18:22  ,  15 դեկտեմբերի, 2012

Բաքվում Հայաստանի միակ ներկայացուցչի նկատմամբ շատ լավ վերաբերմունք էր. Փաշիկ Ալավերդյան

Բաքվում Հայաստանի միակ ներկայացուցչի նկատմամբ շատ լավ վերաբերմունք էր: Դա քաղաքականություն է, որպեսզի մենք այստեղ ոչ մի բացասական բան չխոսենք Ադրբեջանի մասին: Այնտեղ ինձ դիմավորեցին, հյուրընկալեցին շատ լավ, լիարժեք ապահովեցին իմ անվտանգությունը եւ ապահով ճանապարհեցին Հայաստան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, ով երեկ` դեկտեմբերի 14-ին է վերադարձել Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական համաժողովին:

88 պետությունների մոտ 200 ներկայացուցիչներ համաժողովում քննարկել են մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը, ինչպես նաեւ մի շարք լրացումներ եւ փոփոխություններ են իրականացրել կանոնակարգում:

«Մայիսին տեղի է ունենալու միջազգային ֆեդերացիայի նախագահի, գլխավոր քարտուղարի, նախագահության անդամների ընտրությունները: Այս ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ` Օլիմպիական խաղերից հետո: Ընտրություններից առաջ միջազգային ֆեդերացիան անցկացրեց համաժողով ընտրություններն անցկացնելու նոր կանոնակարգ մշակելու նպատակով: Համաժողովի առանցքային խնդիրը անդամ պետություններին ձայնի իրավունք տալ կամ չտալն էր: Որոշվեց ընտրություններում առավելություն տալ այն պետությունների ձայնին, որոնք ավելի ուժեղ են, միշտ մասնակցում ենք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, Օլիմպիական խաղերին, ակտիվ են, անդամավճարները ժամանակին տալիս են: Այդ պետությունների շարքին դասվում է նաեւ Հայաստանը:

Միջազգային ֆեդերացիայի անդամ պետությունները բաժանվել են երեք կարգի` լիարժեք ձայնի իրավունք ունեցող պետություն, կես ձայնի իրավունք ունեցող պետություն եւ դիտորդի դերում գտնվող պետություն: Պատճառն այն է, որ այն պետությունները, որոնք թույլ են զարգացած ծանրամարտում, նրանք մշտապես որեւէ խանգարող հանգամանք գտնում են, որպեսզի խոչընդոտեն աշխարհում ծանրամարտի հետագա զարգացմանը: Քանի որ իրենք չեն ցանկանում, չեն կարողանում կամ հնարավորություն չունեն զարգացնել ծանրամարտը իրենց պետությունում, պատճառներ են առաջ քաշում, թե ինչու չի զարգանում իրենց երկրում ծանրամարտը, կամ միջազգային ֆեդերացիայի նախագահի վրա են գցում պատճառը, կամ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի եւ այսպես նրանք դառնում ենք աշխարհում ծանրամարտի զարգացման ոչ շահագրգիռ կողմ: Այդ պետություններից են Ֆինլանդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Աֆղանստաը, աֆրիկյան պետությունները: Նրանք միայն անդամավճարով են դարձել միջազգային ֆեդերացիայի անդամ պետություն: Ոչ մի անգամ մեդալ չեն նվաճել:

Հայաստանից բացի, ուժեղագույն պետություններից են համարվում նաեւ Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը եւ այլն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի նկատմամբ միջազգային ֆեդերացիայի վերաբերմունքի մասին նշեց.

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր պետությունը միջազգային ֆեդերացիայում այսպես ասած` խնդիր չունի: Մեր պետությունը ծանրամարում ամենաուժեղ զարգացվածություն արձանագրող, ամենաակտիվ եւ որոշիչ ձայն ունեցող պետությունների շարքում է: Մեր թիմը թիմային հաշվարկով աշխարհի առաջնություններում 15-ից ցածր տեղերում չի եղել, իսկ Եվրոպայի առաջնություններում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերում է մշտապես: Մենք լիարժեք ձայնի իրավունք ենք ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանը մեծ համբավ ունի, համարվում է ծանրամարտի զարգացած պետություն, աչքի ենք ընկնում միջազգային մրցաշարերում ակտիվ մասնակցությամբ: Ճանաչված ենք եւ մեր մրցակիցների եւ մեր ուզող-չուզողների կողմից: Կա հարգանք, լավ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ որպես ծանրամարտում ուժեղ պետություն»:

Ըստ Փաշիկ Ալավերդյանի` միջազգային ֆեդերացիայի համաժողովն Ադրբեջանում է կայացել, քանի որ այդ երկիրն իր վրա է վերցրել կազմակերպման եւ անցկացման բոլոր ծախսերը:

«Ահռելի ծախսեր ներկայացնող համաժողով էր, որը տեւեց մոտ հինգ օր: Եվ քանի որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սպորտի զարգացման համար` հանձն էր առել անցկացնել այս համաժողովը:

Բացի որոշիչ ձայների փոփոխությունից,  եւս  38 կետ կանոնադրությունից փոփոխվեց, լրացումներ եղան եւ այլն:

Համաժողովի ընթացքում առաջարկություն եղավ նաեւ կանոնադրության լեզուն փոխել կամ ավելացնել նաեւ ֆրանսերենը, բայց այդ առաջարկը չանցավ: Դա կդժվարացներ ֆեդերացիայի քարտուղարության աշխատանքները»,- հայտնեց Փաշիկ Ալավերդյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով