23:10  ,  9 սեպտեմբերի, 2025

Եղիշե Մելիքյան. Ուզում էիք «սյուրպրիզ», մենք դա արեցինք

 Հանդերձանում տղաներին ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք տանք, մենք կարող ենք դա անել: Ուրախ եմ այս հաղթանակի համար, բայց պետք չի «ուռեցնել»: Խաղադաշտում տեսա նվիրվածություն, հավատ, լիովին այլ պաշտպանություն:

Այսպես Հայաստանի հավաքականի հաղթանակը մեկնաբանեց Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց իռլանդացիներին եւ հաղթեց 2:1 հաշվով:

«Գոհ եմ խաղից, գոլերից. երկու գոլ ունենք եւ հաղթանակ: Ինձ համար այսօրվա խաղի պլանը հաղթանակն էր: Կարող էինք ունենալ այլ արդյունք, ավելի շատ գոլեր, բայց շատ է ուրախացնում հաղթանակը:

Հանդերձանում տղաներին ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք տանք, մենք կարող ենք դա անել:

Չեմ ուզում այս հաղթանակը շատ «ուռեցնել», որովհետեւ դեռ շատ դժվար խաղեր ենք ունենալու: Դժվար կլինի այդքան պարտություններից հետո կայունություն պահել եւ հաղթանակներ գրանցել: Ամեն ինչ կանենք հաղթանակներ ունենալու համար:

Պորտուգալիային պարտվեցինք կոպիտ սխալների պատճառով: Այդ օրն այլ տակտիկայով էինք խաղում:

 Երկու օր հետո լիովին այլ տակտիկա մշակեցինք եւ խաղացինք: Այսօր ես տեսա բոլորովին այլ պաշտպանություն: Ուզում էիք «սյուրպրիզ», մենք դա արեցինք:

Պորտուգալիային 0:5 պարտվելուց հետո ես շատ տխուր չէի,  կոտրված չէի եւ բոլորը  նկատել էին, քննադատում էին, որ ես շատ տխուր չեմ:

Չեմ դժգոհում եւ չեմ բողոքում քննադատություններից, բայց ես իրավունք չունեմ իմ թիմի առջեւ կոտրված դուրս գալ, ցույց տալ, որ տխրում եմ: Դա չի նշանակում՝ ես չեմ տխրել 0:5 պարտությունից հետո: Ես էլ բոլորի պես գիշերները չեմ քնել, բայց ես եմ թիմի լիդերը, թիմին ոգի եւ վստահություն տվողը:

Այսօր խաղադաշտում հոգեբանության մեծ տարբերություն կար, մասնավորապես, պաշտպանությունում: Ես ասել եմ տղաներին, որ պետք է լինեն վստահ, ագրեսիվ, որպեսզի հաջողության հասնենք:

Շատ շնորհակալ եմ հավաքականի այն ֆուտբոլիստներին, որոնք մեկնարկային կազմում չէին եւ փոխարինման են դուրս գալիս ու չեն նեղանում, որ մեկնարկում  չեն: Օրինակ՝ այսօր մեկնարկում չէին Վահան Բիչախչյանը, Արթուր Սերոբյանը, բայց այդ տղաները նվիրվածությամբ, սիրով մտան խաղադաշտ ու պայքարեցին մինչեւ վերջ:

Ամեն խաղն ունի իր պատասխանատվությունը ու արժեքը: Դժվար կլինի ստաբիլություն ձեռք բերել: Սխալների վրա շատ պետք է աշխատենք:

Մի խնդրանք ունեմ՝ մեզ մի նեղացրեք: Մի տարի չի, որ ազգային հավաքականում պրոբլեմներ կան: Միասին լինենք, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Հունգարիային։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում