«Ի՞նչ իմաստ ունի ապրել, եթե մտածես, որ ամեն բան արդեն կանխորոշված է: Շախմատիստներին ավելի հեշտ է կյանքում պայքարել իրավիճակների դեմ, փորձել ինչ-որ բան փոխել»:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը:
Սերգեյ, ամփոփենք 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:
Ինձ համար շախմատային առումով հաջող տարի էր: Բացի Օլիմպիադայից նաեւ Եվրոպայի թիմային առաջնությունում մեր թիմը լավ խաղաց: Գրավեցինք երկրորդ տեղը: Մնացած առումներով, արտասովոր բաներ չեն գրանցվել, բայց քանի որ դարձանք Օլիմպիադայի չեմպիոն, ինձ համար այս տարին հաջող եմ համարում: Լավագույն պահը երեւի այն էր, երբ Ստամբուլում բարձրացվեց մեր եռագույնը:
Նահանջ տարիները հաճախ դժվար եւ ծանր են ստացվում հաճախ: Նման բան չե՞ս զգացել:
Այս տարի նահանջ տարի՞ էր (ծիծաղում է): Այդ մեկ օրը բան չի փոխում: Եթե ամեն ծանր տարի այսպիսին լինի` ես համաձայն եմ:
Այս տարվա ամենահետաքրքիր գիրքը, որ կարդացել ես:
Այս տարի վերընթերցեցի Չակ Պալանիկի «Խեղդել» գիրքը: Ինչպես նաեւ կարդում էի իսլանդական դետեկտիվներ: Ես երկու անգամ եղել եմ Իսլանդիայում եւ այնտեղի կոլորիտը լրիվ այլ է:
Ի՞սկ դիտած ֆիլմը:
Վերջինը, որ դիտել եմ եղել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Ժամանակի հանգույց» ֆիլմն է: Այն ապագայի մասին է եւ շատ հետաքրքիր միտք կա այնտեղ: Շատ ֆիլմեր եմ դիտել այս տարի, բայց այս պահին դժվար է մտաբերել:
Կա՞ այնպիսի գիրքը, որը խորհուրդ կտաս կարդալ:
Ես կառանձնացնեմ Անդրեյ Պլատոնովի եւ Այզեկ Ազիմովի գրքերը: Վերջինս մի հիսուն տարի առաջ է գնացել մեզնից: Եվ ում մոտ երեւակայությունը շատ ուժեղ է, ես նրանց խորհուրդ կտայի այդ գրքերը:
Եթե ժամանակը մեկ տարով հետ տային, ինչ-որ բան կփոխեի՞ր քո կյանքում:
Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն չունենք:
Սիրո՞ւմ ես ամանորյա տոները:
Եվրոպայում առաջնայինը Սուրբ Ծննդյան տոնն է: Ես միշտ նկատում եմ, որ մարդիկ այս տոներին դառնում են ավելի ջղային, մտահոգ: Չգիտեն, թե ինչ առնել: Ինձ համար տոններն այդքան ել մեծ նշանակություն չունեն: Ես աշխատում եմ ամեն օրը երջանիկ ապրել եւ չկապել այն կոնկրետ օրվա հետ:
Եվրոպայի հետ նշում եք Սուրբ Ծննուդը, իսկ Նոր տարին ավելի համե՞ստ, թե՞ հայկական ավանդույթի համաձայն առաջնայինը Ամանորն է:
Մենք Պրահայում այդքան էլ շատ սերտ կապեր չունենք հայ համայնքի հետ: Շախմատիստների մոտ շատ հաճախ այնպես է լինում, որ տոների ժամանակ մրցումների ենք մասնակցում: Այս վերջին ամիսները ինձ համար շատ ծանր էին գրաֆիկի առումով: Դեռ չգիտեմ, թե ինչպես եմ նշելու այս տոները: Երեւի ծնողներիս ու ընկերներիս հետ:
Նվերներ տալ սիրո՞ւմ ես:
Սիրում եմ, բայց ոչ պարտականության պես հենց այդ օրը: Նվերներ միշտ պետք է անել եւ սրտանց:
Ամանորի ամենահիշվող նվերը:
Ես միշտ փոքրուց շատ էի սիրում, երբ ինձ գիրք էին նվիրում եւ միշտ սպասում էի: Իսկ խորհրդային ժամանակաշրջանում գիրք գտնելն այդքան էլ հեշտ չէր:
Ի՞նչ ես կարծում, մարդն իր երջանկության դարբին է, եւ սխա՞լ է կարծել, թե ամեն բան կանխորոշված է:
Ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում ապրել, եթե մտածես, որ ամեն բան արդեն կանխորոշված է: Շախմատիստներին ավելի հեշտ է կյանքում պայքարել իրավիճակների դեմ, փորձել ինչ-որ բան փոխել:
Ամեն բան հնարավո՞ր է փոխել:
Բաներ կան, որ չես կարող փոխել, բայց դրանք շատ քիչ են: Մարդ պետք է չհանձնվի: Ամեն մարդ կարող է փոխել իր կյանքն այնքանով, որքանով նա ցանկանում է: Կարծում եմ` Լեւոն Արոնյանի կյանքը շատերի համար վառ օրիակ է:
Շախմատային մտածելակերպը երբեմն չի՞ խանգարում առօրյա կյանքում: Չի՞ լինում, որ հասարակ կյանքի դրվագները, որոնք պետք է ապրել էմոցիայով, քեզ մոտ տեղ են տալիս հաշվարկները:
Իհարկե, հիմնականում փորձում ենք մի քանի քայլ առաջ նայել, հաշվել: Բայց ես կարծում եմ, որ դա կյանքում ավելի օգուտ է, քան թե վնաս, իհարկե երբեմն պետք է իմպուլսիվ որոշումներ կայացնել, բայց մեզ մոտ դա ավելի քիչ է ստացվում:
Կանե՞ս մի բան, եթե կասկածես, որ գուցե հետագայում քեզ դրանից վնաս լինի:
Եթե հստակ իմանամ, որ վատ է լինելու, պարզ է` չեմ անի, բայց հասարակ բաներում շախմատիստներն ավելի մտածված են գործում: Այդ պատճառով սխալվելու հավանականությունն էլ փոքր է: Բայց իհարկե դժվար է իմանալ, թե հետագայում ինչպես կստացվի:
Ասում են, թե տղամարդը պետք է իր կյանքում անի երեք բան` տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի: Ըստ քեզ՝ ի՞նչ երեք բան պարտավոր է իր կյանքի ընթացքում անել տղամարդը:
Ամեն մարդ ինքը կիմանա, թե ինչ է իր համար առաջնային: Կարիերայի ավարտին նա արդեն կիմանա՝ իր առջեւ դրված նպատակներին հասել է, թե չէ: Չգիտեմ, որքան է այժմ ակտուալ տունն ու ծառը: Ես երեսուն անց եմ եւ անգամ հիմա կդժվարանամ պատասխանել այդ հարցին, թե ընտանիքից հետո ինչ է կարեւոր: Շախմատային հաջողությունները, թե հանգիստ կյանքը: Դժվար հարց է:
Եթե հնարավորություն ունենայիր հայտնվել այլ ժամանակաշրջանում, ո՞րը կընտրեիր:
Միջնադարյան Փարիզում, երբ գիտությունը դեռ այսքան զարգացած չէր: Ես ինքս կցանկանայի ինչ-որ բան ստեղծել, իմանալ:
Երջանկության քո բանաձեւը:
Այն ամենը, ինչ ես անում եմ՝ անեմ հաճույքով եւ դա չդառնա աշխատանք: Շատ ուրախ եմ, որ շախմատն ինձ այդ հնարավորությունը տալիս է: Այն օրը, երբ զգամ՝ այդպես չէ, կսկսեմ մտածել, թե ինչ նոր բանով կարելի է զբաղվել:
Ընկերությունը դա…
Ընկերությունը խորը բան է: Ինչպես ռուսներն են ասում ընկերությունը ջրով չես բաժանի` որքան միասնական, այնքան ուժեղ: Մեր հավաքականը դրա վառ ապացույցն է:
Իսկ ի՞նչ է սերը:
Ես շատ ուրախ եմ, որ չի կարելի բացատրել, թե ինչ է սերը, բանաձեւեր գրել: Կյանքում ամենագեղեցիկ բաները նրանք են, որոնք անհնար է բացատրել բանաձեւերով, թեորեմներով:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում