21:16  ,  22 հոկտեմբերի, 2026

Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին

Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Իտալիայի Կովերչիանո քաղաքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, անցկացված Unity EURO Cup-ի 5-րդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել է ռեկորդային՝ 22 թիմ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Լիգայի փուլում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել է Մալթայի հավաքականին, 1։1 հաշվով ավարտել հանդիպումն Իտալիայի հետ, ապա 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը։ Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է լավագույն 12 թիմերի շարքում և դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ 1։2 հաշվով պարտվել է Հունաստանի հավաքականին և ավարտել մրցելույթը։

Հայաստանը Unity EURO Cup-ին մասնակցում է 2023 թվականից․ նախորդ տարի եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվել էր Ֆինլանդիային։

ՈՒԵՖԱ և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործակցությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել սոցիալական ներառականությունը՝ միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում