09:43  ,  21 հունվարի, 2026

Գագիկ Սարգսյան․ Ո՛չ կողքի երկրի ղեկավարը, ո՛չ որեւէ այլ մեկը մեզ չի կարող ճնշել «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Հասունացել էր հրաժարականիս պահը: Միքայելի քայլի վերաբերյալ պարզաբանման պահանջը հատեց բոլոր սահմանները... Այն պետական քաղաքականությունը, որը «տարվում» է սպորտի ոլորտում, ինձ համար անընդունելի է եւ տանում է դեպի անդունդ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Սարգսյանը:

Հունվարի 20-ին Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ֆեդերացիայի նախագահի լիազորությունները վայր դնելու որոշման մասին:

Գագիկ Սարգսյանի հրաժարականը տեղի ունեցավ Հայաստանի առաջատար դահուկորոդ Միքայել Միքայելյանի քայլի եւ դրան հաջորդող իրադարձությունների ֆոնին: Հիշեցնենք, որ  Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում հայ մարզիկը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի՝ «Ադրբեջան» անվանունը: Նրա քայլը բուռն արձագանք էր ստացել հանրության շրջանում: ԿԳՄՍ նախարարության պարզաբանում էր պահանջել Միքայել Միքայելյանի քայլի վերաբերյալ: Գագիկ Սարգսյանը պատասխանել էր, որ հայ մարզիկի քայլը պարզաբանման կարիք չունի եւ հրապարակել էր ԿԳՄՍ-ի հետ հարցուպատասխանը:

Պարոն Սարգսյանը, ինչո՞ւ հրաժարական տվեցիք:

Երբ ես եկա ֆեդերացիա, այն չուներ ոչինչ: 21 տարիների ընթացքում ձեռք ենք բերել եւ ունեցել ենք ամեն ինչ՝ Աշոցքի դահուկային կենտրոն, Ծաղկաձորի դահուկային կենտրոն, տեխնիկա, սարքավորումներ, միջազգայնորեն հավաստագրված սահուղիներ, միջազգային մրցաշարեր: Այդ ամենը մենք ստեղծել ենք:

Շատ բարդ է ղեկավարել սպորտի ոլորտը, եթե սպորտով չես զբաղվել եւ ոլորտի հետ առնչություն չես ունեցել: Տարիներ շարունակ խնդիրներ են կուտակվում ու երբ դու պատկերացում չունես՝ ինչպես ղեկավարել, հասարակ, լուծելի խնդիրը դառնում է անլուծելի: Հայաստանում երկու տարբերակ է գործում՝ կամ չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ: Երկու դեպքում էլ ողբերգություն է: Հասնում է մի օր, երբ հասկանում ես՝ քո բուն գործունեությունը, զարգացման լուրջ ծրագրերը, նպատակները թողած, զբաղվում ես տեխնիկական խնդիրներ լուծելով, որոնք պետք է վաղուց նախարարությունը լուծած լիներ: Ամբողջ ժամանակդ եւ ռեսուրսներդ ծախսում ես նրա վրա, թե ե՞րբ կկնքեն պայմանագիրը, կկնքե՞ն, թե՞ ոչ, ե՞րբ կփոխանցեն գումարը, ինչպե՞ս կընդունեն հաշվետվությունը...

Երբ գալիս է մեզ ֆինանսավորելու ժամանակը, ասում են՝ արդյունք ցույց տվեք, ֆինանսավորենք: Եթե, ի սկզբանե անհավասար պայմաններ են ամառային մարզաձեւերի հետ, ինչո՞վ արդյունք ցույց տանք. մեկ մարզադպրոցով 30 մարզադպրոցի դե՞մ, մեկ մարզիչով 101 մարզիչի դե՞մ, թե՞ 15 մարզվողով, 115 մարզվողի դեմ:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ունի 13.5 միլիոն դրամ ֆինանսավորում: Ունենք պետական մարզադպրոց, որի սաները ֆեդերացիայի կողմից հատկացված միկրոավտոբուսով են գնում մարզումների, ֆեդերացիայի կողմից տրամադրվող ձյունագնացներով պատրաստում դահուկուղիներ եւ մարզվում: Հարց՝ եթե դու պետություն ես, ունես պետական մարզադպրոց եւ այդ մարզադպրոցի գոնե նվազագույն պահանջները չես ապահովում, էլ ի՞նչ արդյունք ես պահանջում, որի հիման վրա էլ մեզ պետք է ֆինանսավորում ավելացնես:

Ֆեդերացիայի ֆինանսավորումը 2025 թ.-ին եղել է 13 միլիոն, 330 հազար դրամ: Գիտե՞ք  ֆեդերացիան որքան հարկ է վճարել 2025-ին, 9 միլիոն դրամից ավելի: Կարելի է չէ՞ մտածել, որ այս ֆեդերացիան 9 միլիոն պետությանը հարկ է վճարել, գոնե ֆինանսավորումն ավելացնենք կիսով չափ: Դահուկավազքի պետական մարզադպրոցի ֆինանսավորումն, իմ տեղեկություններով, 70 միլիոն դրամ է. 6 անգամ ավելին: Հայտարարում են, որ պետական բյուջեով մի քանի անգամ մեծացրել են սպորտին հատկացվող գումարները: Եթե 2025 թ.-ին մի քանի անգամ մեծացել է, ինչպե՞ս է ստացվում, որ մեր ֆեդերացիան ստացել է 2024 թ. բյուջեի չափով գումար: Որտե՞ղ է մեծացել. շոուների համար է մեծացել:

Որքանո՞վ կապ ունի Ձեր հրաժարականը Միքայել Միքայելյանի հետ կապված վերջին իրադարձությունների հետ: Ճնշումներ եղա՞ն Ձեզ վրա, որ հրաժարական տվեցիք: 

Այս հարցին կուզեի անդրադառնալ, քանի որ շատ եմ կարդում՝ ճնշումներ, հատկապես կողքի պետության ղեկավարի ճնշմամբ եւ այլն: Գուցե արձագանքս մի փոքր կենցաղային հնչի, բայց ոչ կողքի երկրի ղեկավարը, ոչ որեւէ այլ մեկը մեզ չի կարող ճնշել «Ադրբեջան» գրառումը փակելու համար: Ինձ ճնշել առավել եւս որեւէ մեկը չի կարող: Բոլորն ինձ լավ են ճանաչում, նույնիսկ նախարարությունում լավ գիտեն, որ ինձ ճնշել, ուղղակի, հնարավոր չի:

Ի՞նչ տեղի ունեցավ նախարարության կողմից պարզաբանման պահանջից եւ Ձեր հրապարակային պատասխանից հետո: ԿԳՄՍ-ն արձագանքե՞ց:

Կզարմանայի, եթե արձագանք լիներ, որովհետեւ ակնհայտ փաստին արձագանք չկա: Այն պետական քաղաքականությունը, որը «տարվում» է սպորտի ոլորտում Հայաստանում, ինձ համար անընդունելի է եւ տանում է դեպի անդունդ: «Տարվել» ասելով, նկատի ունեմ, որ չի տարվում: Չկա սպորտի քաղաքականություն, միայն խոսվում է այդ մասին:

Ձեր բարձրաձայնած խնդիրները տարիների կուտակված են, ինքներդ էլ փաստում եք այդ մասին: Այս պահին ի՞նչը դարձավ որոշման վերջնական պատճառ:

Չի եղել որեւէ տարաձայնություն, զրույց: Ընդամենը հասկացա, որ կա մոտեցումների, տեսակետների, պատկերացումների շատ մեծ տարբերություն: Հասկացա, որ այլեւս հնարավոր չի շարունակել: Միքայելի քայլի վերաբերյալ պարզաբանման պահանջը հատեց բոլոր սահմանները... Միքայելը մեր երկրի մարզիկն է, այն մարզիկն է, որը բարձր է պահել մեր երկրի պատիվը գրեթե բոլոր աշխարհամասերում, Հայաստան է ճանաչել տվել: Այսօր այդ մարզիկն առաջին հերթին ունի պետության աջակցության կարիքը, իսկ իրենք պարզաբանում են ուզում այդ մարդուց, փոխարենը՝ մարզիկին եւ մարզիչին հրավիրեին, հանդիպեին եւ քննարկեին խնդիրը: Միքայելը մեր երկրի թիվ մեկ դահուկորդն է եւ, ցավոք, մենք չունենք նրա նման երկրորդը:

Միքայել Միքայելյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշել էր, որ իր քայլի վերաբերյալ պարզաբանման պահանջը նորմալ կընդուներ, եթե ԿԳՄՍ-ն ցանկանար հասկանալ, թե ինչպես է օրինակ «Ադրբեջան» գրությունը հայտնվել իր շապիկի վրա: Ինչո՞վ այն Ձեզ համար հատեց սահմանները:

Ինչպես էր, օրինակ, «Ադրբեջան» գրությունը հայտնվել Միքայելի շապիկի վրա, ԿԳՄՍ-ն պարզաբանման կարիքը չուներ, քանի որ, իմ ջանքերով, խնդրին ավելի վաղ են ծանոթ եղել: Այստեղ հստակ պահանջ է եղել պարզաբանել, թե ինչու է փակել գրությունը:  Ստացվում է այդպես: Մի փոքր հետ գնամ, ես մանրամասնեմ, թե ինչպես ԿԳՄՍ-ն գիտեր այս խնդրի մասին:

Գարնանը միջազգային ֆեդերացիայի նախագահության նիստում արդեն հայտարարվել էր, որ Ադրբեջանը դառնալու է հովանավոր: Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ իմ շատ մտահոգ քննարկումից եւ մի շարք առաջատար դահուկային պետությունների ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերից հետո, գրություն ստացանք, որտեղ անդրադարձ կար նաեւ Հայաստանի մտահոգություններին: Այնտեղ գրված էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության եւ այլն: Ես այդ բոլոր փաստաթղթերը, գրությունները, նյութերը տվել եմ ԿԳՄՍ փոխնախարարին եւ խնդրել եմ քննարկել նախարարի հետ եւ ինձ ասել մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը: Ինձ շատ պետք էր  իմանալ, թե մեր երկիրն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանի ընտրության հարցում, քանի որ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր դիրքորոշումը, որոշում ձայն տալ, թե ոչ: Այս ամենը եղել է Միքայելի քայլից շատ ամիսներ առաջ՝ 2025 թ. ամռանը: Ադրբեջանի հովանավոր լինելու, միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու մտադրության եւ գրությունների փաթեթը փոխնախարարին ուղարկելուց հետո, այդ մարդիկ ինձ համար դարձան անհասանելի. չեն պատասխանել զանգերիս եւ այդպես էլ չասացին, թե որն է մեր երկրի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, եւ ես ինչ դիրքորոշում պետք է հայտնեմ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին, որտեղ Ադրբեջանը պետք է ընտրվեր լիիրավ անդամ:

Ստացվում է՝ ԿԳՄՍ-ն պարզաբանման կարիք չունե՞ր այս տեսակետից:

Այո, կարիք չունեին իմանալու, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է ստացվել, որ այդ անունը հայտնվել է Միքայելի շապիկին: Սա ուղիղ պահանջ էր, թե ինչու է մարզիկը փակել այդ երկրի անունը, քո երկրի մարզիկի, երկրի շահերը պաշտպանելու փոխարեն, թե ինչու է այդպիսի քայլ արել: 

Առջեւում Միլան-2026-ն է: Ի՞նչ է լինելու Ձեր հրաժարականից հետո: Ի՞նչ հետեւանքներ կարող են լինել Օլիմպիական խաղերին պատրաստվող դահուկորդների համար:

Ինձ հետ հրաժարական է տվել նաեւ գլխավոր քարտուղարը: Կընտրվի նոր նախագահ, նոր կազմ, իսկ մեր թիմը, մեր մարզիկները կլինեն ավելի ուժեղ եւ արժանապատիվ: Ի դեպ, արդեն օլիմպիական քվոտաները բաժանվել են: Ունենք երեք մասնակից դահուկային մարզաձեւերում՝ տղաներից՝ Միքայել Միքայելյան, աղջիկներից՝ Կատյա Գալստյան եւ լեռանադահուկորդ Հարություն Հարությունյան: Ավելի քան վստահ եմ, որ մեր օլիմպիականները պատվով կմասնակցեն, կներկայացնեն մեր երկիրը եւ բարձր արդյունքներ կգրանցեն: Այս իրադարձությունները հոգեպես չեն ճնշի նրանց, հակառակը՝ ավելի կուժեղացնեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News