Հովհաննես Բաչկով․ Նպատակս աշխարհի չեմպիոնի գոտին է, նաեւ Լոս Անջելես-2028-ը

09:07   13 հուլիսի, 2025

Ինձ համար շատ կարեւոր էր հաղթել Ստամբուլում: Մենամարտս հետեւելու էին եկել  նաեւ  թուրքեր: Հաղթանակից հետո շատերը մոտեցան շնորհավորեցին: Նպատակս աշխարհի չեմպիոնի գոտին է, բայց այս պահին նաեւ մեկ այլ նպատակ ունեմ՝ Լոս Անջելես-2028-ը: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասավ 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:

Հովհաննես, շնորհավորում եմ հերթական հաղթանակի եւ չեմպիոնական գոտի նվաճելու կապակցությամբ: Ամփոփիր 8-րդ հաղթանակդ պրոֆեսիոնալ ռինգում:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Հաղթեցի 9-րդ ռաունդում: Իհարկե, ցանկություն կար ավելի շուտ նոկաուտի ենթարկել: Պահը հասունացավ 9-րդ ռաունդում: Շատ ուրախացա այս հաղթանակի համար: Կարեւոր էր, որովհետեւ Ստամբուլում էր, WBA վարկածով լավագույն 15-ի մեջ էի, այժմ ավելի բարձրացա: Սա ինձ հնարավորություն կտա ավելի շուտ աշխարհի չեմպիոնի գոտու համար հայտ ներկայացնել: Շատ ուրախացա, որ նաեւ կարողացա WBA Continental  գոտին պաշտպանել եւ IBA Pro-ն ավելացնել:

Սպասո՞ւմ էիր նոկաուտով հաղթանակի, թե՞ համակերպվել էիր, որ մինչեւ 10-րդ ռաունդ կպայքարես:

Երբ ռինգ եմ մտնում, միշտ այնպես եմ պատրաստվում, որ մինչեւ վերջ գնամ: Գիտեի, որ գուցե նոկաուտ անելու պահ ունենամ, բայց եթե չլիներ, պատրաստ էի մինչեւ վերջ պայքարել: Մրցակիցս 4 անգամ կռվել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իմ քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոնին է պարտվել: Ուսումասիրել էի նրան, գիտեի, որ այդ բոլոր մենամարտերում մինչեւ վերջին ռաունդը պայքարել է, ինչը նշանակում է՝ պինդ տղա է: Իրեն նոկաուտով չէին հաղթել: Ենթադրում էի, որ ինձ հետ էլ կարող է այդպես լինի, այդ պատճառով պատրաստվել էի երկար ռաունդների:

Իրականում մրցակիցս պետք է լիներ ուզբեկ Շոհջահոն Էրգաշեւը, որը պրոֆեսիոնալ ռինգում ուներ 25 հաղթանակ, 22-ը նոկաուտով: Սկզբում պատրաստվել էի նրա հետ պայքարին, բայց մենամարտից 10 օր առաջ ուզբեկ բռնցքամարտիկը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ վնասվածք է ստացել: Փոխարինեց հարավաֆրիկացին, որը վարկանիշով ավելի բարձր է: Նրա հետ մենամարտն ինձ ավելի մոտեցրեց աշխարհի չեմպիոնական գոտու համար հայտին: Իհարկե, ամեն ինչ կախված է նաեւ պրոմոութերական կազմակերպության աշխատանքից:

Ունե՞ս պայմանագիր որեւէ պրոմոութերական կազմակերպության հետ:

Ես աշխատում եմ պրոմոութերների հետ, բայց այս պահին պայմանագիր չունեմ: Աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք ինձ հետ են եղել պրոֆեսիոնալ ռինգում իմ առաջին քայլերից: Նրանք են ինձ մենամարտեր առաջարկում, զբաղվում իմ պրոֆեսիոնալ կարիերայով: Իմ ցանկությունն է դեռ այսպես աշխատել: Տարբեր տեղերից պայմանագրերի առաջարկներ ունեմ: Հնարավոր է՝ մոտ ապագայում ունենամ պայմանագիր: Առայժմ դժգոհ չեմ այս կարգավիճակից, որովհետեւ այնպիսի մարդկանց հետ եմ աշխատում, որ գուցե առանց պայմանագրի էլ կարողանամ աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտեմ:

Վերադառնանք մենամարտիդ. սա քո երկրորդ մենամարտն էր երկու տարվա դադարից եւ ձեռքերիդ վիրահատությունից հետո:  Ինչպե՞ս էիր քեզ զգում ռինգում:

Ռինգում ինձ շատ ավելի լավ էի զգում, քան դադարից հետո առաջին մենամարտում: Եթե չլիներ նոկաուտը, միաձայն բոլոր ռաունդներում հաղթում էի: Մրցակիցս շատ խորամանկ էր: 33 մենամարտ էր ունեցել եւ հանդիպել էր աշխարհի ուժեղագույններին: Նա մտածում էր, որ եթե ես երեք ռաունդ դիմանամ, ինձ կխփի, բայց թերագնահատեց իմ ուժերը:

Ստամբուլում էիր մենամարտում: Ինչպիսի՞ մթնոլորտ էր դահլիճում, կա՞ր լարվածություն, որ Թուրքիայում ես: 

Հաղթանակն ինձ համար մի քանի պատճառներով էր շատ կարեւոր: Այն, որ Ստամբուլում էր, շատ պատասխանատու էր: Որեւէ կերպ չեմ զգացել, որ Թուրքիայում էի, քանի որ մրցաշարը կազմակերպել էր IBA-ն: Չկար որեւէ թուրքական կողմի միջամտություն, որից ճնշում ստանայի: Ամեն ինչ հոգում էր IBA-ն: Դահլիճում կային թուրքեր, որոնք ինձ էին երկրպագում: Շատերը եկել էին մենամարտս նայելու եւ ինձ երկրպագելու: Թուրքիայում մի քանի մրցաշարերի եմ մասնակցել՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի, Եվրոպայի առաջնության: Ճիշտ է, մեդալով եմ վերադարձել, բայց այնտեղ չեմպիոն չեմ կարողացել դառնալ: Մի դեպքում պարտվել եմ, մյուս դեպքում՝ կանգնեցրել են եւ թույլ չեն տվել մինչեւ վերջ մենամարտեմ: Այդ պատճառով էլ էի շատ ուզում հաղթել, որ նախկինում չեմպիոն չեմ դարձել Թուրքիայում: Այս անգամ պետք է ամեն ինչ անեի, որ հաղթեի ու զգայի, որ Թուրքիայից հաղթանակով եմ եկել:

Ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանից:

Շատ մեծ արձանանքներ եմ ունեցել, բազմաթիվ շնորհավորանքներ: Այսպիսի արձագանքներ եղել էին Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, երբ բրոնզե մեդալակիր դարձա: Շատերը կարծում էին, որ երկու տարվա դադարից հետո կհեռանամ բռնցքամարտից: Շատերը մոռացան ինձ, նույնիսկ ամենահարազատ մարդկանցից մի քանիսին թվաց, թե վերջ, Բաչկովը «վերջացավ»: Բոլորն այնքան էին հավատացել իմ «վերջանալուն», որ մի պահ ես էլ էի այդպես կարծում: Մի օր պապայիս հետ զրույցում ասացի՝ «Տղեդ վերջ, երեւի սա վերջն է»: Շատ ծանր տարավ, ասաց՝ «Իմ տղեն չի «վերջացել», իմ տղուն «դրել ենք զարյադկի» (ծիծաղում է): Այդ խոսքերը այնպես ազդեցին, խոստացա, որ անպայման հետ կվերադառնանք ու չենք հիշի այն մարդկանց, որոնք ուրիշ նպատակներ են ունեցել ինձ հետ:

Հայրիկիդ խոսքերը ստիպեցի՞ն՝ վերադառնալ, թե՞ ինքդ քեզ ապացուցելու բան ունեիր: 

Ինքս ինձ շատ բան ունեի ապացուցելու: Այդ ընթացքում չտեսա այն մարդկանց, որոնք միշտ ամպագոռգոռ խոսքեր էին ասում ինձ՝ իմ մասին: Պարզվում է՝ նրանք նյութականին են նայել իմ կողքը գտնվելով: Նրանց թվաց, որ վնասվածքից հետո ես իրենց այլեւս պետք չեմ: Այդպես մի քանիսը հեռացան իմ կողքից: Հետաքրքիր է, որ մարդկանց, ում համարում ես ամենահարազատը, պարզվում է նյութական շահ են հետապնդել, ինձանից օգտվել են: Հիմա նրանք են ուզում հետ գալ, բայց ճանապարհները փակ են: Վնասվածքս ինձ կյանքի մեծ փորձ տվեց. սպորտային առումով կորուստ ունեցա, բայց կյանքում շատ բաներ ձեռք բերեցի:

Թուրքիայում կողքիդ էր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

Ինձ համար էլ էր անակնկալ, որ նա եկել էր իմ մենամարտին: Թուրքիայում պատահական նրան հանդիպեցի: Ասաց, որ եկել է հատուկ իմ մենամարտը դիտելու եւ ինձ աջակցելու, կողքիս լինելու: Հովհաննես Հովսեփյանի հետ զրույց ունեցանք: Շատ հարցեր կային քննարկելու ֆեդերացիայի հետ կապված: Եկանք ընդհանուր հայտարարի եւ որոշեցինք, որ ամեն ինչ պետք է ծառայի հայկական բռնցքամարտին, այլ ոչ իր կամ իմ անձնական շահերին: Պետք է բոլորս այնպես անենք, որ հայկական բռնցքամարտը բարձրանա: Բաժանումներ չպետք է լինի, ինչը կար մեր բռնցքամարտում:

Զրույցի արդյունքն ինչպիսի՞ն էր կպայքարե՞ս Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Այդ հարցն ինձ ուղղեց նաեւ ֆեդերացիայի նախագահը: Ներկա պահին պատասխանս «այո» է: Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեմ, բայց թե ինչ կլինի երեք տարի հետո, չեմ կարող ասել: Այդ որոշումը զրույցի արդյունքում չեմ կայացրել: Օլիմպիական խաղերը, օլիմպիական ոսկե մեդալը միշտ եղել է իմ մեծ նպատակներից մեկը եւ երբեք չի փոխվել: Սիրողական կարիերայումս աշխարհի առաջնության ոսկե մեդալի եւ օլիմպիական ոսկե մեդալի բացը կա: Եթե կարողանամ պրոֆեսիոնալ կարիերայիս հետ ամենը հասցնել, այդ երկու ոսկե մեդալներն էլ անպայման կլինեն: Իմ մասին որեւէ մեկի հայտարարությանը պետք չի ականջ դնել, եթե ես անձամբ այդ մասին չեմ ասել: Այս պահին ասում եմ, որ պայքարելու եմ օլիմպիական ուղեգրի համար:

Ստամբուլում տարած հաղթանակիդ կապակցությամբ շքեղ ավտոմեքենա նվեր ստացար: Ո՞ւմ կողմից էր: 

Այդ մեծ անակնկալն ինձ արեց ընկերս՝ Վահրամ Ստեփանյանը: Նա Դուբայի «Golden Boxing» ակումբի հիմնադիրն է: Իրականում շատ համեստ տղա է, բարերար է: Այնքան բարեգործություններ է արել Հայաստանի համար, պատերազմի օրերին է մեծ օգնություն ցուցաբերել, բայց երբեք այդ մասին չի խոսում, չի հայտարարում: Ես մարզվում եմ նրա ակումբում, ինձ պես շատ հայեր են նրա մոտ մարզվում անվճար: Մեծ աջակցություն է ցուցաբերում հայերին: Շատ ազգասեր է, համեստ իր գործերում, բայց շռայլ հայերի ու Հայաստանի համար:

Ստամբուլ չէր եկել, բայց իմ նախորդ բոլոր մենամարտերին ներկա է եղել: Ավտոմեքենան անակնկալ էր, չէի սպասում: Ուրախ եմ, որ իմ կարիերայում եւ կյանքում այսպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնք ամեն ինչով փորձում են աջակցել հայկական սպորտին: Խոսքը ավտոմեքենայի մասին չի (ծիծաղում է). այն որ Վահրամի նման տղերքը ամեն ինչ անում են, որ մարզիկները մտածեն միայն իրենց մարզումների եւ երկրին հաղթանակներ պարգեւելու մասին: Շատ շնորհակալ եմ նրան, նաեւ՝ Դանիելին, որոնք իմ կողքին են, ինձ աջակցում են եւ հավատում: Ես էլ նրանց պես հավատում եմ, որ միասին պրոֆեսիոնալ ռինգում կհաղթահարենք բոլոր դժվարությունները եւ կհասնենք մեր գլխավոր նպատակին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.