12:10  ,  27 մարտի, 2012

Հայ լողորդները հավակնում են օլիմպիական ուղեգրի

Որքան մոտենում են լոնդոնյան Օլիմպիական խաղերը, այնքան ավելանում են այսպես ասած սպիտակ քարտի մասին խոսակցությունները: Օրինակ՝ լող մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ին (Միջազգային օլիմպիական կոմիտե) կներկայացնի 75-ական մարզիկ-մարզուհու անուն, որոնք պետք է մասնակցած լինեն 2011թ. Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը: Բացի այդ, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ին պարտադիր կտրամադրի ընտրյալների` աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքները:

Շանհայում Հայաստանից հանդես են եկել Միքայել Քոլոյանը եւ Մոնիկա Վասիլյանը: Ազատ լողաոճի 100 մետրում Միքայելը գրանցել է 53.12վ արդյունք, իսկ Մոնիկան նույն ոճում 50 մետրը հաղթահարել է 28.46 վայրկյանում:

Հիշեցնենք, որ Միքայել Քոլոյանը մասնակցել է 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերին: 

Սպիտակ քարտ ստանալու խնդրանքով լողի միջազգային ֆեդերացիա է արդեն դիմել 151 երկրի ազգային ֆեդերացիա: ՄՕԿ-ը  ԱՕԿ-ներին (Ազգային օլիմպիական կոմիտե)  օլիմպիականների հաստատված ցուցակը կուղարկի հունիսի 1-ին:

Հայաստանի լողի հավաքականի  գլխավոր մարզիչ Իգոր Սաֆարյանի ղեկավարությամբ թիմը օրական երկու մարզում է անցկացնում Երեւանում: Մայիսին հայ լողորդները Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում