Գրիգոր Մելիքսեթյան. Եղիշե Մելիքյանը ելք կգտնի այս բարդ իրավիճակից, հավաքականը հուսալի ձեռքերում է

17:38   13 հունվարի, 2026

 Հայաստանի հավաքականը հուսալի ձեռքերում է. Եղիշե Մելիքյանը բնավորություն ունի: Հավաքականում խաղալը պատիվ է: Համոզված եմ, բոլորի համար է այդպես: Մենք կունենանք հաղթանակներ. այս թիմի եւ այս մարզիչի հետ հավատ կա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյան:

38-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան  է եղել, խաղացել է նաեւ «Իմպուլսում», «Ուլիսում»,  «Գանձասար-Կապանում», «Արարատում», նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում: 2009/10 մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն եւ ճանաչվել տարվա լավագույն դարպասապ:

Հավաքականի նախկին դարպասապահն այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ շարունակում զբաղվել ֆուտբոլով:

NEWS.am Sport-ը Գրիգոր Մելիքսեթյան հետ զրուցել է ազգային հավաքականում անցկացրած տարիների, ֆուտբոլային կարիերայի, հայկական ֆուտբոլի ներկայիս խնդիրների եւ ապագայի մասին:

Գրիգոր, Դուք ֆուտբոլային կարիերան սկսել եք «Փյունիկից», հանդես եք եկել տարբեր ակումբներում, նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում: Ձեր վերջին՝ «Էկովիլ» ակումբում խաղալուց հետո տեղախովեցիք ԱՄՆ: Ի՞նչու որոշեցիք հեռանալ Հայաստանից :

2024 թ. մրցաշրջանից հետո ընտանիքով որոշեցինք մեկնել ԱՄՆ հանգստի: Գալով ԱՄՆ, ստացա առաջարկ տարբեր ակումբներից եւ որոշեցի կարիերաս շարունակել այստեղ:

Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ «Փյունիկից» 2004 թ.: Սկզբում հանդես էի գալիս «Փյունիկ 2»-ում, ապա տեղափոխվեցի գլխավոր թիմ: 2008 թ.-ից «Փյունիկի» հիմնական դարպասապահն էի: Լավագույն տարիներն էին ինձ համար, քանի որ խաղում էի լեգենդար ֆուտբոլիստների հետ՝ Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Ռաֆայել Նազարյան...

«Փյունիկում» իմ անցկացրած տարիներին մեծ փորձ ձեռք բերեցի: 2008-ից երեք տարի անընդմեջ «Փյունիկի» կազմում հռչավեցի Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, Սուպերգավաթակիր: 2009 թ. մրցաշրջանում ճանաչվել եմ Հայաստանի լավագույն դարպասապահ: Այդ տարի առաջին անգամ հրավեր ստացա ազգային հավաքական:

Ինչպե՞ս ստացվեց ազգային հավաքական հրավերը:

Հայաստանի հավաքական հրավիրվելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է: Ամեն ֆուտբոլիստի չի հաջողվում արժանանալ այդ պատվին: Միեւնույն ժամանակ նաեւ շատ պատասխանատու է լինել ազգային հավաքականի անդամ: Այդ ժամանակ գլխավոր մարզիչը  Վարդան Մինասյանն էր, որն էլ ինձ հրավիրեց հավաքական: Միայն դրական հիշողություններ ունեմ կարիերայիս այդ շրջանից: Հավաքականում անցկացրած տարիները, յուրաքանչյուր հանդիպումը, թիմը, ֆուտբոլիստները եւ նրանց հետ կապված բոլոր հիշողությունները շատ թանկ են ինձ համար: Ունեցել ենք շատ գեղեցիկ հաղթանակներ, հիշարժան պահեր, դրվագներ, լավ հնարավորություններ: Միշտ ուրախ եւ հպարտ եմ եղել, որ հրավիրվել եմ ազգային հավաքական:

Շատ լավ եմ հիշում իմ նորամուտի խաղը. Սերբիայի հետ ընկերական հանդիպումն էր: Բարդ խաղ էր: Ճիշտ է՝ պարտվեցինք 0:2 հաշվով, բայց այդ հանդիպումը շատ ջերմ եմ հիշում: Առաջին խաղում հասկացա, թե ազգային հավաքականը, հավաքականի ոգին, թիմի անդամ լինելն ինչ է ֆուտբոլիստի համար: Հետագայում տարբեր տարիներին էլի հրավիրվեցի հավաքական, բայց առաջին հրավերն ինձ համար յուրահատուկ էր եւ տպավորիչ:

Ամենահիշարժան խաղը Ձեր մասնակցությամբ ո՞րն է եղել:

Հավաքականի կազմում ամենահիշարժան խաղը Ռումինիայի հետ 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի  խաղն էր: Խաղում էինք մրցակցի ստադիոնում՝ Բուխարեստում: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: Նշանակվեց 11-մետրանոց հարված, որը ես հետ մղեցի: Այս խաղում վերջին րոպեին գոլ ընդունեցինք եւ պարտվեցինք, բայց կարող էինք 10 ֆուտբոլիստով փրկել խաղը: Այդ խաղում բոլոր ֆուտբոլիստները հերոսացան, իմ խաղն էլ բարձր գնահատավեց մասնագետների կողմից:

Իմ ֆուտբոլային կարիերայում պատմական ու հիշարժան է մինչեւ 21 տարեկանների հավաքականում Թուրքիայի հետ հանդիպումը, որը երբեք չեմ մոռանա, կարծում եմ՝ ոչ ոք չի մոռանա, քանի որ այն հայկական ֆուտբոլի պատմության լավագույն հանդիպումներից է: 2008թ․ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում «Հրազդան» ստադիոնում ընդունեցինք Թուրքիայի հավաքականին եւ հաղթեցին 2:1 հաշվով: Իսկապես պատմական խաղ էր, «Հրազդան» ստադիոնը լեփ-լեցուն էր: Առաջին գոլի հեղինակը Հովհաննես Գոհարյանն էր, երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: «Հրազդանը» ցնծում էր:

Ինչպե՞ս է դասավորվել ակումբային կարիերան:

«Փյունիկից» տեղափոխվեցի «Փայքան», որի կազմում դարձա երկրի չեմպիոն: Այնուհետեւ նորից վերադարձա Հայաստան եւ տեղափոխվեցի «Գանձասար Կապան»: Այստեղ անցկացրել եմ 5 գեղեցիկ ու հիշարժան մրցաշրջան: «Գանձասար Կապանի» կազմում ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձել ենք Հայաստանի փոխչեմպիոն եւ գավաթակիր, որը մեզ հնարավորություն տվեց մասնակցել Եվրոպայի լիգային: Այստեղ էլ լավ ելույթներ ունեցանք:

5 մրցաշրջան այստեղ անցկացնելուց հետո ստիպված եղա փոխել ակումբս, քանի որ «Գանձասար Կապանը» դադարեցրեց իր գործունեությունը: Ես տեղափովեցի Երեւանի «Արարատ», որի կազմում նույն մրցաշրջանում դարձանք Հայաստանի գավաթակիր:  2021 թ. «Արարատից» վերադարձա իմ հարազատ ակումբ «Փյունիկ», որի կազմում նույն տարում դարձանք Հայաստանի չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանն անցկացրի «Էկովիլում»: Սա իմ վերջին ակումբն էր որտեղ հանդես եկա մինչեւ 2024 թ.:

Ազգային հավաքականն այժմ երիտասարդացել է, մարզիչները պարբերաբար փոխվում են, բայց արդյունքները դեռ մնում են նույնը՝ առանց նշանակալի հաղթանակների: Ի՞նչ կասեք այսօրվա հավաքականի մասին: Ի՞նչ խնդիրներ կընդգծեք:

Եթե ընդհանուր խոսենք հայկական ֆուտբոլի մասին, ակումբային մակարդակում առաջընթաց կա: «Նոան», «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ուրարտուն» ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են հրավիրում եւ լավ արդյունքներ են գրանցում: Ցավոք, ակումբային ֆուտբոլում առաջընթացը չի օգնում, որ ազգային հավաքականն ավելի բարձր մակարդակով հանդես գա: Կարծում եմ՝ այս շրջանում անհաջող մրցելույթները կապված են երիտասարդ թիմ ունենալու հետ: Ազգային հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեծ փորձ ունի: Ես աշխատել եմ նրա հետ «Փյունիկում» եւ վստահ եմ, որ նա ելք կգտնի այս բարդ իրավիճակից դուրս գալու համար: Հավաքականը հուսալի ձեռքերում է: Վստահ եմ, որ Մելիքյանի գլխավորությամբ գնալով թիմն ավելի արդյունավետ եւ գեղեցիկ ֆուտբոլ կխաղա:

Եղիշե Մելիքյանը շեշտը դրել է թիմային ոգու վրա: Ինչպիսի՞ն էր նախկինում թիմային ոգին, երբ Դուք էիք խաղում եւ այն կորիզը, որի կենտրոնում մեր լեգենդար ֆուտբոլիստներն էին, եւ ինչպիսի՞ն եք հիմա տեսնում այդ ոգին:

Նախկինում, որքան ես հանդես եմ եկել հավաքականում, միշտ եղել է այդ թիմային ոգին, միասնականությունը: Բոլորս, մեկս մյուսին քաջալերելով, փորձել ենք թիմին առաջ տանել: Շատ խաղեր հաղթել ենք թիմային ոգու շնորհիվ: Միշտ կարոտում եմ հավաքականում խաղալը:

Թե ինչպիսին է թիմի ոգին հիմա, չեմ կարող ասել, քանի որ ներսում չեմ, բայց վստահեցնում եմ, որ Եղիշե Մելիքյանը ճիշտ ուղու վրա է: Շատ կարեւոր է, որ թիմում լավ մթնոլորտ լինի, թիմային ոգին բարձր լինի: Մելիքյանի գլխավորությամբ թիմային ոգին լավագույնս դրսեւորվեց «Փյունիկում»: Նա շատ լավ էր կարողանում թիմին տրամադրել յուրաքանչյուր խաղին: Մենք հստակ գիտեինք՝ ինչպես եւ ինչի համար դուրս գանք խաղադաշտ: Կար թիմի ընդգծված բնավորություն, մթնոլորտ: Հիմա Մելիքյանն այդպես է փորձում անել հավաքականում: Նա շատ լավ է կարողանում դա անել, ուղղակի նրան ժամանակ է պետք արդյունք ցույց տալու համար:

Չեմ կարծում, որ այսօրվա հավաքականում կա այնպիսի ֆուտբոլիստ, որ դուրս է գալիս խաղադաշտ եւ չի ուզում իր ուժերի 120 տոկոսի չափով նվիրվել, ներդնել, հաղթել, ուրախացնել երկրպագուներին:

Վերջին շրջանում տարբեր մարզիչների կողմից հավաքականում բացասական գործընթաց էր նկատվում. հիմնական կազմի խաղացողներ ինչ-ինչ պատճառներով չէին հրավիրվում հավաքական եւ լարված մթնոլորտ էր ստեղծվում: Չէին հրավիրվում Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Ադամյանը,  Խորեն Բայրամյանը: Իսպանիայի, Ֆրանսիայի հավաքականների նման ընտրության մեծ հնարավորություն չունենք, որ մեզ թույլ տանք լավ ֆուտբոլիստներին չհրավիրել հավաքական: Եղիշե Մելիքյանը շտկեց այդ սխալը: Մեր լավագույն խաղացողները միշտ պետք է լինեն հավաքականում:

Դարպասապահների մասին ի՞նչ կասեք: Վերջին խաղերում Հայաստանի դարպասը վստահված էր Հենրի Ավագյանին: 

Հենրին շատ հեռանկարային դարպասապահ է: Երիտասարդական հավաքականից մինչեւ ազգային իր փորձառու խաղով ապացուցեց, որ արժանի է լինել ազգային հավաքականի դարպասապահ: Խաղից խաց հաճելիորեն ուրախացնում է, Մելիքյանն էլ «Փյունիկից» արդեն ծանոթ էր նրա խաղին: Վստահ կարող եմ ասել, որ ազգային թիմում դարպասապահի հարցն այդ պահին լուծված է: Արսեն Բեգլարյանը, Օգնյեն Չանչարեւիչը շատ լավ դարպասապահներ են, բայց այս պահին, կարծում եմ, համար մեկը Հենրին է:

Ի՞նչպիսին եք տեսնում հավաքականի ապագան Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

Վստահ եմ՝ Եղիշե Մելիքյանը հավաքականի ոգին եւ մթնոլորտը ամենաբարձր մակարդակի վրա է պահելու եւ դրանից բխող աշխատանքը, փորձը, ֆուտբոլիստների անհատական աշխատանքը անարդյունք չեն մնա. որոշ ժամանակ անց հաղթանակները սպասեցնել չեն տալ: Լավ թիմ ունենք, մեր կորիզն իսկապես լավն է: Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը, Նաիր Թիկնիզյանը, բոլորը երիտասարդներ են եւ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Սպերցյանն ավագն է եւ նրա խաղից շատ բան է կախված: Եթե նա կարողանա թիմը տանել իր հետեւից, մենք բարձրակարգ ֆուտբոլի ականատես կլինենք: Այսօր թիմում բոլորն էլ գիտեն, թե հավաքական գալուց իրենցից ինչ է պահանջվում, ինչ պետք է անեն, երկրպագուները ինչ են սպասում իրենցից: Համոզված եմ, որ որեէ մեկը հենց այնպես չի գալիս հավաքական, նաեւ համոզված եմ, որ բոլորի համար մեծ պատիվ է լինել այնտեղ: Մենք կունենանք բարձր արդյունքներ, այս թիմի եւ այս մարզիչի հետ հավատ կա:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.