20:12  ,  17 դեկտեմբերի, 2012

ՀՀ ՊՆ Բանակի մարզական ակումբը ծանրորդներին առանց հիմնավորման թույլ չի տվել մեկնել հավաքի

Այս օրերին Հայաստանի ծանրամարտի հավաքականը տարեվերջյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Սակայն մի քանի ծանրորդներ, որոնք այժմ գտնվում են զինծառայության՝ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, զրկվել են հավաքին մասնակցելու հնարավորությունից: ՀՀ պաշպանության նախարարը մերժել է հավաքին մասնակցելու մասին՝ ծանրամարտի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարի դիմումը: Իսկ օրենքով ծառայության մեջ գտնվող այն մարզիկները, որոնք հավաքագրված են տվյալ մարզաձեւի ազգային հավաքականներում, իրավունք ունեն մասնակցելու ուսումնամարզական հավաքների եւ կարեւորագույն միջազգային մրցաշարերին: Թե ինչ հիմքով է մերժվել 45 օր առաջ ուղարկված դիմումը, պարզ չէ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Ուսումնամարզական հավաքը, որը կտեւի միչեւ դեկտեմբերի 25-ը, առաջիկա չորս տարվա օլիմպիական ցիկլի ծրագրի շրջանակներում է անցկացվում: Բայց այսօր Բանակի կենտրոնական մարզական ակումբից չեն ազատում մարզիկներին այդ հավաքին մասնակցելու համար: Ընդհանուր՝ 6-7 մարզիկներ են, որոնց մեջ է նաեւ Հայկ Հակոբյանը: Այդ մարզիկները օդից կախված վիճակում են մնացել: Մենք ունենք պայմանագիր պաշտպանության նախարարի եւ մեր` Սպորտի նախարարի միջեւ, որ եթե մարզիկները հավատարմագրված են  ուսումնամարզական հավաքների կամ միջազգային մրցաշարերին, մարզական վաշտից ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է նրանց հանձնել ֆեդերացիաների տրամադրության տակ: Սպորտի նախարարությունը պարտավորվում է դրա մասին պաշտպանության նախարարությանը դիմումով տեղեկացնել 25 օր առաջ: Ես դիմումը գրել եմ 45 օր առաջ: Սա զինծառայության հետ կապված հարց է, կարող է եւ ուսումնամարզական հավաքը կամ միջազգային մրցաշարը երկրորդական-երրորդական համարվել, բայց ամեն դեպքում սպորտի մասին էլ պետք չէ մոռանալ: Հետո էլ կանգնում ասում են` բա մեդալներն ո՞ւր են… Բա այսօր պիտի մասնակցեն այդ հավաքներին, որ վաղն ասեն` ուր են մեդալները, մենք պատասխան ունենանք: Եթե այսօր մենք բոլորս` սկսած երկրի նախագահից վերջացրած ամենավերջին հավաքարարով ու պահակով չլծվենք այս գործին՝ չորս տարվա օլիմպիական ցիկլին, անպայման մի տեղ մի ճեղք կլինի եւ չենք հասնի մեր նպատակին: Հայկ Հակոբյանին մնացել էր չորս օր, որ մեկներ Իսրայել՝ աշխարհի եւ ուսանողական խաղերին մասնակցելու համար, նա դեռ գտնվում էր զինծառայության մեջ: Ինչ էր դա նշանակում՝ չգիտեմ: Բանակի մարզական ակումբի նպատակն ու խնդիրները պետք է վերցնեն կարդան, եւ հետո նոր մարզիկին ուղարկեն այնտեղ ծառայության: Նույն պատմությունը եղավ նաեւ անցյալ տարի. ծանրորդ Հայկ Հակոբյանը Աբովյան քաղաքում գտնվում էր ուսումնամարզական հավաքի, որտեղից նրան տարան 15-օրյա ծառայության, նոր ուղարկեցին աշխարհի առաջնության: Նույնիսկ թշնամին այդպիսի բան չէր անի՝ կափսոսար այդ մարզիկի աշխատանքը, եթե ոչ պետության թափաց փողերը: Իսկ ինչ է նշանակում ծանրորդին մեկ շաբաթ չմարզվել՝ նշանակում է երկու ամիս հետ ընկնել:

Ծաղկաձորյան հավաքին նույն Հայկ Հակոբյանն այլեւս չի կարող մասնակցել: Մարզումների փոխարեն նա պարապ նստելու է վաշտում: Իսկ Բանակի մարզական ակումբում նույնիսկ կահավորված մարզադահլիճ, կամ հասարակ մի պտտաձող չկա մարզվելու, մարզավիճակը պահելու համար: Հայաստանի բանակի մարզական ակումբի անունը պետք է փոխվի, «ստից վաշտ» գոնե դնեն: Եթե սպորտային վաշտ է, պետք է ծառայի առաջին հերթին սպորտին, հետո նոր բանակին: Եթե պետությունը սպորտով չի զբաղվում, գոնե թող հնարավորություն տան մենք զբաղվենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հարցին, թե ինչու երկրորդ անգամ դիմում չեն գրում պաշտպանության նախարարին, Փաշիկ Ալավերդյանը զայրացավ.

«Ինչո՞ւ… Որպես ի՞նչ… Ես գրեմ, նրանք ասեն՝ ոչ: Ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ: Մեր` սպորտի նախարարն ունի չէ՞ ինքնասիրություն, նա գրի մյուս նախարարն ասի` ոչ: Եվ հետո… Սա նախարարներից չի գալիս, այլ այն մարդկանց «շնորհքն» է, որոնք աշխատում են բանակի մարզական ակումբում: Նրանք չենք կարողանում կամ չեն ցանկանում բացատրել իրենց նախարարին ու ասեն` մենք այդ 40-50 մարզիկին, սպորտային սերուցքը հավաքել ենք, որ չորս տարի  հետո նրանցից մի բան ուզենք: Էլ ինչու են սպորտային վաշտում ծառայում, լավ էլ խոշոր ամրակազմ տղերք են, թող գնան սահմաններում ծառայեն, ինչ է եղել: Ահա թե ումից եւ որտեղից է սկսվում մեր տապալումներն ու վատ ելույթները Օլիմպիական խաղերում»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով