Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր երկրպագուները, մարզաշխարհի ներկայացուցիչները, եզդի համայնքի ներկայացուցիչները դիմավորում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանին:
Սեպտեմբերի 23-ին կեսգիշերն անց 03:56-ին Զագրեբ-Վարշավա-Երեւան չվերթով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիայից վերադարձավ Հայաստան: Թիմի հետ հայրենիք վերադարձան աշխարհի առաջնությունում կրկնակի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ Սլավիկ Գալստյանը եւ Հրաչյա Պողոսյանը:
Չեմպիոնի կոչումը նվաճած Մալխաս Ամոյանին դիմավորելու էին եկել հարազատները, ընկերները, ըմբիշներ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Ներկա չէր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:
Երկրպագուներն ու ընկերներն օդանավակայանի ժամանման սրահում Մալխաս Ամոյանին դիմավորեցին ծափահարություններով եւ զուռնա-դհոլով, իսկ դափնին ստանալուց հետո աշխարհի չեմպիոնին օդ թռցրին:
Մալխաս Ամոյանը չեմպիոնական գոտին «հանձնեց» իրեն դիմավորելու եկած ազատ ոճի ըմբիշ, աշխարհի բրոնզե մեդեալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանին, լուսանկարվեց նրա հետ եւ մաղթեց, որ հաջորդ աշխարհի չեմպիոնը դառնա նա:
Սեպտեմբերի 18-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկի եւ երկու բրոնզ:
77 կգ քաշային կարգում փառահեղ հաղթանակներով աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը եզրափակիչում 9:1 հաշվով պարտության մատնեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային՝
67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սլավիկ Գալստյանը, որը երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում: Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 15:5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկեեւի նկատմամբ:
60 կգ քաշային կարգում մարզական կարիերայում առաջին անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Հրաչյա Պողոսյանը: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում պարտվելուց հետո, բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:1 հաշվով առավելության հասավ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Սերբիայի ներկայացուցիչ, ռուս Գեորգի Տիբիլովի նկատմամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի