16:27  ,  8 սեպտեմբերի, 2026

Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտը կանցկացնի RAF-ում. մրցակիցը հայտնի է

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայի մրցաշարում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի 27-ամյա ամերիկացի ըմբիշ Օստին Դեսանտոն:

Արսեն Հարությունյանը Օստին Դեսանտոյի հետ գոտեմարտում կփորձի նվաճել RAF մրցաշարի չեմպիոնական գոտին:

«Դե ինչ, մրցակիցս արդեն հայտնի է…

Այս հայտարարությունն ինձ ավելի մեծ էներգիա ու մոտիվացիա տվեց։ Մեզ շատ հետաքրքիր, լարված ու դիտարժան գոտեմարտ է սպասվում։ Պատրաստ եղե՛ք»,- սոցցանցերում գրել է Արսեն Հարությունյանը:

Հարությունյան-Դեսանտո դիմակայությունը կլինի երեկոյի գլխավոր գոտեմարտը:

Արսեն Հարությունյանը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում