Սամվել Գասպարյան. Անդրանիկ Կարապետյանի հեռանալը նրա ցանկությունն է

11:33   24 հուլիսի, 2025

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, չնայած իր որդեգրած քաղաքականությանը, Անդրանիկ Կարապետյանին առանց որեւէ կոնֆլիկտի թույլ է տվել հանդես գալ Բոսնիայի եւ Հերցեգովինայի  դրոշի ներքո. ոչ ֆեդերացիան է նրանից նեղացած, ոչ նա՝ ֆեդերացիայից: Մարդիկ այս օրերին Անդրանիկի հեռանալը կապում են Լեւոն Արոնյանի, Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հետ: Որեւէ առնչություն չունի... Հարցն այդ մակարդակի չի, ոչ մի կողմը մյուսից նեղված ու նեղացած չի: Զուտ ծանրորդի ցանկությունն է: Նա ցանկանում է իր ֆինանսական վիճակը կարգավորել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հեռացել է ծանրամարտի Հայաստանի հավաքականից եւ հանդես կգա Բոսնիա եւ Հերցեգովինայի դրոշի ներքո:

Այդ մասին նախօրեին NEWS.am Sport-ի թղթկացին հայտնել էր Անդրանիկ Կարապետյանը: 30-ամյա ծանրորդի մարզական քաղաքացիությունը փոխելու եւ Բոսնիա-Հերցեգովինայի դրոշի ներքո հանդես գալու տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Անդրանիկ Կարապետյանն օրերս հայտարարեց մարզական քաղաքացիությունը փոխելու որոշման մասին: Ինչո՞ւ հավաքականի հնաբնակը եկավ այդ որոշմանը, ո՞րն է պատճառը: Ինչպիսի՞ն է ֆեդերացիայի դիրքորոշումը:

Շատ եմ կարեւորում Անդրանիկ Կարապետյանի տեղափոխության մասին որոշումը մեկնաբանելը, որպեսզի մարդկանց մեջ թյուրըմբռնում չառաջանա, որովհետեւ Գոռ Մինասյանի մարզական քաղաքացիությունը փոխելու ժամանակ էլ թյուրըմբռնում առաջացավ, մարդիկ չկարողացան բացատրել նրա հեռանալը:

Եթե հիշում եք, Անդրանիկ Կարապետյանն այս տարվա Հայաստանի առաջնությանը հայտավորված էր: Նրա հայտն ինձ մոտ է, փաստացի ունենք ֆեդերացիայում: Նա չմասնակցեց: Նրա վերաբերյալ տեղեկություն չենք ունեցել: 2024 թ. աշխարհի առաջնությունից առաջ, դեկտեմբերին Անդրանիկը մարզիչներին հայտարարել էր, որ կարիերան կավարտի, եթե մեդալով չվերադառնա: Չգիտեմ, թե հստակ ինչ պայմանավորվածություն է եղել մարզիչների հետ: Այդ ժամանակ ես արդեն ավարտել էի կարիերաս եւ ծանրամարտի զարգացումներին հետեւում էի կողքից: Փետրվարից, ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո սկսվեց նոր ֆեդերացիայի աշխատանքը, փետրվարի 7-ից մեկնարկեց ՀՀ առաջնությունը: Հայտերը ես եմ հավաքել, Անդրանիկ Կարապետյանը հայտավորված է եղել նրա մարզադպրոցի կողմից: Այդ ընթացքում որեւէ տեղեկություն, լուր չի եղել Անդրանիկի հեռանալու մասին, նաեւ հանդիպում չի եղել ծանրորդի հետ: Ինքս ֆեդերացիայի հետ ավելի շատ զբաղված էի կազմակերպչական հարցերով:

Այդ շրջանում շատ էին խոսակցությունները գլխավոր մարզիչի հայտարարությունների շուրջ, թե մի քանի ծանրորդ հեռացված է հավաքականից: Այդ մասին գլխավոր մարզիչը մի քանի անգամ ասել էր իր հարցազրույցներում:

Անդրանիկի մասին եւս եղել է նման հայտարարություն, որ նա այլեւս հավաքականի անդամ չի: Դա եղել է ընդամենը հայտարարություն, որին հակառակ՝ տվյալ ծանրորդները հայտավորված են եղել Հայաստանի առաջնությանը: Ներքին առաջնությունից ֆեդերացիայի թույլտվությամբ ազատված են եղել միայն Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը:

Ամեն դեպքում, Անդրանիկ Կարապետյանը չներկայացավ Հայաստանի առաջնությանը: Ֆեդերացիան ե՞րբ եւ ինչպե՞ս է իմացել Անդրանիկ Կարապետյանի՝  հավաքականից հեռանալու որոշման մասին:

Անդրանիկի որոշման մասին ֆեդերացիան իմացել է Եվրոպայի ֆեդերացիայից՝ մեզ ուղարկված նամակով: Եվրոպայի ֆեդերացիան մեզ դիմել է նամակով, որ Բոսնիա եւ Հերցեգովինան Եվրոպայի առաջնության հայտ է ներկայացրել, որտեղ կազմում ընդգրված է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը: Նամակում նշվում է, թե արդյոք Հայաստանի ֆեդերացիան համաձայն է, որ Անդրանիկ Կարապետյանը հանդես գա Բոսնիայից: Կարապետյանի տեղափոխության մասին զարգացումները սկսվեցին այդ նամակից: Այդ ամենը եղել է ապրիլին: Մենք արդեն ներկայացրել էինք Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակը, որում ընդգրված չէին այն ծանրորդները, որոնք չէին մասնակցել Հայաստանի առաջնությանը. բացառությամբ Վարազդատ Լալայանի եւ Գարիկ Կարապետյանի: Անդրանիկ Կարապետյանին չէինք հայտավորել, քանի որ տեղեկություն չունեինք նրա մասին, նա չէր մասնակցել հավաքներին, չգիտեինք նրա մարզավիճակի մասին, բացի այդ, գլխավոր մարզիչը նրան չէր հայտավորել:

Այդ ընթացքում հարց չէր առաջանու՞մ, թե ուր է Անդրանիկ Կարապետյանը, ինչո՞ւ չի մասնակցում մարզումներին:

Եվրոպայի ֆեդերացիայից երբ ստացանք նամակը, թե թույլ տալի՞ս ենք մասնակցի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականից, իհարկե, թույլ չտվեցինք, քանի որ այդ ամենը դեմ էր մեր դիրքորոշմանը: Ֆեդերացիայի ներկայիս ղեկավար կազմը ի սկզբանե դիրքորոշում ունի, որ որեւէ մարզիկ մարզական կարիերան ավարտելուց հետո այլ երկրի դրոշի ներքո հանդես չի գալու, չի լքելու երկիրը, այլ մնալու է Հայաստանում եւ նպաստի հայկական ծանրամարտի, սպորտի զարգացմանը: Վառ օրինակը ես եմ, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ այլոք:

Այսինքն՝ ֆեդերացիան դե՞մ է եղել Անդրանիկ Կարապետյանի հեռանալուն: Այդ դեպքում ինչպե՞ս եք եկել համաձայնության:

Անդրանիկին նախ թույլ չտվեցինք մասնակցի Եվրոպայի առաջնությանը Բոսնիայի եւ Հերցեգովինայի դրոշի ներքո, որովհետեւ պարզաբանումների, վերլուծությունների կարիք կար: Հանդիպում է եղել ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:  Անդրանիկը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ եւ իր թղթերը պատրաստ են: Անդրանիկը նախագահին անձամբ խնդրեց, որպեսզի թույլ տանք՝ հեռանա: Զրուցեցինք նրա հետ, վերլուծելով նրա արդյունքները, եկանք այն հայտարարին, որ թույլ ենք տալիս: Ճիշտ է՝ ֆեդերացիան չի ցանկանում, որ որեւէ ծանրորդ հեռանա Հայաստանից, բայց երբ ինքն է ցանկություն հայտնում գումար աշխատելու նպատակով, եկանք համաձայնության:

Գումար աշխատելու նպատա՞կն է հավաքականից հեռանալու պատճառը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆեդերացիան առանձին վարժությունների արդյունքների համար էլ է վարձատրում, աշխատավարձ նշանակում: Եթե մեր երկրում մարզիկները պարգեւատրվում են երկամարտի արդյունքների համար, Բոսնիան նաեւ պարգեւատրում է առանձին պոկում եւ հրում վարժությունների համար:

Այժմ ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի մեր երկրում էլ ծանրորդները պարգեւատրվեն նաեւ առանձին վարժությունների համար, որպեսզի լինի ձգտում, առաջխաղացում:

Ինչ վերաբերում է Անդրանիկի որոշման պատճառին, ֆեդերացիայի նախագահը, ես, որպես գլխավոր քարտուղար, նրան առաջարկել ենք լավագույն պայմանները, պարոն Հարությունյանն իր կողմից իր աջակցությունն է առաջարկել, բայց արդեն ուշ էր: Անդրանիկն արդեն կայացրել էր իր որոշումը, Բոսնիա եւ Հերցեգովինայում նրա փաստաթղթերը պատրաստ է եղել, միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիայում արդեն տեղյակ էին: Մեզ մնում էր միայն համաձայնություն տալ:

Ինչպե՞ս է ծանրամարտում տեղի ունենում մարզական քաղաքացիությունը փոխելու գործընթացը:

Ամեն Օլիմպիական խաղերից հետո ծանրորդներն իրավունք ունեն փոխել մարզական քաղաքացիությունը: Միջազգային ֆեդերացիայի կանոնադրության մեջ հստակ նշված է՝ Օլիմպիական խաղերից հետո, այսինքն օլիմպիական տարում: Ծանրորդը նախ գրավոր հայտ է ներկայացնում իր երկրի ֆեդերացիա, տվյալ դեպքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա: Տվյալ երկրի ֆեդերացիան գործկոմի անդամներով կամ մարզչական խորհրդով որոշում է կայացնում, որի հիման վրա ծանրորդին թույլտվության պաշտոնական նամակ է տալիս, որով նա կարող է դիմել ցանկացած երկիր: Որեւէ երկրից հրավեր ստանալու դեպքում, հրավիրող երկիրը պաշտոնական նամակով դիմում է ֆեդերացիա, տվյալ դեպքում՝  ՀԾՖ:

Անդրանիկ Կարապետյանն ո՞ւմ է դիմել առաջինը:

Որեւէ մեկին չի դիմել: Դիմել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆեդերացիա, նրան առաջարկել են, բոլոր գործընթացները պատրաստել է, փաստաթղթերը պատրաստել է, նոր վերջում ընտրություններից հետո մեր ֆեդերացիան իմացել է այդ մասին: Այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերին:

Փաշիկ Ալավերդյանն իմացե՞լ է նրա հեռանալու որոշման մասին:

Գլխավոր մարզիչն էլ տեղյակ չի եղել եւ, դա շատ ցավալի է: Գլխավոր մարզիչը իր որոշմամբ հայտարարում է, որ Անդրանիկ Կարապետյանը հեռացված է հավաքականից ու չի քննարկում այդ հարցը ֆեդերացիայի հետ: Այդ ամենը լուրջ գործընթաց է, պետք է լինի քննարկում, դիտարկում՝ մարզիկի վարքը, արդյունքները, կարգապահությունը: Գլխավոր մարզիչը չի կարող քնից արթնանալ ու որոշել՝ այս ինչ մարզիկը հեռացված է թիմից: Հայաստանի առաջնությանը հայտավորվելուց եւ չներկայանալուց հետո փորձել ենք կապ հաստատել Անդրանիկի հետ, անհասանելի է եղել: Այստեղ արդեն կարեւոր է գլխավոր մարզիչի գործոնը: Որեւէ մեկը չի հետաքրքրվել, թե Անդրանիկն ինչով է զբաղված: Գուցե նա ավարտում էր կարիերան եւ դառնում մեր լավագույն մարզիչներից մեկը, մնում էր սպորտում:

Հեռանալը նրա ցանկությունն է, որն իսկապես շատ ցավալի է: Ինչպես արդեն ասացի՝ գործընթացը տեղի է ունեցել դեկտեմբերին, մեր ֆեդերացիան այդ մասին իմացել է մարտի վերջ, ապրիլի սկզբին, երբ մենք պատրաստվում էինք մեկնել Եվրոպայի առաջնության:

Ամեն դեպքում ֆեդերացիան Անդրանիկին թույլ է տվել հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո առանց որեւէ կոնֆլիկտի. ոչ ֆեդերացիան է նրանից նեղացած, ոչ նա՝ ֆեդերացիայից: Մարդիկ այս օրերին Անդրանիկի հեռանալը կապում են Լեւոն Արոնյանի, Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հետ: Որեւէ առնչություն չունի... Հարցն այդ մակարդակի չի, ոչ մի կողմը մյուսից նեղված ու նեղացած չի: Այս պարագայում արդեն զուտ ծանրորդի ցանկությունն է: Նա ցանկանում է իր ֆինանսական վիճակը կարգավորել:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.