23:52  ,  25 հոկտեմբերի, 2026

Սպորտային մարմնամարզության ԱԱ․ Հայաստանը չորրորդն է մեդալային հաշվարկում

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը չորրորդն է մեդալային հաշվարկում։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Մեր տղաները պատմություն են կերտում։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը գրանցեց փայլուն արդյունք՝ նվաճելով 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։

Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալ հենացատկում։

Համլետ Մանուկյան՝ ոսկե մեդալ նժույգ թափերում։

Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալ նժույգ թափերում։

Արթուր Ավետիսյան՝ բրոնզե մեդալ օղակների վարժությունում։

Մեդալային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում։

Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։

4 մասնակից, 4 մեդալ՝ 100% մեդալային արդյունավետություն։

Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։

Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- նշվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print