Կարեն Ասլանյան. Շատ ուրախ եմ հաղթանակիս համար, վերջապես ոսկին նվաճեցի (տեսանյութ)

08:35   29 հոկտեմբերի, 2026

Շատ ուրախ եմ հաղթանակիս համար: Վերջապես, Աստծո կամքով, ոսկին նվաճեցի: Չեմ կարծում, որ իմ ոսկե մեդալով թիմին փրկեցի, որովհետեւ մեր թիմը փրկվելու կարիք չունի: Ամբողջ աշխարհը գիտի, թե հունահռոմեական նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները որքան հզոր են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին: Ամեն մեկն իր լուման ունի այս հաղթանակում: Սա բոլորիս հաղթանակն է:

Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 31-ամյա Կարեն Ասլանյանը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Կարեն Ասլանյանը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ Աստանայից վերադարձել է հայրենիք:

«Այս աշխարհի առաջնությունում ավելի սառնասիրտ էի, հանգիստ եւ հավաքված: Շատ լավ աշխատանք էինք տարել թիմով, որն իր արդյունքը տվեց:

Գոտեմարտերից առաջ իմ առջեւ նպատակ չէի դնում արագ վերջացնել: Դուրս էի գալիս իմ գործն անելու, շատ հանգիստ եւ առանց ավելորդ մտքերի, ինչպես ամեն անգամ լինում էր: Շատ հանգիստ էի: Այսկերպ ավելի լավ ստացվեց: Վերջապես, Աստծո կամքով, ոսկին նվաճեցի:

Եզրափակիչում հաղթելուց հետո գիտակցում էի, որ դարձա աշխարհի չեմպիոն: Էմոցիաներս շատ մեծ էին, լիարժեք հոգեբանորեն բավարարված էի ինձ զգում, քանի որ իմ այսքան տարիների աշխատանքն ասես գնահատվեց այս ոսկե մեդալով:

Մեր թիմը շատ մեծ աշխատանք էր տարել աշխարհի առաջնությունից առաջ: Գորգի վրա կարողանում էի լսել մարզիչներին եւ անել այն, ինչ մշակել էինք հավաքների, մարզումների ընթացքում: 

Չեմ կարծում եւ չեմ կարող ոչ մի դեպքում ասել, որ իմ ոսկե մեդալով թիմին փրկեցի: Չեմ համարում, որ մեր թիմը փրկվելու կարիք ունի, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, թե հունահռոմեական նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները որքան հզոր են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի բոլոր տղաներին: Ամեն մեկն իր լուման ունի այս հաղթանակում: Մրցավայրում բոլորս միմյանց օգնում էինք, նույն Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը. շատ ենք օգնել իրար: Սա բոլորիս հաղթանակն է եւ սա սպորտ է. մի օր մեկը պարտվում է, մյուսը հաղթում: Թիմի փրկվելու մասին խոսք չի կարող լինել: Բոլորը գիտեն Մալխասի ուժը. նա աշխարհի ամենակայուն ըմբիշներից մեկն է:

Ինչ վերաբերում է մրցակիցներիս եւ մրցակցությանը, բոլորի հետ առաջին անգամ էի գոտեմարտում, բացառությամբ եզրափակիչի մրցակցի՝ ադրբեջանցուց: Նրան գորգում հանդիպել էի 2024 թ. աշխարհի առաջնությունում եւ պարտվել: Այստեղ ռեւանշը ստացվեց:

Բոլորն էլ արժանի մրցակիցներ էին: Կիսաեզրափակիչում Էդմոնդ Նազարյանի հետ գոտեմարտը բարդ ստացվեց, քանի որ մենք նաեւ մտերիմ ընկերներ ենք: Այս պարագայում ավելի է բարդանում պայքարը, բայց երկուսս էլ հասուն մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ մրցագորգում այդ 6 րոպեների ընթացքում պետք է գոտեմարտենք եւ դրանից հետո ոչինչ չի կարող փոխվել մեր հարաբերություններում: Կիսաեզրափակիչից հետո զրուցեցինք, միմյանց խորհուրդներ տվեցինք հաջորդ գոտեմարտերի համար»,- ասաց Կարեն Ասլանյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.