11:04  ,  12 նոյեմբերի, 2026

Total Chess․ Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է խաղացել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ադրբեջանի առաջատար գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։

Առաջին խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շաhրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Նշենք, որ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը հոլանդացի գրոսմայստեր Յորդեն վան Ֆորեստի հետ։

Առաջին պարտիայում Լևոնը սև խաղաքարերով առավելության է հասել, սակայն երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել։

Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news