Նախորդ գիշեր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկին չեմպիոնական տրամադրություն էր. երկրպագուները, մարզաշխարհի ներկայացուցիչները դիմավորում էին աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանին, հավաքականի անդամներին եւ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, որոնք Հայաստանի թիմի հետ վերադարձան հայրենիք:
Կարեն Ասլանյանը, Գեւորգ Թադեւոսյանը, թիմը եւ մարզիչները Աստանայից վերադարձան հոկտեմբերի 29-ին կեսգիշերն անց 02:16-ին Աստանա-Ստամբուլ-Երեւան չվերթով:
Կարեն Ասլանյանին եւ Գեւորգ Թադեւոսյանին ժամանման սրահում սպասում էին մեծ թվով երկրպագուներ, հարազատներ, ընտանիքի անդամներ, ընկերներ: Աշխարհի չեմպիոնին եւ բրոնզե մեդալակրին դիմավորեցին ծափահարություններով եւ դափնիներով, որոնք ըմբիշներին հանձնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:
Կարեն Ասլանյանի ընկերները չեմպիոնի ժամանման սրահ դուրս գալուն պես յուրահատուկ ձեւով շնորհավորեցին 31-ամյա ըմբիշին չեմպիոնության առթիվ. աշխարհի չեմպիոնին թռցրին օդ:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու մեդալ՝ մեկ ոսկե եւ մեկ բրոնզե:
Մարզական կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Կարեն Ասլանյանը, որը 63 կգ քաշայինների եզրափակիչում 8:4 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին: Ասլանյանը Մամադլիին մրցագորգում հանդիպել էր 2024 թ. աշխարհի առաջնությունում, որտեղ պարտություն էր կրել:
Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց 87 կգ քաշային Գեւորգ Թադեւուսյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն այս առաջնությունում մեդալ չնվաճեց: Որակավորման փուլում ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին (1:1) հաղթելուց հետո, Ամոյանը 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:10 , 29 հոկտեմբերի 
14:11 , 29 հոկտեմբերի 
13:30 , 29 հոկտեմբերի
13:06 , 29 հոկտեմբերի
12:17 , 29 հոկտեմբերի 
12:08 , 29 հոկտեմբերի
11:04 , 29 հոկտեմբերի
10:27 , 29 հոկտեմբերի
10:06 , 29 հոկտեմբերի
09:10 , 29 հոկտեմբերի