09:03  ,  9 դեկտեմբերի, 2025

Անի Հովսեփյան․ Հավաքականում մրցելույթներս չեմ ավարտում, սիրողական բռնցքամարտում դեռ անելիքներ ունեմ

Երազանքս եւ նպատակս շարունակում են մնալ Օլիմպիական խաղերը, աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում մեծ նպատակս աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելն է: Ազգային հավաքականում մրցելույթներս չեմ ավարտում, սիրողական բռնցքամարտում դեռ անելիքներ ունեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը, որը սիրողական բռնցքամարտի հետ զուգահեռ մարզական կարիերան շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում:

Հոկտեմբերին Երեւանում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում՝ հաղթելով սերբ Քսենյա Մեդիկին:

Անի Հովսեփյանն անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին կին Եվրոպայի չեմպիոնն է եւ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող առաջին կին բռնցքամարտիկը: Այս շրջանում Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է երկրորդ մենամարտին, որը տեղի է ունենալու 2026 թ. մարտին:

Անի, ինչո՞ւ որոշեցիր սիրողական բռնցքամարտից տեղափոխվել պրոֆեսիոնալ:  

Պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնելն իմ վաղեմի երազանքն է եղել: Երբ հասել էի գիտակից տարիքի եւ արդեն լիարժեք հասկանում էի, թե ինչ է բռնցքամարտն ինձ համար, սիրողականում լինելու հետ մեկտեղ, ինձ տեսնում էի նաեւ պրոֆեսիոնալ ռինգում: Մենեջերական ընկերություններից մեկից առաջարկ ստացա եւ հասկացա, որ ինձ համար հնարավորություն է ստեծվել երազանքս իրականացնել: Այս ընթացքում սիրողականում շատ քիչ մրցաշարեր եւ մենամարտեր եմ անցկացնում, իսկ պրոֆեսիոնալն ինձ հնարավորություն կտա ավելի շատ մրցումային փորձ ունենալ, մենամարտեր անցկացնել: Իմ մեծ ցանկությունն է եղել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ:

Ո՞ր կազմակերպության հետ ես պայմանագիր կնքել: Ե՞րբ եւ ինչպե՞ս ստացար առաջարկը:

Ամռանը եվրոպական Grand Boxing մենեջերական ընկերության կողմից առաջարկ ստացա, որն իմ երկրորդ առաջարկն էր նրանց կողմից: Տարիներ առաջ, երբ 20-21 տարեկան էի, Grand Boxing-ից առաջարկ ստացա, բայց մերժեցի, քանի որ փոքր-ինչ կասկած ունեի. մտածում էի, որ դեռ ժամանակը չի, պատրաստ չեմ պրոֆեսիոնալին: Ամռանը մենեջերական ընկերությունը նորից կապ հաստատեց ինձ հետ նոր առաջարկով: Այս անգամ որոշեցի, որ ճիշտ ժամանակն է: Ինքս ինձ ասացի, որ սա իմ հնարավորությունն է: Գտնում եմ, որ ամենաճիշտ պահն էր. ավելի հասուն եմ մտածում եւ գիտակից մոտենում իմ գործին:

Հոկտեմբերին դեբյուտային մենամարտս անցկացրի արդեն մենեջերական ընկերության  հետ պայմանագրով: Այժմ պատրաստվում եմ երկրորդ մենամարտիս, որը տեղի կունենա 2026 թ. փետրվար-մարտին: Ըստ նախնական տվյալների, մրցակիցս կլինի հարավաֆրիկացի Նազիֆո Բելը, որ պրոֆեսիոնալ ռինգում ունի 15 հաղթանակ, 5 պարտություն եւ 1 ոչ ոքի: Նրա հետ մենամարտում հաղթելու դեպքում հնարավորություն կստանամ պայքարել WBC Silver գոտու համար: Եթե այս գոտին ունենամ, այն ինձ մեծ հնարավորություն կտա ապագայում պայքարել աշխարհի գոտու համար:

Դեռ պրոմոութերական կազմակերպության հետ պայմանագիր չունեմ, բայց երկրորդ մենամարտից հետո, կարծում եմ՝ կլինի:

Որտե՞ղ է նախատեսված երկրորդ մենամարտդ:

Երեւանում է լինելու երկրորդ մենամարտը, ինչպես առաջինը: Կպատրաստվեմ Հայաստանում: Ուրախալի է, որ իմ երկրում եմ մենամարտում: Պարտավորեցնող է:

Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ մրցակիցս վարկանիշով բավականին բարձր է: Եթե կարողանամ նրան հաղթել, վարկանիշով նրանից առաջ կանցնեմ եւ իրավունք ձեռք կբերեմ WBC Silver գոտու համար պայքարել: Իրականում այս գոտին ունենալն ինձ համար շատ կարեւոր է, նպատակ է, որպեսզի ինձ համար պրոֆեսիոնալ ռինգում ճանապարհ բացեմ դեպի իմ երազանք՝ աշխարհի գոտին:

Ինչպես ե՞ս քեզ զգում պրոֆեսիոնալ ռինգում սիրողականից հետո:

Շատ լավ եմ զգում: Երեք-ռաունդանոց մենամարտերից հետո, ինձ ավելի հանգիստ եմ զգում երկար ռաունդներում: Առաջին մենամարտս 6-ռաունդանոց էր: Ինձ ավելի ազատ եմ զգում: Տարբերությունը տեմպի մեջ է, ավելի հանգիստ ես, լարվածություն չկա: Պրոֆեսիոնալում ինձ դուրս է գալիս ընդհանուր մթնոլորտը, պայքարը, այն ամենն ինչ կատարվում է ռինգում եւ ռինգից դուրս: 

Սիրողական բռնցքամարտում եւ ազգային հավաքականում մրցելույթներդ ավարտո՞ւմ ես:  

Այս պահին սիրողական բռնցքամարտի մասին չեմ մտածում, քանի որ մի փոքր խնդիրներ կան: Սիրողականից չեմ հեռանում: Չեմ բացառում, որ նորից հանդես կգամ ազգային հավաքականում, որովհետեւ այնտեղ դեռ կիսատ թողած գործեր ունեմ: Հույս ունեմ, որ մեկը մյուսին չի խանգարի: Յուրաքանչյուր որոշում կայացնելիս, քննարկում կունենամ իմ թիմի հետ եւ մեծ սիրով կմասնակցեմ սիրողական բռնցքամարտի մրցաշարերին:

Երազանքս եւ նպատակս շարունակում են մնալ Օլիմպիական խաղերը, աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չեմ հրաժարվում այդ նպատակներից: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին: Չեմ բացառում, որ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը, կպայքարեմ 2028 թ. Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Որեւէ ափսոսանք չունեմ, որ որոշել եմ հանդես գալ նաեւ պրոֆեսիոնալ ռինգում: Իմ տեղեկություններով հայկական բռնցքամարտի դպրոցը ներկայացնող, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ կին բռնցքամարտիկ չունենք: Ես կլինեմ առաջինը, ինձ համար մեծ պատիվ է: Մենք ունեցել ենք Սյուզի Կենտիկյան, որը հայկական դպրոցից չի եղել:

Պրոֆեսիոնալ ռինգում ո՞վ է քո կուռքը, ո՞ւմ կուզեիր նմանվել:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտին շատ եմ հետեւում, մասնավորապես տղամարդկանց պայքարին: Կին բռնցքամարտիկներից հետեւում եմ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, իռլանդացի բռնցքամարտիկ Քեթի Թեյլորին, որն աշխարհի բացարձակ չեմպիոն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում հասել է անհնարինին, ունի այն, ինչին ես եմ ձգտում, ինչի մասին երազում եմ: Կցանկանամ ոչ թե նմանվել նրան, այլ նվաճել բոլոր այն գոտիները, որոնք նա նվաճել է ու դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն: Ուզում եմ ունենալ աշխարհի բոլոր հնարավոր գոտիները եւ դառնալ բացարձակ չեմպիոն:

Ինձ հետ թիմ է աշխատում՝ իմ անձնական մարզիչ Վաչե Վարդանյանը, Grand Boxin Management-ը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահ Լեւոն Ավետիսյանը: Հույս ունեմ, որ նրանց օգնությամբ կկարողանամ բոլոր նպատակներս իրականացնել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News