09:06  ,  8 փետրվարի, 2026

Կարինա Ակոպովան՝ Միլանից․ Բացման արարողությունը տպավորիչ էր, աննկարագրելի զգացողություններ ապրեցինք

Սկզբում նույնիսկ չէինք հասկանում, որ ամեն ինչ արդեն իրականում տեղի է ունենում: Երբ դուրս եկանք «Սան Սիրո» մարզադաշտ, ասես հեքիաթում լինեինք. մեծ հիացմունք ապրեցինք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական քաղաքից ասաց գեղասահորդ, 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան:

Հայաստանի օլիմպիական հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մասնակցեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Միլանում բացմանը Հայաստանից մասնակցում էին գեղասահորդները, Կորտինայում՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դուրս եկավ շրքերթի:

Միլանում օլիմպիականների շքերթում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովան էր: Մարզական քաղաքացիությունը փոխած եւ հայրենիք վերադարձած հայուհին առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերի:

«Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տպավորիչ էր: Աննկարագրելի զգացողություններ ապրեցինք շքերթով անցնելիս: Սկզբում նույնիսկ չէինք հասկանում, որ ամեն ինչ արդեն իրականում տեղի է ունենում, բայց երբ դուրս եկանք «Սան Սիրո» մարզադաշտ, ասես` հեքիաթում լինեինք. մեծ հիացմունք ապրեցի։

Մինչեւ բացման արարողության մեկնարկը, Ice Skating Arena-ի օլիմպիական սահադաշտում առաջին մարզումն անցկացրինք: Սառույցը հրաշալի է։ Այժմ արդեն ուղեւորվում ենք Շվեյցարիա, որտեղ հավաք կանցնենք մինչեւ մեկնարկի օրը»,- ասաց Կարինա Ակոպովան:

Կարինա Ակոպովան Instragam-ի reel բաժնում ներկայացրել է իր մեկ օրը օլիմպիական Միլանում:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը Շվեյցարիայում հավաք կանցնեն մինչեւ փետրվարի 13-ը:

Փետրվարի 15-ին կարճ ծրագրում Հայաստանի սպորտային զույգը հանդես կգա Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:  Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին է:

Ազատ ծրագրի մրցումը փետրվարի 16-ին է, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News