Հայաստանի հավաքականը հուսալի ձեռքերում է. Եղիշե Մելիքյանը բնավորություն ունի: Հավաքականում խաղալը պատիվ է: Համոզված եմ, բոլորի համար է այդպես: Մենք կունենանք հաղթանակներ. այս թիմի եւ այս մարզիչի հետ հավատ կա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյան:
38-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է եղել, խաղացել է նաեւ «Իմպուլսում», «Ուլիսում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում: 2009/10 մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն եւ ճանաչվել տարվա լավագույն դարպասապ:
Հավաքականի նախկին դարպասապահն այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ շարունակում զբաղվել ֆուտբոլով:
NEWS.am Sport-ը Գրիգոր Մելիքսեթյան հետ զրուցել է ազգային հավաքականում անցկացրած տարիների, ֆուտբոլային կարիերայի, հայկական ֆուտբոլի ներկայիս խնդիրների եւ ապագայի մասին:
Գրիգոր, Դուք ֆուտբոլային կարիերան սկսել եք «Փյունիկից», հանդես եք եկել տարբեր ակումբներում, նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում: Ձեր վերջին՝ «Էկովիլ» ակումբում խաղալուց հետո տեղախովեցիք ԱՄՆ: Ի՞նչու որոշեցիք հեռանալ Հայաստանից :
2024 թ. մրցաշրջանից հետո ընտանիքով որոշեցինք մեկնել ԱՄՆ հանգստի: Գալով ԱՄՆ, ստացա առաջարկ տարբեր ակումբներից եւ որոշեցի կարիերաս շարունակել այստեղ:
Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ «Փյունիկից» 2004 թ.: Սկզբում հանդես էի գալիս «Փյունիկ 2»-ում, ապա տեղափոխվեցի գլխավոր թիմ: 2008 թ.-ից «Փյունիկի» հիմնական դարպասապահն էի: Լավագույն տարիներն էին ինձ համար, քանի որ խաղում էի լեգենդար ֆուտբոլիստների հետ՝ Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Ռաֆայել Նազարյան...
«Փյունիկում» իմ անցկացրած տարիներին մեծ փորձ ձեռք բերեցի: 2008-ից երեք տարի անընդմեջ «Փյունիկի» կազմում հռչավեցի Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, Սուպերգավաթակիր: 2009 թ. մրցաշրջանում ճանաչվել եմ Հայաստանի լավագույն դարպասապահ: Այդ տարի առաջին անգամ հրավեր ստացա ազգային հավաքական:
Ինչպե՞ս ստացվեց ազգային հավաքական հրավերը:
Հայաստանի հավաքական հրավիրվելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է: Ամեն ֆուտբոլիստի չի հաջողվում արժանանալ այդ պատվին: Միեւնույն ժամանակ նաեւ շատ պատասխանատու է լինել ազգային հավաքականի անդամ: Այդ ժամանակ գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր, որն էլ ինձ հրավիրեց հավաքական: Միայն դրական հիշողություններ ունեմ կարիերայիս այդ շրջանից: Հավաքականում անցկացրած տարիները, յուրաքանչյուր հանդիպումը, թիմը, ֆուտբոլիստները եւ նրանց հետ կապված բոլոր հիշողությունները շատ թանկ են ինձ համար: Ունեցել ենք շատ գեղեցիկ հաղթանակներ, հիշարժան պահեր, դրվագներ, լավ հնարավորություններ: Միշտ ուրախ եւ հպարտ եմ եղել, որ հրավիրվել եմ ազգային հավաքական:
Շատ լավ եմ հիշում իմ նորամուտի խաղը. Սերբիայի հետ ընկերական հանդիպումն էր: Բարդ խաղ էր: Ճիշտ է՝ պարտվեցինք 0:2 հաշվով, բայց այդ հանդիպումը շատ ջերմ եմ հիշում: Առաջին խաղում հասկացա, թե ազգային հավաքականը, հավաքականի ոգին, թիմի անդամ լինելն ինչ է ֆուտբոլիստի համար: Հետագայում տարբեր տարիներին էլի հրավիրվեցի հավաքական, բայց առաջին հրավերն ինձ համար յուրահատուկ էր եւ տպավորիչ:
Ամենահիշարժան խաղը Ձեր մասնակցությամբ ո՞րն է եղել:
Հավաքականի կազմում ամենահիշարժան խաղը Ռումինիայի հետ 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղն էր: Խաղում էինք մրցակցի ստադիոնում՝ Բուխարեստում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: Նշանակվեց 11-մետրանոց հարված, որը ես հետ մղեցի: Այս խաղում վերջին րոպեին գոլ ընդունեցինք եւ պարտվեցինք, բայց կարող էինք 10 ֆուտբոլիստով փրկել խաղը: Այդ խաղում բոլոր ֆուտբոլիստները հերոսացան, իմ խաղն էլ բարձր գնահատավեց մասնագետների կողմից:
Իմ ֆուտբոլային կարիերայում պատմական ու հիշարժան է մինչեւ 21 տարեկանների հավաքականում Թուրքիայի հետ հանդիպումը, որը երբեք չեմ մոռանա, կարծում եմ՝ ոչ ոք չի մոռանա, քանի որ այն հայկական ֆուտբոլի պատմության լավագույն հանդիպումներից է: 2008թ․ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում «Հրազդան» ստադիոնում ընդունեցինք Թուրքիայի հավաքականին եւ հաղթեցին 2:1 հաշվով: Իսկապես պատմական խաղ էր, «Հրազդան» ստադիոնը լեփ-լեցուն էր: Առաջին գոլի հեղինակը Հովհաննես Գոհարյանն էր, երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: «Հրազդանը» ցնծում էր:
Ինչպե՞ս է դասավորվել ակումբային կարիերան:
«Փյունիկից» տեղափոխվեցի «Փայքան», որի կազմում դարձա երկրի չեմպիոն: Այնուհետեւ նորից վերադարձա Հայաստան եւ տեղափոխվեցի «Գանձասար Կապան»: Այստեղ անցկացրել եմ 5 գեղեցիկ ու հիշարժան մրցաշրջան: «Գանձասար Կապանի» կազմում ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձել ենք Հայաստանի փոխչեմպիոն եւ գավաթակիր, որը մեզ հնարավորություն տվեց մասնակցել Եվրոպայի լիգային: Այստեղ էլ լավ ելույթներ ունեցանք:
5 մրցաշրջան այստեղ անցկացնելուց հետո ստիպված եղա փոխել ակումբս, քանի որ «Գանձասար Կապանը» դադարեցրեց իր գործունեությունը: Ես տեղափովեցի Երեւանի «Արարատ», որի կազմում նույն մրցաշրջանում դարձանք Հայաստանի գավաթակիր: 2021 թ. «Արարատից» վերադարձա իմ հարազատ ակումբ «Փյունիկ», որի կազմում նույն տարում դարձանք Հայաստանի չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանն անցկացրի «Էկովիլում»: Սա իմ վերջին ակումբն էր որտեղ հանդես եկա մինչեւ 2024 թ.:
Ազգային հավաքականն այժմ երիտասարդացել է, մարզիչները պարբերաբար փոխվում են, բայց արդյունքները դեռ մնում են նույնը՝ առանց նշանակալի հաղթանակների: Ի՞նչ կասեք այսօրվա հավաքականի մասին: Ի՞նչ խնդիրներ կընդգծեք:
Եթե ընդհանուր խոսենք հայկական ֆուտբոլի մասին, ակումբային մակարդակում առաջընթաց կա: «Նոան», «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ուրարտուն» ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են հրավիրում եւ լավ արդյունքներ են գրանցում: Ցավոք, ակումբային ֆուտբոլում առաջընթացը չի օգնում, որ ազգային հավաքականն ավելի բարձր մակարդակով հանդես գա: Կարծում եմ՝ այս շրջանում անհաջող մրցելույթները կապված են երիտասարդ թիմ ունենալու հետ: Ազգային հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեծ փորձ ունի: Ես աշխատել եմ նրա հետ «Փյունիկում» եւ վստահ եմ, որ նա ելք կգտնի այս բարդ իրավիճակից դուրս գալու համար: Հավաքականը հուսալի ձեռքերում է: Վստահ եմ, որ Մելիքյանի գլխավորությամբ գնալով թիմն ավելի արդյունավետ եւ գեղեցիկ ֆուտբոլ կխաղա:
Եղիշե Մելիքյանը շեշտը դրել է թիմային ոգու վրա: Ինչպիսի՞ն էր նախկինում թիմային ոգին, երբ Դուք էիք խաղում եւ այն կորիզը, որի կենտրոնում մեր լեգենդար ֆուտբոլիստներն էին, եւ ինչպիսի՞ն եք հիմա տեսնում այդ ոգին:
Նախկինում, որքան ես հանդես եմ եկել հավաքականում, միշտ եղել է այդ թիմային ոգին, միասնականությունը: Բոլորս, մեկս մյուսին քաջալերելով, փորձել ենք թիմին առաջ տանել: Շատ խաղեր հաղթել ենք թիմային ոգու շնորհիվ: Միշտ կարոտում եմ հավաքականում խաղալը:
Թե ինչպիսին է թիմի ոգին հիմա, չեմ կարող ասել, քանի որ ներսում չեմ, բայց վստահեցնում եմ, որ Եղիշե Մելիքյանը ճիշտ ուղու վրա է: Շատ կարեւոր է, որ թիմում լավ մթնոլորտ լինի, թիմային ոգին բարձր լինի: Մելիքյանի գլխավորությամբ թիմային ոգին լավագույնս դրսեւորվեց «Փյունիկում»: Նա շատ լավ էր կարողանում թիմին տրամադրել յուրաքանչյուր խաղին: Մենք հստակ գիտեինք՝ ինչպես եւ ինչի համար դուրս գանք խաղադաշտ: Կար թիմի ընդգծված բնավորություն, մթնոլորտ: Հիմա Մելիքյանն այդպես է փորձում անել հավաքականում: Նա շատ լավ է կարողանում դա անել, ուղղակի նրան ժամանակ է պետք արդյունք ցույց տալու համար:
Չեմ կարծում, որ այսօրվա հավաքականում կա այնպիսի ֆուտբոլիստ, որ դուրս է գալիս խաղադաշտ եւ չի ուզում իր ուժերի 120 տոկոսի չափով նվիրվել, ներդնել, հաղթել, ուրախացնել երկրպագուներին:
Վերջին շրջանում տարբեր մարզիչների կողմից հավաքականում բացասական գործընթաց էր նկատվում. հիմնական կազմի խաղացողներ ինչ-ինչ պատճառներով չէին հրավիրվում հավաքական եւ լարված մթնոլորտ էր ստեղծվում: Չէին հրավիրվում Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Ադամյանը, Խորեն Բայրամյանը: Իսպանիայի, Ֆրանսիայի հավաքականների նման ընտրության մեծ հնարավորություն չունենք, որ մեզ թույլ տանք լավ ֆուտբոլիստներին չհրավիրել հավաքական: Եղիշե Մելիքյանը շտկեց այդ սխալը: Մեր լավագույն խաղացողները միշտ պետք է լինեն հավաքականում:
Դարպասապահների մասին ի՞նչ կասեք: Վերջին խաղերում Հայաստանի դարպասը վստահված էր Հենրի Ավագյանին:
Հենրին շատ հեռանկարային դարպասապահ է: Երիտասարդական հավաքականից մինչեւ ազգային իր փորձառու խաղով ապացուցեց, որ արժանի է լինել ազգային հավաքականի դարպասապահ: Խաղից խաց հաճելիորեն ուրախացնում է, Մելիքյանն էլ «Փյունիկից» արդեն ծանոթ էր նրա խաղին: Վստահ կարող եմ ասել, որ ազգային թիմում դարպասապահի հարցն այդ պահին լուծված է: Արսեն Բեգլարյանը, Օգնյեն Չանչարեւիչը շատ լավ դարպասապահներ են, բայց այս պահին, կարծում եմ, համար մեկը Հենրին է:
Ի՞նչպիսին եք տեսնում հավաքականի ապագան Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Վստահ եմ՝ Եղիշե Մելիքյանը հավաքականի ոգին եւ մթնոլորտը ամենաբարձր մակարդակի վրա է պահելու եւ դրանից բխող աշխատանքը, փորձը, ֆուտբոլիստների անհատական աշխատանքը անարդյունք չեն մնա. որոշ ժամանակ անց հաղթանակները սպասեցնել չեն տալ: Լավ թիմ ունենք, մեր կորիզն իսկապես լավն է: Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը, Նաիր Թիկնիզյանը, բոլորը երիտասարդներ են եւ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Սպերցյանն ավագն է եւ նրա խաղից շատ բան է կախված: Եթե նա կարողանա թիմը տանել իր հետեւից, մենք բարձրակարգ ֆուտբոլի ականատես կլինենք: Այսօր թիմում բոլորն էլ գիտեն, թե հավաքական գալուց իրենցից ինչ է պահանջվում, ինչ պետք է անեն, երկրպագուները ինչ են սպասում իրենցից: Համոզված եմ, որ որեէ մեկը հենց այնպես չի գալիս հավաքական, նաեւ համոզված եմ, որ բոլորի համար մեծ պատիվ է լինել այնտեղ: Մենք կունենանք բարձր արդյունքներ, այս թիմի եւ այս մարզիչի հետ հավատ կա:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի