17:43  ,  6 փետրվարի, 2026

Ռուբեն Նազարթեյան. Մարզահամերգային համալիրից նեղացած ենք. մեր հաշվին բարձրացրել են դահլիճի վարձակալության գինը

Ինձ համար Եվրոպայի առաջնության հաղթանակը Դավիթաշենում կառուցվող ֆուտզալի դպրոցն է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից նեղացած ենք. մեր հաշվին բարձրացրել են դահլիճի վարձակալության գինը: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, որն ամփոփել է Եվրոպայի առաջնությունում իր գլխավորած թիմի մրցելույթները: 

Ասուլիսի ընթացքում Ռուբեն Նազարեթյանն իր հետ բերել էր ֆուտզալի նոր մարզադպրոցի հատակագիծը, որը նախատեսվում է կառուցել Երեւանի Դավիթաշենում: 

«Ինձ համար Եվրոպայի առաջնության հաղթանակը Դավիթաշենում կառուցվող ֆուտզալի դպրոցն է: Խորվաթիայի խաղից առաջ վարչապետի հետ քննարկվեց այս դպրոցի կառուցվման հարցը: Անմիջապես ձեռնամուխ եղանք, քննարկեցինք:  Կառավարության կողմից մեկ տարվա ընթացքում այն կկառուցվի, որը կունենա 2500 տեղանոց ստադիոն: Գուցե այն դառնա ազգային հավաքականի տնային հանդիպումների ստադիոն, եթե չբավականացնի, կփորձենք ընդհանուր համաձայնության գալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ: Այս պահին համալիրից նեղացած ենք. մեր հաշվին բարձրացրել են դահլիճի վարձակալության գինը: 

Երկու օրվա նախախաղային մարզման եւ եւ բուն խաղի համար վարձակալության գինը կազմում է 10 մլն դրամ: 

Եթե Դավիթաշենի ստադիոնը մեզ չբավականացնի, կդիմենք Կառավարությանը եւ կխնդրենք մարզահամերգային համալիրի հետ գալ համաձայնության մի քիչ զեղջերով մեզ տրամադրեն դահլիճը: 

Ֆուտզալը Հայաստանում դառնալու է համար մեկ մարզաձեւը: Այն շատ սիրված է այժմ, այս հաղթանակների հետո ավելի է մեծացել հետաքրքրությունը: Եվ երբ ֆուտզալն ընդգրկվի Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում, մենք կդառնանք Հայաստանում համար մեկ մարզաձեւը թիմային պայքարում», - ասաց Ռուբեն Նազարեթյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print