20:12 17 դեկտեմբերի, 2012Այս օրերին Հայաստանի ծանրամարտի հավաքականը տարեվերջյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Սակայն մի քանի ծանրորդներ, որոնք այժմ գտնվում են զինծառայության՝ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, զրկվել են հավաքին մասնակցելու հնարավորությունից: ՀՀ պաշպանության նախարարը մերժել է հավաքին մասնակցելու մասին՝ ծանրամարտի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարի դիմումը: Իսկ օրենքով ծառայության մեջ գտնվող այն մարզիկները, որոնք հավաքագրված են տվյալ մարզաձեւի ազգային հավաքականներում, իրավունք ունեն մասնակցելու ուսումնամարզական հավաքների եւ կարեւորագույն միջազգային մրցաշարերին: Թե ինչ հիմքով է մերժվել 45 օր առաջ ուղարկված դիմումը, պարզ չէ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Ուսումնամարզական հավաքը, որը կտեւի միչեւ դեկտեմբերի 25-ը, առաջիկա չորս տարվա օլիմպիական ցիկլի ծրագրի շրջանակներում է անցկացվում: Բայց այսօր Բանակի կենտրոնական մարզական ակումբից չեն ազատում մարզիկներին այդ հավաքին մասնակցելու համար: Ընդհանուր՝ 6-7 մարզիկներ են, որոնց մեջ է նաեւ Հայկ Հակոբյանը: Այդ մարզիկները օդից կախված վիճակում են մնացել: Մենք ունենք պայմանագիր պաշտպանության նախարարի եւ մեր` Սպորտի նախարարի միջեւ, որ եթե մարզիկները հավատարմագրված են ուսումնամարզական հավաքների կամ միջազգային մրցաշարերին, մարզական վաշտից ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է նրանց հանձնել ֆեդերացիաների տրամադրության տակ: Սպորտի նախարարությունը պարտավորվում է դրա մասին պաշտպանության նախարարությանը դիմումով տեղեկացնել 25 օր առաջ: Ես դիմումը գրել եմ 45 օր առաջ: Սա զինծառայության հետ կապված հարց է, կարող է եւ ուսումնամարզական հավաքը կամ միջազգային մրցաշարը երկրորդական-երրորդական համարվել, բայց ամեն դեպքում սպորտի մասին էլ պետք չէ մոռանալ: Հետո էլ կանգնում ասում են` բա մեդալներն ո՞ւր են… Բա այսօր պիտի մասնակցեն այդ հավաքներին, որ վաղն ասեն` ուր են մեդալները, մենք պատասխան ունենանք: Եթե այսօր մենք բոլորս` սկսած երկրի նախագահից վերջացրած ամենավերջին հավաքարարով ու պահակով չլծվենք այս գործին՝ չորս տարվա օլիմպիական ցիկլին, անպայման մի տեղ մի ճեղք կլինի եւ չենք հասնի մեր նպատակին: Հայկ Հակոբյանին մնացել էր չորս օր, որ մեկներ Իսրայել՝ աշխարհի եւ ուսանողական խաղերին մասնակցելու համար, նա դեռ գտնվում էր զինծառայության մեջ: Ինչ էր դա նշանակում՝ չգիտեմ: Բանակի մարզական ակումբի նպատակն ու խնդիրները պետք է վերցնեն կարդան, եւ հետո նոր մարզիկին ուղարկեն այնտեղ ծառայության: Նույն պատմությունը եղավ նաեւ անցյալ տարի. ծանրորդ Հայկ Հակոբյանը Աբովյան քաղաքում գտնվում էր ուսումնամարզական հավաքի, որտեղից նրան տարան 15-օրյա ծառայության, նոր ուղարկեցին աշխարհի առաջնության: Նույնիսկ թշնամին այդպիսի բան չէր անի՝ կափսոսար այդ մարզիկի աշխատանքը, եթե ոչ պետության թափաց փողերը: Իսկ ինչ է նշանակում ծանրորդին մեկ շաբաթ չմարզվել՝ նշանակում է երկու ամիս հետ ընկնել:
Ծաղկաձորյան հավաքին նույն Հայկ Հակոբյանն այլեւս չի կարող մասնակցել: Մարզումների փոխարեն նա պարապ նստելու է վաշտում: Իսկ Բանակի մարզական ակումբում նույնիսկ կահավորված մարզադահլիճ, կամ հասարակ մի պտտաձող չկա մարզվելու, մարզավիճակը պահելու համար: Հայաստանի բանակի մարզական ակումբի անունը պետք է փոխվի, «ստից վաշտ» գոնե դնեն: Եթե սպորտային վաշտ է, պետք է ծառայի առաջին հերթին սպորտին, հետո նոր բանակին: Եթե պետությունը սպորտով չի զբաղվում, գոնե թող հնարավորություն տան մենք զբաղվենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հարցին, թե ինչու երկրորդ անգամ դիմում չեն գրում պաշտպանության նախարարին, Փաշիկ Ալավերդյանը զայրացավ.
«Ինչո՞ւ… Որպես ի՞նչ… Ես գրեմ, նրանք ասեն՝ ոչ: Ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ: Մեր` սպորտի նախարարն ունի չէ՞ ինքնասիրություն, նա գրի մյուս նախարարն ասի` ոչ: Եվ հետո… Սա նախարարներից չի գալիս, այլ այն մարդկանց «շնորհքն» է, որոնք աշխատում են բանակի մարզական ակումբում: Նրանք չենք կարողանում կամ չեն ցանկանում բացատրել իրենց նախարարին ու ասեն` մենք այդ 40-50 մարզիկին, սպորտային սերուցքը հավաքել ենք, որ չորս տարի հետո նրանցից մի բան ուզենք: Էլ ինչու են սպորտային վաշտում ծառայում, լավ էլ խոշոր ամրակազմ տղերք են, թող գնան սահմաններում ծառայեն, ինչ է եղել: Ահա թե ումից եւ որտեղից է սկսվում մեր տապալումներն ու վատ ելույթները Օլիմպիական խաղերում»:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.