Հայկական վոլեյբոլում ամեն տարի տղաների լավ զույգեր ենք ունենում, բայց բանակը, երկրից հեռանալը խանգարում են նրանց մարզական կարիերային: Ամեն տարի սպասում ենք լավ արդյունքի, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է: Աղջիկների պարագայում էլ խաղային փորձն է պակասում. պատճառը ֆեդերացիայի փոքր բյուջեն է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց թիմերը ավարտեցին պայքարը լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի Մ20 եւ Մ18 ընտրական առաջնություններում: Երկու թիմերն էլ երկու առաջնություններում անհաջող են մասնակցել:
Եվրոպայի առաջնություններից առաջ վոկեյբոլիստները Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի ակադեմիայում մեկ ամիս շարունակ պայքարել էին լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում չեմպիոն էր դարձել «Երեւան» թիմը, կանանց պայքարում՝ Մ18 հավաքական կանանց թիմերը:
Առաջնության հաղթող թիմերը իրավունք են ձեռք բերել մասնակցել Եվրոպայի 2025 թ. լողափնյա վոլեյբոլի ակումբային առաջնությանը, որին Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու:
Պարոն Ասմարյան, լողափնյա վոլեյբոլի կանանց եւ տղամարդկանց թիմերն այս օրերին մասնակցում էին Եվրոպայի Մ18 եւ Մ20 առաջնություններին: Ի՞նչ արդյունքներ են գրանցել:
Մեր թիմերը հուլիսի 2-ին ավարտեցին պայքարը Եվրոպայի Մ20 եւ Մ18 ընտրական առաջնություններում: Մինչեւ 20 տարեկանների առաջնությունն անցկացվում էր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Աղջիկների թիմի կազմում էին Ելիզավետա Տոնոյանը եւ Ամալյա Կարապետյանը, որոնք զբաղեցրել են 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում մեր թիմում հանդես եկան Ալեն Ալեքսանյանը եւ Ֆիրդուս Կեսոյանը: Տղաները գրավել են 10-րդ տեղը: Հունիսի 30-ից հուլիսի 3-ը մեր թիմերը մասնակցեցին Մ18 առաջնությանը, որն անցկացվեց Լատվիայի Ցեսիս քաղաքում: Այստեղ էլ անհաջող խաղեր ունեցանք: Երկու թիմերն էլ գրավեցին 13-րդ տեղը. ենթախմբերում բոլոր խաղերը պարտվեցին:
Արդյունքները սպասվածից վատ են: Ավելի մեծ ակնկալիք ունեինք, բայց թիմերի զբաղվածությունը, երեւի, թույլ չտվեց լիարժեք պատրաստվել այս մրցաշարերին:
Մեր վոլեյբոլիստները տարիքով փոքր են՝ 16 տարեկան: Մենք նրանց ուղարկել էինք փորձ ձեռք բերելու: Ափսոսում եմ, որ Մ18 առաջնությունում հաղթանակ չունեցանք:
Նշեցիք, որ հավաքական թիմերի անդամները տարիքով փոքր են: Ինչպիսի՞ն է նրանց մրցունակությունը, ի՞նչ հեռանկարներ ունեն:
Թիմերը նոր են: Տղաների շատ լավ զույգ ունենք. բարձրահասակ, լավ պատրաստված վոլեյբոլիստներ են:
Եվրոպայի Մ20 առաջնությունը ընտրական փուլ էր: Խաղում էինք առաջին մրցափուլում: Պարտվել ենք, բայց անցել ենք առաջին մրցափուլի եզրափակիչ: Այստեղ պետք է խաղանք արդեն որակավորման փուլ: Մեզ համար Լիտվայի մրցաշարը ավելի շատ նախապատրաստական շրջան էր, որպեսզի թիմերը տոնուսի մեջ լինեն: Եզրափակիչ փուլից սպասելիքներն ավելի բարձր են:
Ունենք լավ երիտասարդներ, ամեն տարի տղաների լավ զույգեր ունենում ենք, բայց բանակի խնդիրը, երկրից հեռանալը թույլ չեն տալիս հեռանկարների մասին մտածել: Ամեն տարի սպասում ենք լավ արդյունքի, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է:
Վերջին երկու տարիներում գործում է մեր ակադեմիան, որը նպաստում է մարզումներն ավելի հեշտ կազմակերպմանը: Մարզումներ կազմակերպելն այլեւս մեզանից այդքան էլ մեծ ֆինանսներ չի պահանջում: Հույս ունենք, որ մոտ ապագայում ավելի բարձր արդյունքներ կունենանք:
Հուլիսին Հայաստանում կանցկացվի Եվրոպայի Մ16 առաջնություն, որը լինելու է եզրափակիչ փուլ: Մեր թիմերն այժմ կպատրասվեն Երեւանի առաջնությանը, որից հետո հանդես կգան Մ20 եւ Մ18 առաջնությունների ընտրական փուլի եզրափակիչներին: Այստեղ արդեն ակնկալիքներ ունենք, փորձելու ենք որակավորման փուլն անցնենք:
Աղջիկների մասին ի՞նչ կասեք:
Աղջիկների լավ զույգ ունենք, բայց նրանց պակասում է փորձը: Պետք է շատ խաղային փորձ ունենան: Շատ քիչ ենք խաղում: Մյուս երկրների համեմատ մեր փորձը պակաս է: Այս ամենը կապված է ֆեդերացիայի ֆինանսավորման հետ, որը շատ քիչ է:
Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին մասնակցելու համար ունեցանք առանձին ֆինանսավորում, որը մեզ հնարավորություն տվեց լողափնյա վոլեյբոլիստներին բոլոր մրցումներին ուղարկել: Սա շանս էր, որ կարողանանք դրսում ավելի շատ մասնակցենք:
Որքա՞ն է ֆեդերացիայի տարեկան բյուջեն:
Շատ քիչ է՝ 14 միլիոն դրամ երեք մարզաձեւի համար: Մեր, միջոցներով, միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ, ծրագրերով փորձում ենք հոգալ ծախսերը, բայց վոլեյբոլը շատ մեծ գումարներ է պահանջում:
Շնորհակալ ենք, որ Մ20 եւ Մ18 առաջնությունների համար առանձին ֆինանսավորում ստացանք:
Երեւանում անցկացվելիք Եվրոպայի Մ16 առաջնության համար ահռելի գործ ենք անում: Մեծ մասշտաբի մրցաշար է լինելու, ահռելի ծախսերով: Այդ գումարների կեսը մեր միջոցներով ենք հայթայթել, մի մասն էլ Կառավարությունն է ֆինանսավորել: Միայն ռետինե մարզահատակի մեկ հատը մինչեւ 70 հազար ԱՄՆ դոլար է: Կարողացել ենք դրսի ծրագրերի միջոցով բերել: Այդպիսի երկու դաշտ ենք ունենալու:
Աշխատում ենք, փորձում ենք, որ լավ լինի, մարզաձեւը զարգանա, արդյունքները բարելավել. չենք կանգնում մի տեղում: Կփորձենք շարունակաբար խոշոր մրցաշարեր բերել Հայաստան, հատկապես, որ ակադեմիան արդեն տալիս է այդ հնարավորությունը: Շուտով մեր ակադեմիան կունենա 4 կորտ եւ ավելի մեծ մրցաշարեր կարող ենք այնտեղ հյուրընկալել:
Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, հայ վոլեյբոլիստների արդյունքներում աճ գրանցու՞մ եք:
Փոփոխական է: Ունեցել ենք լավ թիմեր, բայց կայուն խաղացողներ չեն: Աղջիկների պարագայում ամուսնանում են, երեխաներ ունենում եւ հեռանում սպորտից: Տղաներն անընդհատ փոփոխվում են բանակային տարիքով պայմանավորված:
Տղաների մոտ աճ կա: Որակյալ խաղ են ցուցադրում: Օրինակ՝ նախորդ ամիս անցկացված լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչը շատ հետաքրքիր էր. կարելի է համեմատել բարձրակարգ լողափնյա վոլեյբոլի հետ: Աղջիկները մի քիչ ցածրահասակ են, այս դեպքում դժվար է նրանց արագ բերել լավ մարզավիճակի: Հավաքականի նոր գլխավոր մարզիչ ունենք, որը լավ մասնագետ է: Հույս ունենք, որ նրա աշխատանքի շնորհիվ տղաների թիմը 1-2 տարի հետո մեզ կուրախացնի լավ արդյունքներով, եթե, իհարկե, բանակ չտանեն:
Այդքան գումար ենք ծախսում, աշխատում նրանց հետ, գնում են բանակ, գալիս ու էլ սպորտ չեն վերադառնում: ԲԿՄԱ-ի համար այնպիսի պահանջներ ու չափանիշներ են դրված, որ ֆանտաստիկայի ժանրից է. առնվազն այս Եվրոպայի առաջնություններում պետք է չեմպիոն դառնանք, ինչը ֆիզիկապես հնարավոր չի: Անհնար է Լեհաստանին, Ուկրաինային հաղթել: Այսօր այս երկրներն աշխարհում ուժեղագույնն են վոլեյբոլում: Գուցե օրենքը փոփոխվի, պահանջներն ավելի մեղմացվեն, որ մեր տղաները «չկորեն»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի