19:16  ,  11 նոյեմբերի, 2026

Արտյոմ Բանդիկյան. Պատրաստ ենք վաղվա խաղին

Վաղը յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը թողնենք խաղադաշտում: Կփորձենք փոխել մեր խաղը եւ լավ հանդիպում անցկացնել: Պատրաստ ենք վաղվա խաղին:

Այսպես նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կիպրոսի հավաքականին։

Հայաստանի հավաքականի անդամը լրագրողների հետ զրուցեց հայերենով եւ խնդրեց իրեն հարցերն ուղղել հայերեն:

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական: Վնասվածքից հետո շատ լավ եմ ինձ զգում եւ պատրաստ եմ վաղվա խաղին: Շատ ենք ուսումնասիրել մեր խաղերը, վաղվա մրցակցին: Վաղը յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը թողնենք խաղադաշտում: Կփորձենք փոխել մեր խաղը եւ լավ հանդիպում անցկացնել: Պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասաց Արտյոմ Բանդիկյանը:  

C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում ոչ ոքի արդյունք (0:0) էր գրանցել Չեռնոգորիայի հետ խաղում: Կիպրոսում թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել էին դաշտի տերերը։

Հայաստան – Կիպրոս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին եւ կմեկնարկի 21:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում