Թբիլիսիի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում արդյունքներ չունեցանք երիտասարդների փորձի պակասի պատճառով: Հայաստանի հավաքականն այժմ համալրված է երիտասարդներով, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում: Լավ կազմով եւ ակնկալիքներով ենք պատրաստվում Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ձյուդոյի Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականների աշխատանքը համակարգող, հավաքականի նախկին անդամ, Լոնդոն-2012 եւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Դավթյանը:
Ձյուդոյի Հայաստանը հավաքականը մարտի 23-26 Թբիլիսիում մասնակցեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարին: Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Հայաստանի 3 ներկայացուցիչից բաղկացած թիմը անհաջող մասնակցեց մրցաշարին եւ ձեռնունայն վերադարձավ Երեւան:
Ըստ մարզիչի, պատճառը երիտասարդների փորձի պակասն է, իսկ Հայաստանի այս պահին լավագույն ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Մեծ Սաղավարտի» մրցաշարը եւ վերականգնվելուց հետո կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:
Թբիլիսիի մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը եռօրյա միջազգային հավաք է անցկացրել տարբեր հավաքականների հետ:
Հովհաննես, երեք ձյուդոիստով մասնակցեցիք «Մեծ Սաղավարտի» մցաշարին: Ի՞նչն էր անհաջող մրցելույթների պատճառը:
Թբիլիսիի «Մեծ Սաղավարտին» մասնակցել է երիտասարդներից բաղկացած թիմը: Տատամի դուրս եկան Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) եւ Գոռ Կարապետյանը (100 կգ): Տղաներն առաջին անգամ էինք մեծահասակների պայքարում:
Այս մրցաշարում փորձարկեցինք նրանց եւ հիմնական նպատակը փորձի ձեռքբերումն էր: Հասկանալի է, որ մեր ձյուդոիստները փորձի պակաս ունեն, եւ սա լավ հնարավորություն էր նրանց համար:
«Մեծ Սաղավարտից» հետո երեք օր հավաքի մասնակցեցինք, որը նույնպես կարեւոր էր նրանց համար: Այդ հավաքին մասնակցում էին Թբիլիսիի մրցաշարին մասնակցող բոլոր երկրների թիմերը:
Ինչո՞ւ մեծահասակները չմասնակցեցին «Մեծ Սաղավարտին»: Պատրա՞ստ չէին:
Այս պահին մեր լավագույն ձյուդոիստներից 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշարը: Առջեւում մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է, կարեւոր էր, որ նա վերականգնվի վնասվածքից հետո եւ պատրաստվի առաջնությանը:
Այս տղաները նոր են համալրել մեծահասակների կազմը, եւ մենք նրանց հնարավորություն էինք տվել փորձել իրենց ուժերը: Նրանց առաջին տարին է մեծահասակների կազմում, որոնց թվում է նաեւ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վահե Աղասյանը: Նա առաջին անգամ էր մեծահասակների կազմում մասնակցում մրցաշարի: Մասնակցում էր նաեւ պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Գոռ Կարապետյանը: Նա նույնպես նոր է համալրել կազմը: Այս տղաներին շատ անհրաժեշտ է միջազգային մրցաշարերում փորձի ձեռքբերումը: Ֆեդերացիան այս ուղղությամբ ամեն ինչ անում է: Տղաներն ապագայում մեր հիմնական կազմն են լինելու եւ նրանց հետ շարժվելու ենք դեպի Օլիմպիական խաղեր: Ինչպես նախկինում ասել էի, երիտասարդների վրա է շեշտադրությունը:
«Մեծ Սաղավարտից» հետո մասնակցեցիք միջազգային հավաքի: Ո՞ր երկրների թիմերի հետ էր հավաքը:
Այդ հավաքին շուրջ 40 երկրի թիմեր էին մասնակցում: Մեծ միջազգային հավաք էր: Հիմնականում աշխատեցինք տատամիի վրա, գոտեմարտեր արեցինք: Սա նույնպես կարեւոր էր երիտասարդների համար:
Ի՞նչ փուլերով կպատրաստվեք Եվրոպայի առաջնությանը: Կազմը որոշվա՞ծ է:
Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 16-19-ը, նորից Թբիլիսիում:
Թիմի կազմը կլինի նույնը՝ Վահե Աղասյան, Արտակ Թորոսյան եւ Գոռ Կարապետյան: Նրանց կմիանա Աշիկ Անդրեյանը, եթե լիարժեք ապաքինված եւ պատրաստ լինի տատամի դուրս գալուն: Հիշեցնեմ, որ անցած Եվրոպայի առաջնությունում, Չեռնոգորիայում Աշիկը հասավ մինչեւ բրոնզե մեդալի համար պայքարին: 60 կգ քաշային կարգում գրավեց 5-րդ տեղը։
Աշխարհի առաջնությունում մեր ձյուդոիստն ուսի վնասվածք ստացավ, վիրահատվեց: Այժմ վերականգնվում է: Դեռ լիարժեք չի ապաքինվել: Բարդ վնասվածք էր: Նշեմ, որ ֆեդերացիայի ջանքերով է անցել վիրահատությունը եւ վերականգնողական փուլը:
Նախօրեին ենք վերադարձել Երեւան: Թիմն այստեղից կմեկնի Նալչիկ, որտեղ ապրիլի 2-14-ը հավաք կանցնի եւ կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Այնտեղից կուղեւորվենք Թբիլիսի:
Ի՞նչ սպասելիքներ կան Եվրոպայի առաջնությունից:
Ինչպես արդեն նշեցի, մեր թիմը երիտասարդ է: Մասնակցելու ենք նորից մեծահասակների հավաքականը նոր համալրած երիտասարդներով: Մեծ ակնկալիքներ ունենք նրանցից, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ ինչ-որ բան ասել: Հետագայում էլ այս տղաների հետ մեծ հույսեր ենք կապում: Սպասում ենք լավ մասնակցություն: Ամեն ինչ կախված է նաեւ Աշիկ Անդրեյանի վերականգնվելուց: Վահե Աղասյանից նույնպես սպասելիքներ կան, բայց այդ մասին չեմ ուզում շտապել խոսել: Մեր մարզաձեւում ամեն ինչ հնարավոր է: Ակնկալիքներով ենք մեկնում Եվրոպայի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի