16:39  ,  12 դեկտեմբերի, 2012

Թաեքվոնդոյի մարզիչ. Հանրապետական ֆեդերացիան խտրականություն է դնում մարզիչների միջեւ

Թաեքվոնդոյի շատ մարզիչներ նույնիսկ տեղյակ չեն լինում, որ հավաքականները մեկնում են մրցումների արտերկիր կամ մասնակցում մրցաշարերի։ Ամեն ինչ արվում է ֆեդերացիայի մի քանի անդամների եւ մարզիչների միջոցով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան մարզադպրոցի թաեքվոնդոյի մարզիչ Լեռնիկ Մովսիսյանը։

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի եւ մարզիչների միջեւ կան խնդիրներ։ Օրերս թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձավ Խորվաթիայից, որտեղ անցկացվել է միջազգային մրցաշար։ Սակայն այդ մասին քիչ մարզիչներ են տեղյակ եղել։

Մարզիչ Լեռնիկ Մովսիսյանը նշեց, որ ֆեդերացիան խտրականություն է դնում մարզիչների միջեւ եւ տեղյակ չի պահում ընթացիկ մրցումների մասին։

«Ես ինքս որպես մարզիչ գոհ չեմ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի աշխատանքներից։ Ֆեդերացիան լավ չի աշխատում, լավ չեն կատարում իրենց պարտականությունները։ Իսկ պարտականությունն այն է, որ ժամանակին չեն տեղեկացնում, թե որտեղ ինչ մրցաշար է տեղի ունենալու կամ տեղի ունենում եւ ով պետք է մեկնի այդ մրցաշարին։ Մարզիչների մեծ մասը տեղյակ էլ չեն այդ ամենից։ Ունենք լավ մարզիչներ, բայց իրենք չեն կարողանում ռացիոնալ աշխատել ֆեդերացիայի հետ։ Մարզիչների միջեւ խտրականություն է դրվում, այն էլ՝ ահռելի, իսկ դա թույլ չի տալիս այս մարզաձեւին զարգանալ։ Ի վերջո պետք չէ մոռանալ, որ թաեքվոնդոն օլիմպիական մարզաձեւ է։ Իսկ թե ինչու է խտրականություն դրվում մարզիչների միջեւ, այս հարցին կարող են միայն ֆեդերացիայի նախագահության անդամները կամ նույն ինքը նախագահը պատասխանել։ Օրինակ՝ 15 օր առաջ թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականը մրցումների մասնակցեց Խորվաթիայում։ Այդ մրցաշարին մասնակցել են միայն ֆեդերացիայի մարզիչներ, իսկ մեզանից ոչ ոք տեղյակ չի եղել այդ մցումների մասին։ Մասնակցել է Գեւորգ Դանիելյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչը եւ նրա հետ մի քանի մարզիկներ»,- ասաց Լեռնիկ Մովսիսյանը։

Ըստ մարզիչի՝ Հայաստանում թաեքվոնդոյի զարգացմանը խոչընդոտում է ֆինանսների բացակայությունը։

«Հայաստանում չկա նորմալ կահավորված մարզադահլիճ, որ ունենա տատամիներ։ Սա խոչընդոտում է մարզաձեւի զարգացմանը, մարզումներին։ Մեկ-երկու դահլիճ է ընդամենը։ Սակայն իրականում մարզաձեւի զարգացմանը խոչընդոտում է ֆինանսի բացակայությունը, իսկ եթե ֆինանս լինի, կլինի նաեւ կահավորված մարզադահլիճ, տատամիներ եւ այլն։

Մենք չունենք նաեւ աղջիկների հավաքական, ինչը օլիմպիական այս մարզաձեւի համար նորմալ չէ։ Ամբողջ աշխարհում ընդունված է թաեքվոնդոյի աղջիկների հավաքականը, բայց մեզ մոտ չգիտես ինչու բացակայում է։ Սա կրկին ֆինանսի հետ է կապված, քանի որ լավ չի գովազդվում մեր մարզաձեւը։ Շատերը նույնիսկ չգիտեն՝ թաեքվոնդոն ինչ է իրենից ներկայացնում եւ կա՞ արդյոք այս մարզաձեւը Հայաստանում։ Մարզաձեւը չի զարգանում նաեւ այն պարզ պատճառով, որ օտարերյա մասնագետներ չեն գալիս Հայաստան։ Մինչդեռ Ադրբեջան գնում են։ Որովհետեւ Ադրբեջանն այնպիսի ֆինանսեր է ներդնում այս մարզաձեւում, որ նման ֆինանսների մասին նույնիսկ չարժե խոսել։ Ես նույնիսկ տեղյակ չեմ, երբեւէ օտարերկրյա մասնագետ Հայաստան եկե՞լ է, թե՞ ոչ։ Գուցե եկել է, բայց մենք՝ մարզիչներս, տեղյակ չենք եղել»,- նշեց Լեռնիկ Մովսիսյանը։

Հարցին, առկա խնդիրները առաջ քաշվում  են  ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումների ընթացքում եւ ինչ արձագանքներ են ստանում, Լեռնիկ Մովսիսյանը պատասխանեց.

«Եղել են հարցեր, որոնց շուրջ զրուցել ենք նախագահի հետ, դիմել ենք նրան ինչ-որ հարցով, բայց դեռեւս մեր խնդիրները վերջնական չենք ներկայացրել։ Այս խնդրիներին զուգահեռ շատ մանր-մունր հարցեր էլ կան։ Բայց չի կազմակերպվում վերջնական մի հանդիպում քննարկում նախագահի եւ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի առաջ քաշենք բոլոր այս հարցերը։ Կամ՝ գուցե նման մի հանդիպում նախատեսված է, եւ մենք կրկին տեղյակ չենք դրա մասին։  Հուսամ՝ տարվա վերջում կլինի նման մի հանդիպում եւ բոլոր հարցերը կբարձրաձայնվեն։ Ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մկրտչյանից մեծ ակնկալիքներ ունեմ։ Հուսամ նա կարդարացնի իմ եւ շատ այլ մարզիչների սպասելիքները»։

Լեռնիկ Մովսիսյանից հետաքրքրվեցինք, նաեւ թե որքան գումար է անհրաժեշտ թաեքվաշոնդոյի զարգացման համար.

«Շատ։ Որքան շատ այնքան լավ։ Օրինակ՝ Ադրբեջանում նման հասկացություն չկա, թե որքան գումար է անհրաժեշտ։ Ներդրվում է այնքան գումար, որքան անհրաժեշտ է»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում