09:03 9 դեկտեմբերի, 2025Երազանքս եւ նպատակս շարունակում են մնալ Օլիմպիական խաղերը, աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում մեծ նպատակս աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելն է: Ազգային հավաքականում մրցելույթներս չեմ ավարտում, սիրողական բռնցքամարտում դեռ անելիքներ ունեմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը, որը սիրողական բռնցքամարտի հետ զուգահեռ մարզական կարիերան շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում:
Հոկտեմբերին Երեւանում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում՝ հաղթելով սերբ Քսենյա Մեդիկին:
Անի Հովսեփյանն անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին կին Եվրոպայի չեմպիոնն է եւ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող առաջին կին բռնցքամարտիկը: Այս շրջանում Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է երկրորդ մենամարտին, որը տեղի է ունենալու 2026 թ. մարտին:
Անի, ինչո՞ւ որոշեցիր սիրողական բռնցքամարտից տեղափոխվել պրոֆեսիոնալ:
Պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնելն իմ վաղեմի երազանքն է եղել: Երբ հասել էի գիտակից տարիքի եւ արդեն լիարժեք հասկանում էի, թե ինչ է բռնցքամարտն ինձ համար, սիրողականում լինելու հետ մեկտեղ, ինձ տեսնում էի նաեւ պրոֆեսիոնալ ռինգում: Մենեջերական ընկերություններից մեկից առաջարկ ստացա եւ հասկացա, որ ինձ համար հնարավորություն է ստեծվել երազանքս իրականացնել: Այս ընթացքում սիրողականում շատ քիչ մրցաշարեր եւ մենամարտեր եմ անցկացնում, իսկ պրոֆեսիոնալն ինձ հնարավորություն կտա ավելի շատ մրցումային փորձ ունենալ, մենամարտեր անցկացնել: Իմ մեծ ցանկությունն է եղել տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ:
Ո՞ր կազմակերպության հետ ես պայմանագիր կնքել: Ե՞րբ եւ ինչպե՞ս ստացար առաջարկը:
Ամռանը եվրոպական Grand Boxing մենեջերական ընկերության կողմից առաջարկ ստացա, որն իմ երկրորդ առաջարկն էր նրանց կողմից: Տարիներ առաջ, երբ 20-21 տարեկան էի, Grand Boxing-ից առաջարկ ստացա, բայց մերժեցի, քանի որ փոքր-ինչ կասկած ունեի. մտածում էի, որ դեռ ժամանակը չի, պատրաստ չեմ պրոֆեսիոնալին: Ամռանը մենեջերական ընկերությունը նորից կապ հաստատեց ինձ հետ նոր առաջարկով: Այս անգամ որոշեցի, որ ճիշտ ժամանակն է: Ինքս ինձ ասացի, որ սա իմ հնարավորությունն է: Գտնում եմ, որ ամենաճիշտ պահն էր. ավելի հասուն եմ մտածում եւ գիտակից մոտենում իմ գործին:
Հոկտեմբերին դեբյուտային մենամարտս անցկացրի արդեն մենեջերական ընկերության հետ պայմանագրով: Այժմ պատրաստվում եմ երկրորդ մենամարտիս, որը տեղի կունենա 2026 թ. փետրվար-մարտին: Ըստ նախնական տվյալների, մրցակիցս կլինի հարավաֆրիկացի Նազիֆո Բելը, որ պրոֆեսիոնալ ռինգում ունի 15 հաղթանակ, 5 պարտություն եւ 1 ոչ ոքի: Նրա հետ մենամարտում հաղթելու դեպքում հնարավորություն կստանամ պայքարել WBC Silver գոտու համար: Եթե այս գոտին ունենամ, այն ինձ մեծ հնարավորություն կտա ապագայում պայքարել աշխարհի գոտու համար:
Դեռ պրոմոութերական կազմակերպության հետ պայմանագիր չունեմ, բայց երկրորդ մենամարտից հետո, կարծում եմ՝ կլինի:
Որտե՞ղ է նախատեսված երկրորդ մենամարտդ:
Երեւանում է լինելու երկրորդ մենամարտը, ինչպես առաջինը: Կպատրաստվեմ Հայաստանում: Ուրախալի է, որ իմ երկրում եմ մենամարտում: Պարտավորեցնող է:
Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ մրցակիցս վարկանիշով բավականին բարձր է: Եթե կարողանամ նրան հաղթել, վարկանիշով նրանից առաջ կանցնեմ եւ իրավունք ձեռք կբերեմ WBC Silver գոտու համար պայքարել: Իրականում այս գոտին ունենալն ինձ համար շատ կարեւոր է, նպատակ է, որպեսզի ինձ համար պրոֆեսիոնալ ռինգում ճանապարհ բացեմ դեպի իմ երազանք՝ աշխարհի գոտին:
Ինչպես ե՞ս քեզ զգում պրոֆեսիոնալ ռինգում սիրողականից հետո:
Շատ լավ եմ զգում: Երեք-ռաունդանոց մենամարտերից հետո, ինձ ավելի հանգիստ եմ զգում երկար ռաունդներում: Առաջին մենամարտս 6-ռաունդանոց էր: Ինձ ավելի ազատ եմ զգում: Տարբերությունը տեմպի մեջ է, ավելի հանգիստ ես, լարվածություն չկա: Պրոֆեսիոնալում ինձ դուրս է գալիս ընդհանուր մթնոլորտը, պայքարը, այն ամենն ինչ կատարվում է ռինգում եւ ռինգից դուրս:
Սիրողական բռնցքամարտում եւ ազգային հավաքականում մրցելույթներդ ավարտո՞ւմ ես:
Այս պահին սիրողական բռնցքամարտի մասին չեմ մտածում, քանի որ մի փոքր խնդիրներ կան: Սիրողականից չեմ հեռանում: Չեմ բացառում, որ նորից հանդես կգամ ազգային հավաքականում, որովհետեւ այնտեղ դեռ կիսատ թողած գործեր ունեմ: Հույս ունեմ, որ մեկը մյուսին չի խանգարի: Յուրաքանչյուր որոշում կայացնելիս, քննարկում կունենամ իմ թիմի հետ եւ մեծ սիրով կմասնակցեմ սիրողական բռնցքամարտի մրցաշարերին:
Երազանքս եւ նպատակս շարունակում են մնալ Օլիմպիական խաղերը, աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չեմ հրաժարվում այդ նպատակներից: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին: Չեմ բացառում, որ կմասնակցեմ աշխարհի առաջնությանը, կպայքարեմ 2028 թ. Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Որեւէ ափսոսանք չունեմ, որ որոշել եմ հանդես գալ նաեւ պրոֆեսիոնալ ռինգում: Իմ տեղեկություններով հայկական բռնցքամարտի դպրոցը ներկայացնող, Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ կին բռնցքամարտիկ չունենք: Ես կլինեմ առաջինը, ինձ համար մեծ պատիվ է: Մենք ունեցել ենք Սյուզի Կենտիկյան, որը հայկական դպրոցից չի եղել:
Պրոֆեսիոնալ ռինգում ո՞վ է քո կուռքը, ո՞ւմ կուզեիր նմանվել:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտին շատ եմ հետեւում, մասնավորապես տղամարդկանց պայքարին: Կին բռնցքամարտիկներից հետեւում եմ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, իռլանդացի բռնցքամարտիկ Քեթի Թեյլորին, որն աշխարհի բացարձակ չեմպիոն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում հասել է անհնարինին, ունի այն, ինչին ես եմ ձգտում, ինչի մասին երազում եմ: Կցանկանամ ոչ թե նմանվել նրան, այլ նվաճել բոլոր այն գոտիները, որոնք նա նվաճել է ու դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն: Ուզում եմ ունենալ աշխարհի բոլոր հնարավոր գոտիները եւ դառնալ բացարձակ չեմպիոն:
Ինձ հետ թիմ է աշխատում՝ իմ անձնական մարզիչ Վաչե Վարդանյանը, Grand Boxin Management-ը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահ Լեւոն Ավետիսյանը: Հույս ունեմ, որ նրանց օգնությամբ կկարողանամ բոլոր նպատակներս իրականացնել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.