Շատ եմ ափսոսում: Գոհ եմ իմ տղաներից: Ապրեն տղաները. այն պլանը, որն ունեինք, կարողացանք շատ լավ օգտագործել: Շաղոյանը շատ լավ ֆուտբոլ խաղաց այսօր: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչին խորհուրդ կտամ քիթը չմտցնի իմ գործերի մեջ: Հավաքականում ֆուտբոլիստն իմն է, եւ ես եմ որոշում որքան «տոկը տամ» եւ քանի վոլտ:
Այսպես Կիպրոսի հետ ոչ ոքի արդյունքը մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլի (C2) նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգենի Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Կիպրոսի հավաքականին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
«Պատրաստվել էինք, վերլուծել էինք մրցակցին: Ապրեն տղաները: Այն պլանը, որն ունեինք, կարողացանք շատ լավ օգտագործել: Պլանն աշխատեց. մենք շատ լավ ֆուտբոլ էինք ցույց տալիս: Պատրաստ էինք նրան, որ Կիպրոսը կխաղա երկրորդ համարով: Մեզ մոտ երրորդ զոնայում շատ լավ էր ստացվում սուր խաղալ, վտանգներ ստեղծել: Ճիշտ է, ավարտին չէին հասնում գրոհները, բայց շատ վտանգավոր էինք մրցակցի համար: Թիմը հասկանում էր՝ ինչ էր անում:
Շատ եմ ափսոսում: Աստված տա, որ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները շուտ ապաքինվեն, վերականգնվեն ու հետ գան: Մենք միասին կունենանք ավելի ուժեղ թիմ, մեզ մոտ ավելի լավ արդյունք կլինի: Ես տեսնում եմ, որ թիմը հասկանում է, թե ինչ է անում:
Վերջավորությունները չէին ստացվում, որի պատճառով չստացվեց հաղթել:
Երկար ժամանակ կա, հուսով եմ՝ Բիչախչյանը, Սպերցյանը, Բուենոն, Մուրադյանը, Ֆինը կգան եւ մենք ավելի լավ եւ ուժեղ կազմ կունենանք: Այս կազմն էլ շատ լավն էր խաղադաշտում. պայքարեցին, լավ կարգապահություն ցույց տվեցին: Շատ վստահ ֆուտբոլ էին խաղում:
Բոլորից շատ գոհ եմ եւ մեկնարկային կազմից եւ փոխարինողներից:
Բոլորի խաղից գոհ եմ, այդ թվում Սեւիկյանի խաղից: Միշիեւը ցույց տվեց, որ հավաքականի դարպասապահների մեջ կա մրցակցություն: Գոհ եմ նրա խաղից: Շատ դրվագներում շատ հանգիստ էր, երբ գնում էին իր վրա պրեսինգի: Փորձառու դարպասապահի պես պահեց իրեն: Ուրախ եմ, որ առաջին պաշտոնական խաղում կարողացավ մեզ օգնել:
Ռոտացիայից չեմ վախենում եւ ուզում եմ այժմ տեսնեմ, թե ում հետ եմ շարունակելու այս ճանապարհը:
Ես չեմ հիշում՝ մեր հավաքականն իր պատմության մեջ այս սխեմայով ֆուտբոլ խաղացած լինի:
Վերլուծել էինք եւ մտածում էինք այս սխեմայով կարող ենք փակել մրցակցի ուժեղ կողմերը: Ընդհանուր առմամբ, մենք Կիպրոսի պլանը ջարդել ենք»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
Ժիրայր Շաղոյանի մասին հարցը գլխավոր մարզիչին հունից հանեց եւ կոշտ դիտողություն արեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մանուել Տուլիպային:
«Ժիրայր Շաղոյանն ինչ լավ ֆուտբոլ խաղաց... Տիկնիզյանը միշտ է լավ խաղում, բայց Շաղոյանը ոչ ստաբիլ է խաղում՝ մեկ լավ, մեկ վատ:
Երբ ես ակումբում էի աշխատում եւ ունեի կոնֆլիկտ ֆեդերացիայի հետ ու քննադատում էի ֆեդերացիային, այդ մասին շատերը գիտեն: Հավաքականի գլխավոր մարզիչներ Պետրակովի, Կապարոսի ժամանակ շատ են եղել լավ խաղեր, վատ խաղեր: Ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել մեկնաբանել, քննարկել հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքը, մտնել այդ դաշտ, քննարկել ֆուտբոլիստի խաղը:
Խորհուրդ եմ տալիս բոլոր ակումբների մարզիչներին, զբաղվեք ձեր գործերով, որովհետեւ ես ոչ մի անգամ չեմ մեկնաբանում ակումբին, որովհետեւ այնտեղ կան մարզիչներ: Մեկ անգամ է եղել, «Նոայի» հետ կապված. անձամբ խնդրել եմ հանդիպում գլխավոր մարզիչի հետ ու շատ զգույշ եւ հարգանքով բարձրացրել իմ հարցը: Հրապարակային կյանքում ինձ թույլ չեմ տվել մեկնաբանել:
Հիմա խորհուրդ եմ տալիս եւ խոսքս ուղղում եմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչին. քիթը թող չմտցնի հավաքականի գործերի մեջ: Երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, իմ ֆուտբոլիստն է, ես եմ որոշում: Ես գիտեմ, թե ինչպես աշխատել եւ այսօր այդպես արեցի: Որեւէ մեկին թույլ չեմ տա մտնի իմ գործերի մեջ:
Ես գիտեմ երբ «տոկը տամ, ու քանի վոլտ տամ: Ես գիտեմ ֆուտբոլիստների հետ աշխատելու ձեւը»,- նկատեց Եղիշե Մելիքյանը:
Կիպրոսում հայ ֆուտբոլիստները պարտվել էին 0:2 հաշվով։
Կիպրոսի հավաքականը 8 միավորով ապահովեց երկրորդ տեղը, Հայաստանի թիմն ունի 5 միավոր եւ կմնա երրորդ տեղում։ Վերջին տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 13 նոյեմբերի
23:41 , 12 նոյեմբերի 
23:29 , 12 նոյեմբերի
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի