Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, չնայած իր որդեգրած քաղաքականությանը, Անդրանիկ Կարապետյանին առանց որեւէ կոնֆլիկտի թույլ է տվել հանդես գալ Բոսնիայի եւ Հերցեգովինայի դրոշի ներքո. ոչ ֆեդերացիան է նրանից նեղացած, ոչ նա՝ ֆեդերացիայից: Մարդիկ այս օրերին Անդրանիկի հեռանալը կապում են Լեւոն Արոնյանի, Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հետ: Որեւէ առնչություն չունի... Հարցն այդ մակարդակի չի, ոչ մի կողմը մյուսից նեղված ու նեղացած չի: Զուտ ծանրորդի ցանկությունն է: Նա ցանկանում է իր ֆինանսական վիճակը կարգավորել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Սամվել Գասպարյանը:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հեռացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականից եւ հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո:
Այդ մասին նախօրեին NEWS.am Sport-ի թղթկացին հայտնել էր Անդրանիկ Կարապետյանը: 30-ամյա ծանրորդի մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Բոսնիա-Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես գալու տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Անդրանիկ Կարապետյանն օրերս հայտարարեց մարզական քաղաքացիությունը փոխելու որոշման մասին: Ինչո՞ւ հավաքականի հնաբնակը եկավ այդ որոշմանը, ո՞րն է պատճառը: Ինչպիսի՞ն է ֆեդերացիայի դիրքորոշումը:
Շատ եմ կարեւորում Անդրանիկ Կարապետյանի տեղափոխության մասին որոշումը մեկնաբանելը, որպեսզի մարդկանց մեջ թյուրըմբռնում չառաջանա, որովհետեւ Գոռ Մինասյանի մարզական քաղաքացիությունը փոխելու ժամանակ էլ թյուրըմբռնում առաջացավ, մարդիկ չկարողացան բացատրել նրա հեռանալը:
Եթե հիշում եք, Անդրանիկ Կարապետյանն այս տարվա Հայաստանի առաջնությանը հայտավորված էր: Նրա հայտն ինձ մոտ է, փաստացի ունենք ֆեդերացիայում: Նա չմասնակցեց: Նրա վերաբերյալ տեղեկություն չենք ունեցել: 2024 թ. աշխարհի առաջնությունից առաջ, դեկտեմբերին Անդրանիկը մարզիչներին հայտարարել էր, որ կարիերան կավարտի, եթե մեդալով չվերադառնա: Չգիտեմ, թե հստակ ինչ պայմանավորվածություն է եղել մարզիչների հետ: Այդ ժամանակ ես արդեն ավարտել էի կարիերաս եւ ծանրամարտի զարգացումներին հետեւում էի կողքից: Փետրվարից, ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո սկսվեց նոր ֆեդերացիայի աշխատանքը, փետրվարի 7-ից մեկնարկեց ՀՀ առաջնությունը: Հայտերը ես եմ հավաքել, Անդրանիկ Կարապետյանը հայտավորված է եղել նրա մարզադպրոցի կողմից: Այդ ընթացքում որեւէ տեղեկություն, լուր չի եղել Անդրանիկի հեռանալու մասին, նաեւ հանդիպում չի եղել ծանրորդի հետ: Ինքս ֆեդերացիայի հետ ավելի շատ զբաղված էի կազմակերպչական հարցերով:
Այդ շրջանում շատ էին խոսակցությունները գլխավոր մարզիչի հայտարարությունների շուրջ, թե մի քանի ծանրորդ հեռացված է հավաքականից: Այդ մասին գլխավոր մարզիչը մի քանի անգամ ասել էր իր հարցազրույցներում:
Անդրանիկի մասին եւս եղել է նման հայտարարություն, որ նա այլեւս հավաքականի անդամ չի: Դա եղել է ընդամենը հայտարարություն, որին հակառակ՝ տվյալ ծանրորդները հայտավորված են եղել Հայաստանի առաջնությանը: Ներքին առաջնությունից ֆեդերացիայի թույլտվությամբ ազատված են եղել միայն Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը:
Ամեն դեպքում, Անդրանիկ Կարապետյանը չներկայացավ Հայաստանի առաջնությանը: Ֆեդերացիան ե՞րբ եւ ինչպե՞ս է իմացել Անդրանիկ Կարապետյանի՝ հավաքականից հեռանալու որոշման մասին:
Անդրանիկի որոշման մասին ֆեդերացիան իմացել է Եվրոպայի ֆեդերացիայից՝ մեզ ուղարկված նամակով: Եվրոպայի ֆեդերացիան մեզ դիմել է նամակով, որ Բոսնիա եւ Հերցեգովինան Եվրոպայի առաջնության հայտ է ներկայացրել, որտեղ կազմում ընդգրված է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը: Նամակում նշվում է, թե արդյոք Հայաստանի ֆեդերացիան համաձայն է, որ Անդրանիկ Կարապետյանը հանդես գա Բոսնիայից: Կարապետյանի տեղափոխության մասին զարգացումները սկսվեցին այդ նամակից: Այդ ամենը եղել է ապրիլին: Մենք արդեն ներկայացրել էինք Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակը, որում ընդգրված չէին այն ծանրորդները, որոնք չէին մասնակցել Հայաստանի առաջնությանը. բացառությամբ Վարազդատ Լալայանի եւ Գարիկ Կարապետյանի: Անդրանիկ Կարապետյանին չէինք հայտավորել, քանի որ տեղեկություն չունեինք նրա մասին, նա չէր մասնակցել հավաքներին, չգիտեինք նրա մարզավիճակի մասին, բացի այդ, գլխավոր մարզիչը նրան չէր հայտավորել:
Այդ ընթացքում հարց չէր առաջանու՞մ, թե ուր է Անդրանիկ Կարապետյանը, ինչո՞ւ չի մասնակցում մարզումներին:
Եվրոպայի ֆեդերացիայից երբ ստացանք նամակը, թե թույլ տալի՞ս ենք մասնակցի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականից, իհարկե, թույլ չտվեցինք, քանի որ այդ ամենը դեմ էր մեր դիրքորոշմանը: Ֆեդերացիայի ներկայիս ղեկավար կազմը ի սկզբանե դիրքորոշում ունի, որ որեւէ մարզիկ մարզական կարիերան ավարտելուց հետո այլ երկրի դրոշի ներքո հանդես չի գալու, չի լքելու երկիրը, այլ մնալու է Հայաստանում եւ նպաստի հայկական ծանրամարտի, սպորտի զարգացմանը: Վառ օրինակը ես եմ, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ այլոք:
Այսինքն՝ ֆեդերացիան դե՞մ է եղել Անդրանիկ Կարապետյանի հեռանալուն: Այդ դեպքում ինչպե՞ս եք եկել համաձայնության:
Անդրանիկին նախ թույլ չտվեցինք մասնակցի Եվրոպայի առաջնությանը Բոսնիայի եւ Հերցեգովինայի դրոշի ներքո, որովհետեւ պարզաբանումների, վերլուծությունների կարիք կար: Հանդիպում է եղել ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Անդրանիկը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ եւ իր թղթերը պատրաստ են: Անդրանիկը նախագահին անձամբ խնդրեց, որպեսզի թույլ տանք՝ հեռանա: Զրուցեցինք նրա հետ, վերլուծելով նրա արդյունքները, եկանք այն հայտարարին, որ թույլ ենք տալիս: Ճիշտ է՝ ֆեդերացիան չի ցանկանում, որ որեւէ ծանրորդ հեռանա Հայաստանից, բայց երբ ինքն է ցանկություն հայտնում գումար աշխատելու նպատակով, եկանք համաձայնության:
Գումար աշխատելու նպատա՞կն է հավաքականից հեռանալու պատճառը:
Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆեդերացիան առանձին վարժությունների արդյունքների համար էլ է վարձատրում, աշխատավարձ նշանակում: Եթե մեր երկրում մարզիկները պարգեւատրվում են երկամարտի արդյունքների համար, Բոսնիան նաեւ պարգեւատրում է առանձին պոկում եւ հրում վարժությունների համար:
Այժմ ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի մեր երկրում էլ ծանրորդները պարգեւատրվեն նաեւ առանձին վարժությունների համար, որպեսզի լինի ձգտում, առաջխաղացում:
Ինչ վերաբերում է Անդրանիկի որոշման պատճառին, ֆեդերացիայի նախագահը, ես, որպես գլխավոր քարտուղար, նրան առաջարկել ենք լավագույն պայմանները, պարոն Հարությունյանն իր կողմից իր աջակցությունն է առաջարկել, բայց արդեն ուշ էր: Անդրանիկն արդեն կայացրել էր իր որոշումը, Բոսնիա եւ Հերցեգովինայում նրա փաստաթղթերը պատրաստ է եղել, միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիայում արդեն տեղյակ էին: Մեզ մնում էր միայն համաձայնություն տալ:
Ինչպե՞ս է ծանրամարտում տեղի ունենում մարզական քաղաքացիությունը փոխելու գործընթացը:
Ամեն Օլիմպիական խաղերից հետո ծանրորդներն իրավունք ունեն փոխել մարզական քաղաքացիությունը: Միջազգային ֆեդերացիայի կանոնադրության մեջ հստակ նշված է՝ Օլիմպիական խաղերից հետո, այսինքն օլիմպիական տարում: Ծանրորդը նախ գրավոր հայտ է ներկայացնում իր երկրի ֆեդերացիա, տվյալ դեպքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա: Տվյալ երկրի ֆեդերացիան գործկոմի անդամներով կամ մարզչական խորհրդով որոշում է կայացնում, որի հիման վրա ծանրորդին թույլտվության պաշտոնական նամակ է տալիս, որով նա կարող է դիմել ցանկացած երկիր: Որեւէ երկրից հրավեր ստանալու դեպքում, հրավիրող երկիրը պաշտոնական նամակով դիմում է ֆեդերացիա, տվյալ դեպքում՝ ՀԾՖ:
Անդրանիկ Կարապետյանն ո՞ւմ է դիմել առաջինը:
Որեւէ մեկին չի դիմել: Դիմել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆեդերացիա, նրան առաջարկել են, բոլոր գործընթացները պատրաստել է, փաստաթղթերը պատրաստել է, նոր վերջում ընտրություններից հետո մեր ֆեդերացիան իմացել է այդ մասին: Այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերին:
Փաշիկ Ալավերդյանն իմացե՞լ է նրա հեռանալու որոշման մասին:
Գլխավոր մարզիչն էլ տեղյակ չի եղել եւ, դա շատ ցավալի է: Գլխավոր մարզիչը իր որոշմամբ հայտարարում է, որ Անդրանիկ Կարապետյանը հեռացված է հավաքականից ու չի քննարկում այդ հարցը ֆեդերացիայի հետ: Այդ ամենը լուրջ գործընթաց է, պետք է լինի քննարկում, դիտարկում՝ մարզիկի վարքը, արդյունքները, կարգապահությունը: Գլխավոր մարզիչը չի կարող քնից արթնանալ ու որոշել՝ այս ինչ մարզիկը հեռացված է թիմից: Հայաստանի առաջնությանը հայտավորվելուց եւ չներկայանալուց հետո փորձել ենք կապ հաստատել Անդրանիկի հետ, անհասանելի է եղել: Այստեղ արդեն կարեւոր է գլխավոր մարզիչի գործոնը: Որեւէ մեկը չի հետաքրքրվել, թե Անդրանիկն ինչով է զբաղված: Գուցե նա ավարտում էր կարիերան եւ դառնում մեր լավագույն մարզիչներից մեկը, մնում էր սպորտում:
Հեռանալը նրա ցանկությունն է, որն իսկապես շատ ցավալի է: Ինչպես արդեն ասացի՝ գործընթացը տեղի է ունեցել դեկտեմբերին, մեր ֆեդերացիան այդ մասին իմացել է մարտի վերջ, ապրիլի սկզբին, երբ մենք պատրաստվում էինք մեկնել Եվրոպայի առաջնության:
Ամեն դեպքում ֆեդերացիան Անդրանիկին թույլ է տվել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո առանց որեւէ կոնֆլիկտի. ոչ ֆեդերացիան է նրանից նեղացած, ոչ նա՝ ֆեդերացիայից: Մարդիկ այս օրերին Անդրանիկի հեռանալը կապում են Լեւոն Արոնյանի, Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հետ: Որեւէ առնչություն չունի... Հարցն այդ մակարդակի չի, ոչ մի կողմը մյուսից նեղված ու նեղացած չի: Այս պարագայում արդեն զուտ ծանրորդի ցանկությունն է: Նա ցանկանում է իր ֆինանսական վիճակը կարգավորել:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի