Ինձ համար շատ կարեւոր էր հաղթել Ստամբուլում: Մենամարտս հետեւելու էին եկել նաեւ թուրքեր: Հաղթանակից հետո շատերը մոտեցան շնորհավորեցին: Նպատակս աշխարհի չեմպիոնի գոտին է, բայց այս պահին նաեւ մեկ այլ նպատակ ունեմ՝ Լոս Անջելես-2028-ը: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասավ 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:
Հովհաննես, շնորհավորում եմ հերթական հաղթանակի եւ չեմպիոնական գոտի նվաճելու կապակցությամբ: Ամփոփիր 8-րդ հաղթանակդ պրոֆեսիոնալ ռինգում:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Հաղթեցի 9-րդ ռաունդում: Իհարկե, ցանկություն կար ավելի շուտ նոկաուտի ենթարկել: Պահը հասունացավ 9-րդ ռաունդում: Շատ ուրախացա այս հաղթանակի համար: Կարեւոր էր, որովհետեւ Ստամբուլում էր, WBA վարկածով լավագույն 15-ի մեջ էի, այժմ ավելի բարձրացա: Սա ինձ հնարավորություն կտա ավելի շուտ աշխարհի չեմպիոնի գոտու համար հայտ ներկայացնել: Շատ ուրախացա, որ նաեւ կարողացա WBA Continental գոտին պաշտպանել եւ IBA Pro-ն ավելացնել:
Սպասո՞ւմ էիր նոկաուտով հաղթանակի, թե՞ համակերպվել էիր, որ մինչեւ 10-րդ ռաունդ կպայքարես:
Երբ ռինգ եմ մտնում, միշտ այնպես եմ պատրաստվում, որ մինչեւ վերջ գնամ: Գիտեի, որ գուցե նոկաուտ անելու պահ ունենամ, բայց եթե չլիներ, պատրաստ էի մինչեւ վերջ պայքարել: Մրցակիցս 4 անգամ կռվել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իմ քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոնին է պարտվել: Ուսումասիրել էի նրան, գիտեի, որ այդ բոլոր մենամարտերում մինչեւ վերջին ռաունդը պայքարել է, ինչը նշանակում է՝ պինդ տղա է: Իրեն նոկաուտով չէին հաղթել: Ենթադրում էի, որ ինձ հետ էլ կարող է այդպես լինի, այդ պատճառով պատրաստվել էի երկար ռաունդների:
Իրականում մրցակիցս պետք է լիներ ուզբեկ Շոհջահոն Էրգաշեւը, որը պրոֆեսիոնալ ռինգում ուներ 25 հաղթանակ, 22-ը նոկաուտով: Սկզբում պատրաստվել էի նրա հետ պայքարին, բայց մենամարտից 10 օր առաջ ուզբեկ բռնցքամարտիկը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ վնասվածք է ստացել: Փոխարինեց հարավաֆրիկացին, որը վարկանիշով ավելի բարձր է: Նրա հետ մենամարտն ինձ ավելի մոտեցրեց աշխարհի չեմպիոնական գոտու համար հայտին: Իհարկե, ամեն ինչ կախված է նաեւ պրոմոութերական կազմակերպության աշխատանքից:
Ունե՞ս պայմանագիր որեւէ պրոմոութերական կազմակերպության հետ:
Ես աշխատում եմ պրոմոութերների հետ, բայց այս պահին պայմանագիր չունեմ: Աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք ինձ հետ են եղել պրոֆեսիոնալ ռինգում իմ առաջին քայլերից: Նրանք են ինձ մենամարտեր առաջարկում, զբաղվում իմ պրոֆեսիոնալ կարիերայով: Իմ ցանկությունն է դեռ այսպես աշխատել: Տարբեր տեղերից պայմանագրերի առաջարկներ ունեմ: Հնարավոր է՝ մոտ ապագայում ունենամ պայմանագիր: Առայժմ դժգոհ չեմ այս կարգավիճակից, որովհետեւ այնպիսի մարդկանց հետ եմ աշխատում, որ գուցե առանց պայմանագրի էլ կարողանամ աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտեմ:
Վերադառնանք մենամարտիդ. սա քո երկրորդ մենամարտն էր երկու տարվա դադարից եւ ձեռքերիդ վիրահատությունից հետո: Ինչպե՞ս էիր քեզ զգում ռինգում:
Ռինգում ինձ շատ ավելի լավ էի զգում, քան դադարից հետո առաջին մենամարտում: Եթե չլիներ նոկաուտը, միաձայն բոլոր ռաունդներում հաղթում էի: Մրցակիցս շատ խորամանկ էր: 33 մենամարտ էր ունեցել եւ հանդիպել էր աշխարհի ուժեղագույններին: Նա մտածում էր, որ եթե ես երեք ռաունդ դիմանամ, ինձ կխփի, բայց թերագնահատեց իմ ուժերը:
Ստամբուլում էիր մենամարտում: Ինչպիսի՞ մթնոլորտ էր դահլիճում, կա՞ր լարվածություն, որ Թուրքիայում ես:
Հաղթանակն ինձ համար մի քանի պատճառներով էր շատ կարեւոր: Այն, որ Ստամբուլում էր, շատ պատասխանատու էր: Որեւէ կերպ չեմ զգացել, որ Թուրքիայում էի, քանի որ մրցաշարը կազմակերպել էր IBA-ն: Չկար որեւէ թուրքական կողմի միջամտություն, որից ճնշում ստանայի: Ամեն ինչ հոգում էր IBA-ն: Դահլիճում կային թուրքեր, որոնք ինձ էին երկրպագում: Շատերը եկել էին մենամարտս նայելու եւ ինձ երկրպագելու: Թուրքիայում մի քանի մրցաշարերի եմ մասնակցել՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի, Եվրոպայի առաջնության: Ճիշտ է, մեդալով եմ վերադարձել, բայց այնտեղ չեմպիոն չեմ կարողացել դառնալ: Մի դեպքում պարտվել եմ, մյուս դեպքում՝ կանգնեցրել են եւ թույլ չեն տվել մինչեւ վերջ մենամարտեմ: Այդ պատճառով էլ էի շատ ուզում հաղթել, որ նախկինում չեմպիոն չեմ դարձել Թուրքիայում: Այս անգամ պետք է ամեն ինչ անեի, որ հաղթեի ու զգայի, որ Թուրքիայից հաղթանակով եմ եկել:
Ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանից:
Շատ մեծ արձանանքներ եմ ունեցել, բազմաթիվ շնորհավորանքներ: Այսպիսի արձագանքներ եղել էին Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, երբ բրոնզե մեդալակիր դարձա: Շատերը կարծում էին, որ երկու տարվա դադարից հետո կհեռանամ բռնցքամարտից: Շատերը մոռացան ինձ, նույնիսկ ամենահարազատ մարդկանցից մի քանիսին թվաց, թե վերջ, Բաչկովը «վերջացավ»: Բոլորն այնքան էին հավատացել իմ «վերջանալուն», որ մի պահ ես էլ էի այդպես կարծում: Մի օր պապայիս հետ զրույցում ասացի՝ «Տղեդ վերջ, երեւի սա վերջն է»: Շատ ծանր տարավ, ասաց՝ «Իմ տղեն չի «վերջացել», իմ տղուն «դրել ենք զարյադկի» (ծիծաղում է): Այդ խոսքերը այնպես ազդեցին, խոստացա, որ անպայման հետ կվերադառնանք ու չենք հիշի այն մարդկանց, որոնք ուրիշ նպատակներ են ունեցել ինձ հետ:
Հայրիկիդ խոսքերը ստիպեցի՞ն՝ վերադառնալ, թե՞ ինքդ քեզ ապացուցելու բան ունեիր:
Ինքս ինձ շատ բան ունեի ապացուցելու: Այդ ընթացքում չտեսա այն մարդկանց, որոնք միշտ ամպագոռգոռ խոսքեր էին ասում ինձ՝ իմ մասին: Պարզվում է՝ նրանք նյութականին են նայել իմ կողքը գտնվելով: Նրանց թվաց, որ վնասվածքից հետո ես իրենց այլեւս պետք չեմ: Այդպես մի քանիսը հեռացան իմ կողքից: Հետաքրքիր է, որ մարդկանց, ում համարում ես ամենահարազատը, պարզվում է նյութական շահ են հետապնդել, ինձանից օգտվել են: Հիմա նրանք են ուզում հետ գալ, բայց ճանապարհները փակ են: Վնասվածքս ինձ կյանքի մեծ փորձ տվեց. սպորտային առումով կորուստ ունեցա, բայց կյանքում շատ բաներ ձեռք բերեցի:
Թուրքիայում կողքիդ էր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
Ինձ համար էլ էր անակնկալ, որ նա եկել էր իմ մենամարտին: Թուրքիայում պատահական նրան հանդիպեցի: Ասաց, որ եկել է հատուկ իմ մենամարտը դիտելու եւ ինձ աջակցելու, կողքիս լինելու: Հովհաննես Հովսեփյանի հետ զրույց ունեցանք: Շատ հարցեր կային քննարկելու ֆեդերացիայի հետ կապված: Եկանք ընդհանուր հայտարարի եւ որոշեցինք, որ ամեն ինչ պետք է ծառայի հայկական բռնցքամարտին, այլ ոչ իր կամ իմ անձնական շահերին: Պետք է բոլորս այնպես անենք, որ հայկական բռնցքամարտը բարձրանա: Բաժանումներ չպետք է լինի, ինչը կար մեր բռնցքամարտում:
Զրույցի արդյունքն ինչպիսի՞ն էր․ կպայքարե՞ս Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Այդ հարցն ինձ ուղղեց նաեւ ֆեդերացիայի նախագահը: Ներկա պահին պատասխանս «այո» է: Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեմ, բայց թե ինչ կլինի երեք տարի հետո, չեմ կարող ասել: Այդ որոշումը զրույցի արդյունքում չեմ կայացրել: Օլիմպիական խաղերը, օլիմպիական ոսկե մեդալը միշտ եղել է իմ մեծ նպատակներից մեկը եւ երբեք չի փոխվել: Սիրողական կարիերայումս աշխարհի առաջնության ոսկե մեդալի եւ օլիմպիական ոսկե մեդալի բացը կա: Եթե կարողանամ պրոֆեսիոնալ կարիերայիս հետ ամենը հասցնել, այդ երկու ոսկե մեդալներն էլ անպայման կլինեն: Իմ մասին որեւէ մեկի հայտարարությանը պետք չի ականջ դնել, եթե ես անձամբ այդ մասին չեմ ասել: Այս պահին ասում եմ, որ պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի համար:
Ստամբուլում տարած հաղթանակիդ կապակցությամբ շքեղ ավտոմեքենա նվեր ստացար: Ո՞ւմ կողմից էր:
Այդ մեծ անակնկալն ինձ արեց ընկերս՝ Վահրամ Ստեփանյանը: Նա Դուբայի «Golden Boxing» ակումբի հիմնադիրն է: Իրականում շատ համեստ տղա է, բարերար է: Այնքան բարեգործություններ է արել Հայաստանի համար, պատերազմի օրերին է մեծ օգնություն ցուցաբերել, բայց երբեք այդ մասին չի խոսում, չի հայտարարում: Ես մարզվում եմ նրա ակումբում, ինձ պես շատ հայեր են նրա մոտ մարզվում անվճար: Մեծ աջակցություն է ցուցաբերում հայերին: Շատ ազգասեր է, համեստ իր գործերում, բայց շռայլ հայերի ու Հայաստանի համար:
Ստամբուլ չէր եկել, բայց իմ նախորդ բոլոր մենամարտերին ներկա է եղել: Ավտոմեքենան անակնկալ էր, չէի սպասում: Ուրախ եմ, որ իմ կարիերայում եւ կյանքում այսպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնք ամեն ինչով փորձում են աջակցել հայկական սպորտին: Խոսքը ավտոմեքենայի մասին չի (ծիծաղում է). այն որ Վահրամի նման տղերքը ամեն ինչ անում են, որ մարզիկները մտածեն միայն իրենց մարզումների եւ երկրին հաղթանակներ պարգեւելու մասին: Շատ շնորհակալ եմ նրան, նաեւ՝ Դանիելին, որոնք իմ կողքին են, ինձ աջակցում են եւ հավատում: Ես էլ նրանց պես հավատում եմ, որ միասին պրոֆեսիոնալ ռինգում կհաղթահարենք բոլոր դժվարությունները եւ կհասնենք մեր գլխավոր նպատակին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի