18:00  ,  8 դեկտեմբերի, 2025

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի երկրորդ հաղթանակը՝ 5:0

 Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ վստահ հաղթանակը տարավ Դուբայում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի ավագը մենամարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի հետ եւ բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ 5:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Առաջին մենամարտում Բաչկովը  երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը 1:4 հաշվով պարտվեց ուզբեկ Ասադխուջա Մույդինխաջուեւին:

Աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը ռինգ դուրս կգա Հայաստանի եւս 6 ներկայացուցիչ:

Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կլինեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ ), Արթուր Բազեյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ )։

Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) ուժերը կչափի Ավստրալիայի ներկայացուցիչ Զախարի Բրոունի հետ:

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի (92 կգ) մրցակիցը նույնպես ավստրալիացի է՝ Լեո Նիկոլսոնը:

Դավիթ Չալոյանը (+92 կգ) մեկնարկում կհանդիպի Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովին:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կփորձի հաղթահարել Թաիլանդի ներկայացուցիչ Թիրապատ Իտանի արգելքը:

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60 կգ) երկրորդ մենամարտում կհանդիպի Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային:

Վախթանգ Հարությունյանը (75 կգ) կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Ֆազլիդին Էրկինբոեւի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում