09:06 8 փետրվարի, 2026Սկզբում նույնիսկ չէինք հասկանում, որ ամեն ինչ արդեն իրականում տեղի է ունենում: Երբ դուրս եկանք «Սան Սիրո» մարզադաշտ, ասես հեքիաթում լինեինք. մեծ հիացմունք ապրեցինք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական քաղաքից ասաց գեղասահորդ, 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան:
Հայաստանի օլիմպիական հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մասնակցեց 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Միլանում բացմանը Հայաստանից մասնակցում էին գեղասահորդները, Կորտինայում՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դուրս եկավ շրքերթի:
Միլանում օլիմպիականների շքերթում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովան էր: Մարզական քաղաքացիությունը փոխած եւ հայրենիք վերադարձած հայուհին առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերի:
«Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տպավորիչ էր: Աննկարագրելի զգացողություններ ապրեցինք շքերթով անցնելիս: Սկզբում նույնիսկ չէինք հասկանում, որ ամեն ինչ արդեն իրականում տեղի է ունենում, բայց երբ դուրս եկանք «Սան Սիրո» մարզադաշտ, ասես` հեքիաթում լինեինք. մեծ հիացմունք ապրեցի։
Մինչեւ բացման արարողության մեկնարկը, Ice Skating Arena-ի օլիմպիական սահադաշտում առաջին մարզումն անցկացրինք: Սառույցը հրաշալի է։ Այժմ արդեն ուղեւորվում ենք Շվեյցարիա, որտեղ հավաք կանցնենք մինչեւ մեկնարկի օրը»,- ասաց Կարինա Ակոպովան:
Կարինա Ակոպովան Instragam-ի reel բաժնում ներկայացրել է իր մեկ օրը օլիմպիական Միլանում:
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը Շվեյցարիայում հավաք կանցնեն մինչեւ փետրվարի 13-ը:
Փետրվարի 15-ին կարճ ծրագրում Հայաստանի սպորտային զույգը հանդես կգա Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին է:
Ազատ ծրագրի մրցումը փետրվարի 16-ին է, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23:00-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.