16:12  ,  17 օգոստոսի, 2026

«Արարատ-Արմենիան»՝ երկրպագուներին. Ունենք ձեր աջակցության կարիքը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում օգոստոսի 20-ին կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ: 

Մեկնարկել է արտագնա հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտարարել է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հյուրերի համար նախատեսված 17-րդ սեկտորի տոմսերը հնարավոր է ձեռք բերել հղմամբ:

«Ռումինիայի Կրայովա քաղաքում օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00 (Ռումինիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» - «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին հանդիպմանն ունենք ձեր աջակցության կարիքը:

Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու աջակցությունն անգնահատելի մեծ նշանակություն ունի մեր ակումբի հաջողությունը և հաղթանակը կերտելու գործում:

Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»»,- նշված է ակումբի հայտարարությունում:

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում չէր կարողացել հաղթահարել Սլովենիայի «Ցելիեի» արգելքը։

Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան» Եվրոպայի լիգայի երրորդ փուլում պայքարից դուրս է թողել Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ին (1:1, 2:1)։

Փլեյ-օֆֆի պատասխան խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English