ, լսում հայկական երաժշտություն եւ խոսում մեր սիրելի ազգի մասին: Նրանք բոլորը շատ են ուրախանում՝ տեսնելով, որ իմ ընտանիքը այդքան մեծ կարեւորություն է տվել մեր արժեքների պահպանմանը:

Առաջին անգամ եղել եմ Հայաստանում 1999-ին հայրիկիս հետ: Շատ հիանալի զգացողուոթյուն էր՝ առերես շփվել մեր հնագույն մշակույթի եւ այն ամենի հետ` ինչի մասին ես լսել եմ դեռ մանկուց: Վերջին անգամ եղել եմ Հայաստանում 2010-ի շախմատի Համահայկական Օլիմպիադային:

Ինչպե՞ս ես սովորել շախմատ խաղալ: Հիշո՞ւմ ես քո առաջին քայլերը շախմատում:

Իմ հորեղբայրը շախմատի սիրահար էր, եւ հայրս նրանից սովորել էր շախմատ խաղալ, երբ նրանք դեռ ապրում էին Լիբանանում: Հայրս պատմել է ինձ, որ երբ ես յոթ տարեկան էի, նա տեսավ, որ ես  բարդ գլուխկոտրուկի նման փազլ էի հավաքում: Նա նկատեց, որ ես ունեմ լավ հիշողություն եւ կարող եմ հաճույք ստանալ շախմատի պես տրամաբանական խաղից: Դրանից հետո, ամեն երեկո, երբ հայրս տուն էր վերադառնում մենք մեկ կամ երկու պարտիա շախմատ էինք խաղում նրա հետ: Ես միշտ տխրում էի, որ նա ինձ հաղթում էր: Ինչ-որ պահից սկսած ես իսկապես սկսեցի հետաքրքրվել շախմատով եւ հայրս մարզիչ վարձեց: Սկզբում դա պարզապես հաճույքի համար էր արվում: Միայն չորս տարի անց ես առաջին անգամ մասնակցեցի Սան Պաուլոյի նահանգի առաջնությանը` գրավելով 22-րդ տեղը: Այն ժամանակվա համար անհավանական արդյունք էր դա:

2010-ին դարձար գրոսմայստեր: Ո՞րն է քո կարիերայի առավելագույն նվաճումը:

Այո, դա ամենակարեւոր նվաճումն էր՝ այդքան տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը: Հաջորդ քայլը ՖԻԴԵ-ի ցուցակում իմ արդյունքը բարելավելն է մինչեւ 2552: Եվ հուսամ՝ առաջիկա տարիներին դեռ ավելի կավելացնեմ:

Այս տարի մասնակցում էի Վեյկ Ան Զեե մրցաշարում, ընդգրկված էիր C խմբում: Ի՞նչ կարող ես ասել այդ մրցաշարի մասին:

Հիանալի մրցաշար է։ Հավաքվում են աշխարհի առաջատար շախմատիստները, մեր սիրելի Լեւոն Արոնյանը, աշխարհի գործող չեմպիոնը, շատ տաղանդավոր երիտասարդ շախմատիստներ, ինչպես նաեւ շախմատի հազարավոր սիրահարներ:

Այնտեղ լինելը հիանալի էր ոչ միայն մասնակցության առումով, այլ նաեւ այդ ամենի մասնիկը լինելու, ինչպես նաեւ աշխարհի լավագույն շախմատիստներից ինչ-որ բան սովորելու իմաստով: Միակ խնդիրն այն էր, որ եվրոպական ձմեռը բրազիլացու համար շատ դժվար է տանել:

Որո՞նք են 2013-ի քո նպատակները:

Այս պահին իմ առաջ դրված նպատակը 2600 վարկանիշի հասնելն է, ինչի շնորհիվ ես կբարձրանամ Բրազիլիայի լավագույն շախմատիստների ցուցակի երրորդ հորիզոնական: Այս պահին ես 6-րդն եմ: Եվ ես ցանկանում եմ դա անել` փորձելով հաղթել Բրազիլիայի առաջնությունում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին:

Բրազիլիան ֆուտբոլային երկիր է: Իսկ ինչպե՞ս են այդտեղ վերաբերվում շախմատին:

Շախմատն օր-օրի դառնում է շատ հանրահայտ մարզաձեւ ամբողջ աշխարհում, բայց այստեղ յուրաքանաչյուր մարզաձեւի ներկայացուցչի շատ դժվար է ստանալ այն աջակցությունը, որն ունեն ֆուտբոլիստները: Մարդիկ լսել են շախմատի մասին, բայց նրանք նույնիսկ չգիտեն, թե ովքեր են աշխարհի լավագույն շախմատիստները, կամ ինչպես ենք մենք մասնակցում Օլիմպիադային, որովհետեւ լրատվամիջոցները չեն գրում այդ մասին, եւ մենք չունենք շախմատային մշակույթ, որը կա շատ եվրոպական երկրներում: Այդ պատճառով բրազիլիացի շատ շախմատիստներ միշտ տեղափոխվում են այլ երկրներ` հիմնականում Եվրոպա, որպեսզի մասնակցեն ուժեղ մրցաշարերի եւ մրցեն ուժեղ շախմատիստների հետ, քանի որ դա է քո մակարդակն ապացուցելու միակ ճանապարհը:

Հայ շախմատիստներից ո՞ւմ հետ ես կապ պահում:

Շատերի հետ շփվում եմ ինտերնետով: Միշտ ձգտում եմ նրանց հետ լինել մրցաշարերի ժամանակ, քանի որ նրանց հանդիպելը աննկարագրելի զգացողություն է: Դա մի մեծ ընտանիք է, որին ես էլ եմ պատկանում: Վեյկ Ան Զեեում ես ժամանակս անցկացնում էի Լեւոնի եւ Սերգեյի հետ:

Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի մասին: Ո՞րն է մեր հաջողության գաղտնիքը:

Կարող եմ միայն ասել, որ նրանք անում են անհավանական բաներ։ Հայկական թիմը շատ ուժեղ է։ Վեց տարվա մեջ հաղթել երեք օլիմպիադաներում՝ խոսում է անկարագրելի թիմային ոգու մասին: Ես կարծում եմ դա միայն շախմատիստների, մարզիչների հարցը չէ։ Պայքարող, խիզախ հայ ժողովրդի ոգին շատ կարեւոր դեր է խաղում, երբ մեր շախմատիստները գնում եւ անում են կարծես անհնարին բաներ: Դա բոլորիս համար մեծ երջանկություն է:

Կցանկանայի՞ր մեկ օր միանալ այդ թիմին:

Դա, իհարկե հիանալի կլիներ այդ թիմի մասնիկը լինել: Գուցե, մի օր դա տեղի ունենա:

Ի՞նչ է քեզ համար շախմատը։

Երբ ինձ տալիս են այդ հարցը, ես ասում եմ, որ շախմատն ամեն ինչ է ինձ համար, քանի որ այն արթնացնում է այնպիսի կիրք, որը հաստատ շատ ավելին է, քան մաթեմատիկա: Լավագույն շախմատիստները լավագույնն են ոչ թե բոլոր հնարավոր տարբերակներն անընդհատ հաշվելու շնորհիվ, այլ այն պատճառով, որ նրանք բոլորից լավ են հասկանում այս խաղը եւ սխեմաները, եւ նրանք շատ հաճախ զգում են որն է ճիշտ քայլը՝ անգամ չկարողանալով բացատրել պատճառը: Հենց դա է այս խաղի գեղեցկություններից մեկը: Ես կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ շախմատիստ լինելը կյանքի ոճ է, որը քեզ սովորեցնում է կյանքի եւ մարդկանց մասին շատ բաներ:

Ակտի՞վ ես սոցիալական ցանցերում: Դու ունես քո բլոգը:

Այո, ես արդեն չորս տարի է իմ բլոգն եմ պահում: Այն կարծես՝ հանրահայտ է Բրազիլիայում, բայց ես երբեմն գրառումներ եմ կատարում նաեւ Ֆեյսբուքում եւ Թվիթերում՝ ինֆորմացիա հաղորդելով մրցաշարերի մասին, որոնց մասնակցում եմ:

Ես ցանկանում եմ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետեւում են, քանի որ Բրազիլիայում մենք արդեն ունենք մեծ շախմատային լսարան եւ այդպիսի ճանաչում ունենալն ինձ շատ ուրախացնում է եւ ապացուցում, որ մեկ օր շախմատը մյուս բոլոր մարզաձեւերից ավելի մեծ կարեւորություն կունենա Բրազիլիայում:

Ո՞րն է քո երազանքը:

Ես կստեմ, եթե ասեմ, որ երբեք չեմ երազել դառնալ աշխարհի չեմպիոն, բայց եթե իրատես լինենք, ապա պրոֆեսիոնալ լինելը ինձ դարձնում է ավելի պատասխանատու։ Շախմատի հետ կապված ես ունեմ երկու երազանք՝ շարունակել կատարելագործվել եւ երբեք չբավարարվել եղած արդյունքներով այնքան ժամանակ մինչեւ չդառնամ աշխարհի չեմպիոն։ Ես դա սովորել եմ Հայաստանի հավաքականի մարզիչից։ Իսկ երկրորդ բանը՝ միշտ պահպանել ուժեղ կիրքը շախմատի նկատմամբ եւ շարունակել վայելել այն։ Այն պահին, երբ դու կորցնում ես քո կիրքը, դու այլեւս չես կարող խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով։ Շատերն են այդպես անում, բայց դու արդեն դժվար թե կարողանաս հասնել քո վերջնական նպատակին։

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով