17:27  ,  17 դեկտեմբերի, 2012

Սպորտի նախարարը հերքում է մեդալի մաքսազերծման համար 47 000 դրամ պահանջելու փաստը. ՀԾՖ գլխավոր քարտուղարը վճարել է 470 դրամ

«Նման բան չկա, Փաշիկ Ալավերդյանի տված ինֆորմացիան` հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման մասին, չի համապատասխանում իրականությանը», ասաց NEWS.am Sport-ի խմբագրություն ահազանգած Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը  հերքեց  ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի տարածած հայտարարությունն այն մասին, թե հայ ծանրորդի նվաճած մեդալը մնացել է մաքսակետում եւ դրա դիմաց մաքսային ծառայությունը պահանջում է 47 000 դրամ մաքսազերծման գումար:

«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա: Ես հերքում եմ այդ լուրը: Փաշիկ Ալավեդրյանի տիրապետած ինֆորմացիան անիրական է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Մաքսատնից քիչ առաջ վերադարձած Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ մեդալը վերցրել է մաքսատնից՝ վճարելով ոչ թե 47 հազար դրամ, այլ՝ 470 դրամ։

«Ես այսօր գնացի մաքսակետ, այնտեղ ինձ ասացին, որ մեդալի դիմաց գումար չեն պահանջել մաքսազերծման համար: Ինձ մաքսակետի աշխատողներն ասացին, որ ոչ թե 47 000 դրամ են պահանջել, այլ 470 դրամ պետական հարկ: Երբ ես Ադրբեջանում եմ եղել, ինձ ասել էին, որ մաքսակետից թղթեր են եկել, որ մեդալը Հայաստան տեղափոխելու համար պահանջվում է 47 000  դրամ գումար: Ես դեռ այն ժամանակ զարմացա, թե նման բան չի կարող լինել: Այդ պատճառով էլ այսօր հասա մաքսակետ: Հենց այս պահին մաքսակետից վերադառնում եմ Երեւան, մեդալն էլ ձեռքիս է: Մուծել եմ 470 դրամ գումար պետական հարկ եւ մեդալը այժմ կհասնի իր հասցեատիրոջը: Փաստորեն 470-ի եւ 47 000-ի  զրոների սխալմունք է եղել: Ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա: Ես վերադառնում եմ մաքսակետից, առանց որեւէ ֆինանսական տույժ վճարելու»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր.

«Մեր լավագույն ծանրորդներից Հայկ Հակոբյանը 2011թ. համաշխարհային ուսանողական խաղերում գրավել էր չորրորդ տեղը: Ոսկե մեդալակիրը դոպինգ օգտագործելու համար հետագայում որակազրկվել է եւ մեր մարզիկը բարձրացել է երրորդ տեղ եւ նվաճել բրոնզե մեդալ: Նրան վերադարձվել է բրոնզե մեդալը: Ուսանողական սպորտի միջազգային կազմակերպությունը ուղարկել է մեդալը Հայաստան: Սակայն այդ մեդալը այժմ մնացել է Հայաստանի Արարատյան մաքսակետում: Հայաստանում այդ մեդալը ներկրելու համար մաքսազերծում են պահանջում` 47 հազար դրամ: Ասում են՝ արի մուծի այդ գումարը, մեդալդ տանք քեզ։ Այդ մեդալն արժե ընդամենը 10 եվրո` մեր գումարով 5 հազար դրամ: Իսկ սահմանին ասում են` բա ծախս ենք արել, բերել, հասցրել ենք այստեղ, պիտի մաքսազերծենք»։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս